Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

Գյուղատնտեսության փոխնախարարը համոզված է, որ գործարանների խաղողի այգիները չեն խանգարում խաղողագործ գյուղացիներին



Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ 2017թ. նոյեմբերի 30-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 16,128 տոննա խաղող, որից 15,526 տոննան` Ռուսաստանի Դաշնություն, 576 տոննան` Վրաստան և 26 տոննան` Բելառուս: 2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մարզպետարաններից ստացված օպերատիվ տվյալներով ընթացիկ տարում արտադրվել է շուրջ 175,300 տոննա խաղող:

Նշենք, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ. արտադրվել է 178,752 տոննա խաղող: Խաղողագործությամբ զբաղվում են Արարատի, Արմավիրի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում, սակայն զգալի մասն արտադրվում է Արարատի և Արմավիրի մարզերում:

ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում խաղողի այգետարածքները 2017թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 17,059 հա, որից բերքատու՝ 16,231 հա: 2016 թվականին 2012-ի համեմատ խաղողի տարածքները նվազել են 356 հեկտարով, պտղատու հասակի տարածքներն ավելացել են 508 հեկտարով: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի ասելով՝ հիմնականում քանդվում են ծերացած հին այգիները:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մեր խաղողի մրցունակությունը պայմանավորված է տարբեր գործոններով, մասնավորապես՝ գնով և որակական ցուցանիշներով: Արտահանվում են հիմնականում խաղողի սեղանի և համապիտանի (ունիվերսալ) սորտերը:

2015թ. սկսած դժվարություններ են առաջացել խաղողի ներքին սպառման ուղղությամբ: Գործարանները չեն կարողանում մթերել խաղողի ամբողջ արտադրանքը, իսկ մթերածի դիմաց չեն հասցնում ժամանակին վճարել:

Ռոբերտ Մակարյանի ասելով՝ 2014թ. կեսերից սկսած ՌԴ-ում ռուսական ռուբլու անկայուն փոխարժեքի ու արտարժույթի նկատմամբ գրեթե կրկնակի արժեզրկման, ՌԴ ազգաբնակչության գնողունակության մակարդակի կտրուկ նվազման հետևանքով 2015թ. 2014-ի նկատմամբ գինու արտահանման ծավալները բնեղեն արտահայտությամբ նվազեցին 31.6%-ով, կոնյակինը՝ 14.8%-ով, կոնյակի սպիրտներինը՝ 24.5%-ով: Արտահանման ձևավորված շուկան չկորցնելու հանգամանքով պայմանավորված արտադրանքն արտահանվում էր ինքնարժեքին մոտ կամ ցածր գներով: Արդյունքում` 2015 թվականին 2014-ի նկատմամբ գինու արտահանման ծավալները գումարային արտահայտությամբ նվազեցին 33, կոնյակինը՝ 35.4, կոնյակի սպիրտներինը՝ 46.5%-ով:  Առաքված արտադրանքի դիմաց ոչ միայն կտրուկ նվազեցին ֆինանսական մուտքերը, այլև կազմակերպությունները զգալի վնասներ կրեցին նաև արտահանված արտադրանքի դիմաց ստացված ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի փոխանակման ժամանակ՝ փոխարժեքի նվազման հետևանքով:

«Ստեղծված իրավիճակում 2015թ. արտադրվեց խաղողի աննախադեպ բարձր բերք, կազմակերպությունների կողմից գյուղացիական տնտեսություններին օժանդակելու արդյունքում վերջիններս կատարեցին խաղողի մեծածավալ մթերումներ: Խաղողի մթերումների համար կազմակերպությունների հիմնական մեծամասնությունը չունեին սեփական շրջանառու միջոցներ և այն լրացնում էին ներգրավված վարկային միջոցների հաշվին: Ֆինանսական մուտքերի նվազումով պայմանավորված՝ կազմակերպությունների մոտ առաջացան վարկերի սպասարկման և նոր շրջանառու միջոցների համալրման նպատակով ազատ գրավի առարկայի բացակայության խնդիրներ: Բացի այդ, երբ առկա էր պատրաստի արտադրանքի մնացորդների մեծ քանակություն, կազմակերպությունները շահագրգռված չէին շրջանառու միջոցների համալրման նպատակով նոր վարկեր վերցնել և դրանցով խաղողի մթերումներ իրականացնել, քանի որ ավելանալու էր վարկերի սպասարկման բեռը, և պատրաստի արտադրանքի հետագա պահպանության համար կատարվելու էին լրացուցիչ ծախսեր»,-ասում է նախարարի տեղակալը:

Ռոբերտ Մակարյանի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակում 2015թ. մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարումը բավականին դանդաղեց ու ձգձգվեց: Այնուհետև, ՌԴ ռուբլու փոխարժեքի կայունացման արդյունքում 2016թ-ից զգալիորեն ավելացան գինեգործական արտադրանքի արտահանման ծավալները, և մեծացավ խաղողի նկատմամբ պահանջարկը: Նույն միտումը շարունակվեց նաև 2017թ. և խաղողի մթերումների հետ կապված առանձնակի խնդիրներ չարձանագրվեցին:  

Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այս տարի խաղողի մթերումներ են իրականացրել 54 ընկերություններ, որոնց կողմից մթերվել է շուրջ 111 հազար տոննա խաղող:

Այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ նախորդ տարիներին մթերված խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ դեռևս չկատարված պարտավորություններ ունի 3 ընկերություն՝ 50.6 մլն դրամի չափով:

Նախարարի տեղակալից հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին մեծահարուստների, գործարանների (որպես իրավաբանական անձ) կողմից հիմնված այգիները որքանո՞վ են խանգարում գյուղացու բերքի իրացմանը կամ առհասարակ՝ խաղողի գնի վրա ի՞նչ ազդեցություն են ունենում: Ռոբերտ Մակարյանը պատասխանեց, որ խաղողի վերամշակմամբ զբաղվող առանձին գործարաններ ունեն սեփական խաղողի այգիներ, սակայն դրանց տարածքները շատ սահմանափակ են և գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող խաղողի բերքի իրացման վրա էական ազդեցություն չեն թողնում:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ մթերված բերքի արժեքի վճարումների հետ կապված խնդիրը մեղմելու նպատակով ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի նիստի N 33 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում տարեկան առավելագույնը մինչև 12% անվանական տոկոսադրույքով տրամադրվող նպատակային վարկերի մինչև 9%-ային կետին համարժեք մասը (գումարը) սուբսիդավորվում է, և վարկառուի կողմից վճարվող վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 3%: Ծրագրի շրջանակներում տրամադրվող սուբսիդավորման ենթակա վարկերը նպատակաուղղվում են բացառապես մթերվող բերքի արժեքի վճարմանը: Ծրագրից կարող են օգտվել պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունները:

Պիլոտային ծրագրի շրջանակներում կտրամադրվեն շուրջ 2.4 մլրդ դրամի վարկեր, իսկ յուրաքանչյուր վարկառուի տրամադրվող վարկի առավելագույն չափը կազմում է 150 մլն դրամ: Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև հաջորդ տարիներին: 2018թ. սկսած վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուի տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամից կբարձրացվի մինչև 1 մլրդ դրամ:

Ռ. Մակարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ