Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Մղարթում ձախողվեց Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման երկրաբանական 2-րդ հայտի քննարկումը



Այսօր Մղարթ գյուղում կրկին ձախողվեց «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի –բազմամետաղային հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկումը: Մղարթցիները և արդվեցիները «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների առաջ փակեցին Մղարթ գյուղ մտնող ճանապարհը, ապա վարչական ներկայացուցչի նստավայրի շենքի դուռը և թույլ չտվեցին նրանց իրականացնել հանրային քննարկումը:

«Հեռացեք»,- «Միռամ»-ի ներկայացուցիչներից  պահանջում էին Մղարթի, Արդվիի, հարևան Այգեհատ ու Արևածագ գյուղերի գյուղացիներն ու նրանց երեխաները: Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը հենց Մղարթի վարչական ներկայացուցչության շենքում կազմեց արձանագրություն հանրային քննարկումը կայացած չլինելու մասին: Ա. Տիտանյանն իր արձանագրությամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին հայտնեց. «Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Այգեհատ, Արևածագ բնակավայրերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին 2-րդ հայտի քննարկման անցկացում: Սույն թվականի  դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկումը չկայացավ»: Գյուղացիները համայնքի ղեկավարի արձանագրությունը ընդունեցին ծափահարություններով:

Հիշեցնենք, որ «Միռամ» ՍՊԸ-ի 1-ին հայտի քննարկումը հուլիսի 26-ին ձախողեցին արդվեցիները: Նրանք նույնպես գյուղի մուտքի մոտ փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին նրանց մտնել Արդվի: Հոկտեմբերի 4-ին 460 բնակիչ ունեցող Մղարթի վարչական ներկայացուցիչ Երվանդ Նավասարդյանը իր  15 համախոհների հետ 2-րդ հայտը քննարկելուց հետո համաձայնություն էր տվել «Միռամ» ՍՊԸ-ին՝ Մղարթի 54 հա արոտավայրերի տարածքում ոսկի որոնելու: Երվանդ Նավասարդյանն այդ թույլտվության շարժառիթները հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Ասացին` Ձեր ջրի հարցը կլուծենք, նույնիսկ կառավարությունից փող ենք բերել: Ասացին` էդ փողից Արդվուն չենք տալիս, միայն Ձեզ ենք տալիս էդ փողը: Մարդիկ գյուղի ջրի հարցը լուծելու համար համաձայնեցին»: Երվանդ Նավասարդյանն այսօր փորձեց հավաքված գյուղացիների համաձայնությունը ստանալ` «Միռամի» ներկայացուցիչներին լսելու: Սակայն նրա  առաջարկը գյուղացիներն ընդունեցին սուլոցներով: Այդ պահին իրավիճակը կարող էր կռվի վերածվել, սակայն վրա հասած Թումանյանի ոստիկանության բաժնի ոստիկանները հանդարտեցրին գյուղացիներին:

Գյուղացիներին աջակցելու համար մայրաքաղաքից Մղարթ էին ժամանել  բնապահպաններ Լևոն Գալստյանը, Հակոբ Սանասարյանը, Սեյրան Մինասյանը, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, բնապահպանական ակտիվիստներ և բազմաթիվ լրագրողներ: «Մենք եկել ենք  ոչ թե լսումներին մասնակցելու, եկել ենք էն գյուղացիների կողքին կանգնենք, ովքեր ընդհանրապես դեմ են հանքային գործունեությանը էս տարածքում: Մենք համոզված ենք` քանի որ արդվեցիները հաստատակամ են, մենք իրենց աջակցելու համար ենք եկել»,- ասաց Լևոն Գալստյանը:

«Եթե ասում են ոսկու հանք, մենք պետք է հասկանանք բազմամետաղներ: Բազմամետաղների հատկությունը գիտության մեջ ուսումնասիրված է, դրանք շրջակա միջավայրում լինելով՝ էդ հողն ու ջուրը դարձնում են ծանր մետաղներով վարակված: Ծանր մետաղները մարդկանց պարգևում են չբերություն, մեռելածնություն, հրեշածնություն, քաղցկեղ և բազմապիսի այլ հիվանդություններ: Հանքը բացելու դեպքում այստեղ 10, 20, 30 տարի հետո մարդիկ այլևս չպետք է ապրեն»,- բացատրեց «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ  Հակոբ Սանասարյանը:

«Ուզում եմ ասել, որ սրանք ոչ թե ժողովրդի համար մտածում են, այլ ժողովրդի հերը անիծում են: Իմացա՞ր: Արա, մի երկու ապրանք կա գեղըմը, էդ 2 ապրանքով են ապրում  գեղըմն, է՜: Էդ էլ ուզում եք վերացնեք»,- «Միռամի» ներկայացուցիչներին դիմեց մղարթցի Գառնիկ Խաչատրյանը: «Գաղտնի ճանապարհով եկաք, պարզ ճանապարհով գնացեք»,- անցանկալի հյուրերին առաջարկեց մղարթցի 83–ամյա Վանիկ Մեհրաբյանը: «Մենք ուզում ենք մեր գյուղերում տուրիզմ զարգացնենք, մեզ հանքարդյունաբերություն պետք չէ, չենք ուզում, հեռացեք»,- ասաց արդվեցի Սուրեն Կիրակոսյանը:

«Սաղ ազգին նպաստառու շինեք, մալադեց»,- փորձեց գյուղացիներին հակադարձել «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից մեկը, որը հրաժարվեց հայտնել իր անունը: «Թե սովից մեռած, թե ռակից»,- ռեպլիկ արեց մեկ ուրիշ միռամցի:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի գլխավոր մասնագետ  Կարինե Մովսիսյանը գյուղացիներին բացատրեց իր` Մղարթ գալու առաքելությունը. «Սա մի գործընթաց է, որն իրականացվում է փորձաքննական գործընթացի շրջանակում: Հարցն այն է, որ գործընթացը վերջնական եզրահանգման գալու համար պետք է անցկացվի հանրային քննարկում: Եթե չեք ուզում, չուզելն էլ հանրային քննարկում է: Բոլորը դեմ են, մենք լիազոր մարմնին կներկայացնենք իրավիճակը: Կհայտնենք, որ ազդակիր համայնքերը դեմ են: Վերջնական որոշումը լիազոր մարմինն է ներկայացնում»,- ասաց նա

Երկրաբան Մանվել Հարությունյանն էլ ասաց, որ Մղարթ է եկել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի –բազմամետաղային հանքերևակման  երկրաբանական ծրագիրը ներկայացնելու. «Իսկ դուք ինչու եք մտածում, որ հանրապետությունում միայն Չինաստանից ու Թուրքիայից փալաս-փուլուսներ բերեն ու արդյունաբերություն զարգացնեն` առանց աշխատատեղեր ստեղծելու, հա՞: Դուք էտենց եք մտածում: Եթե չեք բացում հանքերևակները, թող ժողովուրդը սոված մնա»,- ասաց նա: Երկրաբան Մանվել Հարությունյանի խոսքը  գյուղացիների ուշադրությանը չարժանացավ:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով` հանքարդյունաբերական ընկերություններում աշխատող շատ մարդիկ  այսօր Հայաստանում շատ վատ են ապրում:  Այդ համայնքներում աղքատությունը խորանում է: Աղքատ լինել` չի նշանակում միայն գումար չունենալ: Աղքատ են նաև այն մարդիկ, ովքեր ապրում են աղտոտված շրջակա միջավայրում, չունեն  ջուր կամ խմում են կեղտոտ ջուր, զրկված են ոռոգման ջրից և այլն: Եթե հանքը բացվի, պատմությունը կրկնվելու է նաև այստեղ»,- բացատրեց պատգամավորը: Լենա Նազարյանը վճռական էր տրամադրված  գյուղացիների շահերը պաշտպանելու հարցում:

«Շեկաղբյուր ոսկի-բազմամետաղային հանքը գյուղացիներին կտա միայն շրջակա միջավայրի ավերում, թող գնան նայեն Ախթալայի ձորի վիճակը: Ես շատ ուրախ եմ, որ գյուղացիները համախմբված պայքարում են: Եթե պետք է խրամատ փորել, ես իրենց հետ կլինեմ: Ես ուզում եմ վերլուծել «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացրած  ողորմելի ՇՄԱԳ-ը: Մարդիկ նույնիսկ չգիտեն Հայաստանում ընդունված աղտոտվածության սահմանային թույլատրելի նորմերը: ՇՄԱԳ-ի մեջ անկապ թվեր են գրված: Էլ չեմ ասում, որ այն բացարձակապես առողջ տրամաբանության հետ կապ չունի: Այստեղ մարդու վրա ազդեցության մասին ոչինչ չկա գրված, իսկ մարդու վրա ազդեցությունն այսօր աշխարհում ամենաշատն է կարևորվում»,-բացատրեց  քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը:

Գյուղացիները և բնապահպանները երկժամյա համառ պայքարից հետո հաղթանակած հեռացան Մղարթից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (6)
1. Լոռեցի21:42 - 1 դեկտեմբերի, 2017
Կե՜ցցեն լոռեցիները, հատկապես հարգարժան Վանիկ պապը, ով լրիվ իմաստովորել է իր ապրած տարիները: Իսկ «միռամը» ակամա բացահահայտել է իր հրեշավոր դեմքը՝ «Թե սովից մեռած, թե ռակից»,- ռեպլիկ արեց մեկ ուրիշ միռամցի»: Այսինքն, ինչքան շուտ կոտորվեք վերջանաք, այնքան իրենց համար լավ, անտեր հողերը անարգել կքանդեն! Ուրիշ ինչ մտածենք այս խոսքերի վրա, այ ժողովուրդ? Մի քանի խակ ջահելներ էլ հավատում են էս ազգադավների սուտ խոստումներին, որ իրենց համար ջուր կբերեն: Իսկ դոդոն ինչու չբերեց? Ինչ ջուր, ձեռքներին հնար լինի, ամբողջ գյուղը կվառեն կթափեն ...
2. Նելսոն 22:39 - 1 դեկտեմբերի, 2017
Բա էդ գարդասիլի ու գենետիկական մուտացիաների դեմ ինչի ժողովրդին ոտքի չեք հանում ,թե դրա գրանտները արդեն կերելեք ,որ հատուկ էդ ժողովրդին ամբոխի վերածեք ։
3. Արդվեցի23:39 - 1 դեկտեմբերի, 2017
Նախ ժողովրդին ոչ ոք ոտքի չի հանել, երկրորդ մարդիք պայքարում են հենց մաքուր սնունդ ստանաու համար, ու քանի մեր ազգը չի հասկացել որ ինքն է իր տերը ու իրեն ոտքի հանել պետք չէ մենք չենք հասնի ոչնչի: ուշկի եկեք ազգ, ուշքի եկեք ժողովուրդ, այպես շարունակվել չի կաչող...
4. Զարուհի00:01 - 2 դեկտեմբերի, 2017
Նելսոն,բա դուք ինչով էք զբաղվում?հը? մարդիկ մյուս հանքերի օրինակով վերջապես գիտակցել են ,որ իրենց թալանում են,հետն էլ թունավորում,ու սեփական գյուղերից քշում,ու գիտակցաբար դիմադրում են..թե ձեզ դուր են գալիս հեզ ու հնազանդ,խեղճ ու անպաշտպան գյուղացիները,որ պետությունը ու օլիգարխները ոնց ուզում կեղեքում են ու թալանում են...որ իրենք անզորությունից փախնում են թշնամական ռուսաստանի տափաստանները,ու մի սերունդ հետո ուծանում...դե դուք էլ պայքարեք ինչի դեմ ուզում եք ,ինչի էք ուրիշի վրա հույս դրել...
5. Մղարթեցիներին՝20:12 - 2 դեկտեմբերի, 2017
Մղարթեցիների գլխին պատուհաս է դարձել Ծառուկյանի այդ հանքը: Նրանց ջրերը ցամաքել են, տները խարխլվել, հողի կորուստն ու աղտոտումն էլ մի կողմից: Չէ որ սրանք ուղղակի վնասներ են իրենց հասցված, որը տնտեսվարողի պատասխանատվություն տակ են: Հիմա հայտնի չէ, այդ հանքն ինչ կամ ինչքան է արդյունահանում: Ըստ որոշ դիտարկումների, այն բոլորովին չի արդարացրել նախնական սպասելիքներն ու առասպելները, պարզ ասած՝ փուչ է դուրս եկել: Այսինքն գործ ունենք ագահ ու անգետ ավանտյուրիստների հետ, ինչպիսին եւ «միռամն» է երեւում: Պետք է մղարթեցիներին իրավաբանորեն օգնել, որպիսզի դատական գրագետ հայց առաջադրեն իրենց վնասները փոխհատուցելու պահանջով: Իհարկե, հայոց դատարանը շլով-թփով է տալու, սակայն հիմա եվրո ընկերության պարտավորություններ են ընդունել, պարտավոր են խելամիտ պատասխան տալ: Կմերժեն - մեղքն իրենց վիզը, կարելի քշել մինչեւ մարդու իրավունքների միջազգային դատարան: Միաժամանակ ինքնագործ - դուրսպրծուկ «միռամներին» ու նրանց տերերին դաս կլինի, որ նախ մի քիչ մտածեն, հետո թաթները մեկնեն: Սա պետք է հասցնել մղարթեցիներին:
6. Համիկ22:59 - 2 դեկտեմբերի, 2017
Հանքարդյունաբերությունը շատ երկրների համար զարգացման խթան է հանդիսացել,սակայն այդ երկրներում կատարվել է այսպես ասած գրագետ շահագործում:Հայաստանում կատարվում է հետևյալ կերպ՝ նախ նախօրոք ստացած կազմակերպությունը գալիս է ազդակիր համայնք և ժողովրդին խոստանում ոսկե սարեր,հետո վերեվներին տալիս է համապատասխան գումար,որ թողնեն աշխատի,գալիս է հարկեր տալու ժամանակը և սկսում է խուսափել հարկերից,կամաց-կամաց ազատում է աշխատանքից տեղացիներին,չի պահպանում շահագործման որևէ կանոն,որովհետև վերահսկողին լաաավ և այսպես շարունակ,այդ իսկ պատճառով ունենք Շամլուղի,Ախթալայի,Թեղուտի,Շնողի և Ալավերդու նման հետ զարգացող,հիվանդ ու թունավոր բնակավայրեր
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ