HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Վկաների հակասական ցուցմունքները՝ մեղադրյալի արդարացման հիմք

Ավելի քան մեկուկես տարի քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող Դավիթ Հակոբյանը օրեր առաջ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի որոշմամբ արդարացվել եւ դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Դեռեւս հոկտեմբեր ամսին «Գործի քննություն`բռնություններով և առանց առերեսումների» հրապարակումում պատմել էինք, որ 28-ամյա Դավիթ Հակոբյանին մեղադրում են համաքաղաքացու՝ Սերգեյ Միքայելյանի դեմ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեջ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հակոբյանը վեճ է ունեցել Միքայելյանի հետ, որի ընթացքում ապտակել է նրան։ Միջադեպը պարզելու համար պայմանավորվել են երեկոյան հանդիպել, սակայն մինչ հանդիպումը Դավիթը Դիլիջանի փողոցներից մեկում, ըստ եզրակացության, կրակել է այն մեքենայի վրա, որում եղել է Սերգեյ Միքայելյանը:

Մեղադրող դատախազը դատարան միջնորդություն էր ներկայացրել, որ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի 13 տարի ազատազրկումը, հակառակ պաշտպանական կողմի այն պնդումների եւ մեղադրանքների, որ վկաները ցուցմունք են տվել բռնությունների ենթարկվելով, ապօրինաբար մի քանի օր ոստիկանական բաժանմունքում պահվելով, իսկ գործը քննվել է բազմաթիվ իրավախախտումներով։

Դավիթ Հակոբյանը արդարացվել է իրեն առաջադրված երկու մեղադրանքների մասով էլ։ Գործով փաստաբան Գուրգեն Հարությունյանը չի թաքցնում, որ լիարժեք վստահ չէր, որ պաշտպանյալը արդարացվելու և այդքան ամիս անց ազատ է արձակվելու.«Կողմնակի դիտորդները, քաղաքացիները գալիս էին, ասում էին՝ դե բան չկա, պետք է արդարացվի, բայց ես մեծ հույսեր էլ չէի կապում»,-ասում է փաստաբանը։                               

Փաստաբանը կարծում է Դավիթ Հակոբյանի արդարացմանը աջակցեց վկաների տված հակասական և անհիմն ցուցմունքները, նրանց այն հայտարարություններն ու խոստովանությունները, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել։ Գուրգեն Հարությունյանը դեռևս չի ստացել Դավիթ Հակոբյանի արդարացման դատավճիռը, սակայն կարծում է, որ դատարանը վկաների տված այդ ցուցմունքները հավաստի չի ճանաչի, քանի որ բոլոր վկաները դատարանի դահլիճում պնդել են, որ իրենցից խոշտանգումների կամ ապօրինի անազատության մեջ պահելու արդյունքում են այդ ցուցմունքները վերցրել։

Փաստաբանի հաղորդմամբ՝ հոկտեմբերի չորսից 4 դատական նիստ է նշանակվել ռեպլիկների համար։ Դատախազը դրանցից և ոչ մեկին չի ներկայացել, իսկ վերջին դատական նիստին որպես լիազորված դատախազ ներկայացել է Տավուշի մարզի դատախազության դատախազը. «Ասեց՝ ռեպլիկ չունենք ասելու, ինչը խիստ զարմանալի էր , որ ռեպլիկ չունեիք ասելու, էն ժամանակ էլ չասեիք»,-նշում է Գ. Հարությունյանը։

Ամփոփելով քրական գործի քննությունը՝ փաստաբանը ընդգծում է՝ Դավիթ Հակոբյանը կալանավորվել և տևական ժամանակ անազատության մեջ է պահվել մեկ գաղտնի վկայի ցուցմունքի և գաղտնի տեղեկության հիման վրա, որն էլ նրա փոխանցմամբ՝ հետագայում պարզվել է՝ քննության խորթ մեթոդներով կորզված տեղեկություն է։

Հավելենք, որ դեռևս մեր նախորդ զրույցում փաստաբանը հայտնել էր, որ դատարան ներկայացած մեղադրանքի կողմի վկաները բազմիցս հայտնել են, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, ստիպել են ցուցմունք տալ Դավիթ Հակոբյանի դեմ։ Մասնավորապես՝ վկա Յուրի Սահակյանը դատարանում բարձրաձայնել է, որ պաշտպանության միջոցը կիրառվել և ցուցմունքը տվել է բռնությունների արդյունքում, միաժամանակ դատարանում բացահայտել է, որ Գոհար Ավետիսյան ներկայացած վկան ինքն է։

Փաստաբանը այս առումով չէր միայն, որ խնդրահարույց կողմ էր նկատել։ Ասում է՝ նախաքննության ընթացքում վկաներից որևէ մեկի հետ առերեսում չի կատարվել, բազմիցս գրել և բողոքներ է ներկայացրել այդ մասին, սակայն նախաքննական մարմինը մերժել է միջնորդությունները, իսկ դատախազությունը՝ ներկայացված բողոքները:

Փաստաբանը նաև պնդում ՝դատաքննության ընթացքում վկաների ցուցմունքներից ոչ մեկում չի ասվել, որ Դավիթ Հակոբյանը կապ ունի այդ կրակոցի հետ՝ բացառությամբ վկա Վարդան Գրիգորյանի ցուցմունքի, որը, փաստաբանի գնահատմամբ, ակնհայտ սուտ տեղեկությունների վրա է հիմնված:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter