HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ոչ իրավաչափ ակտերի քանակը կրճատելու համար առաջարկում են տուգանել պաշտոնատար անձանց

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, ըստ որի՝ վարչական պատասխանատվության ենթակա է այն մարմինը (պաշտոնատար անձը), ով ոչ իրավաչափ վարչարարությամբ վնաս է հասցրել անձին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելով` ՀՅԴ-ն ցանկանում է տուգանք սահմանել պաշտոնատար անձի նկատմամբ՝ ոչ իրավաչափ վարչարարություն իրականացնելու համար: Տուգանքի չափը սահմանվել է 50,000 դրամ: Իսկ եթե վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին իրականացվի ոչ իրավաչափ վարչարարություն, ապա կառաջացնի տուգանքի նշանակում 100,000 դրամի չափով։ Մեկ տարվա ընթացքում երրորդ և ավելի անգամ կատարելու դեպքում՝ 300,000 դրամի չափով:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի վնասի հատուցման հետադարձ պահանջ ներկայացնել ոչ իրավաչափ վարչարարություն իրականացրած մարմնին (պաշտոնատար անձին)։

Ըստ ՀՅԴ-ի՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը և արդիականությունը պայմանավորված են նրանով, որ այսօր ոչ իրավաչափ վարչարարության զոհ է դարձել գրեթե յուրաքանչյուր քաղաքացի, հատկապես` վարորդները: Անարդար և սխալ վարչական ակտերի քանակն ահռելի է, որը փաստում է վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը։ Քաղաքացիների մեծ մասը սակավ ժամանակի և նյութական միջոցների պատճառով չեն բողոքարկում ոչ իրավաչափ՝ սխալ կազմված վարչական ակտերը և կրում են նյութական կորուստներ։ Պաշտպանված չէ քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը։

Խմբակցության պատգամավորները համոզված են, որ շատ հաճախ, երբ վարչական մարմնի կողմից ընդունվում է ոչ իրավաչափ վարչական ակտ, ակտի հասցեատերը բավարարվում է այն բողոքարկելով և ակտի անվավերության փաստը հաստատելով: Սակայն, մինչ ակտի ոչ իրավաչափության փաստի հաստատումը և նույնիսկ ոչ իրավաչափ ակտի ընդունման փաստով, ակտի հասցեատերը կրում է վնասներ, որոնք ենթակա են հատուցման օրենքով սահմանված կարգով:

Բացի այդ, ոչ իրավաչափ վարչարարության, օրենքով նախատեսված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի hանրապետությունը կամ համապատասխան համայնքը՝ կախված այն հանգամանքից, թե որ վարչական մարմինն է ընդունել ոչ իրավաչափ վարչական ակտը: Ըստ դրա էլ վնասի հատուցումը կատարվում է պետական բյուջեի կամ համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին, իսկ ոչ իրավաչափ ակտ կազմող անձը դրամական տույժի չի ենթարկվում:

Պատգամավորները համոզված են, որ միայն իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու դեպքում է հնարավոր կրճատել ոչ իրավաչափ ակտերի քանակը:

Նախագծի հեղինակները համոզված են, որ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն է ընձեռում պաշտպանել քաղաքացիների` Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և զսպող օղակ է վարչական տույժ նշանակող մարմնի (պաշտոնատար անձի) նկատմամբ: 

Մեկնաբանություններ (1)

Խաչատուր
Պաշտոնատար անձի կողմից ոչ իրավաչափ վարչարարություն իրականացնելու համար պատասխանատվությունը պետք է ավելի խիստ լինի,ինչ է նշանկում 50 հազար..... չե որ միգուցե ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում կարող է նարդը անտուն է մնացել կամ կորցրել է իր եկամուտի միակ ախպյուրը,պետ է նախ տարանջատեն և իմ նշված դեպեքերի և ըդհանրապես ծանր դեպքերի դեպքում սահմանվի առաջին անգամ բարձր գումար,ասենք 500000 դրամ և եթե սեղմ ժամկետում ասենք երկու ամսում չուղղի իր գոծողությունների արդյունքում պատճառված վնասի հետևանքը ապա պետք է ազատազրկվի մեկից երեք տարի ժամկետով,այ որ նման օրենք ընդունվի տեսնենք իչքան մարդ կցանկանա աշխատավաձով պաշտոնատար անձ աշխատե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter