Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Դելֆինաթերապիա, թե՞ դաժան բիզնես. ֆիլմ՝ ռուսաստանյան փորձի մասին



Դիլիջանի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» (Best Western Paradise) հյուրանոցի տարածքում շարունակում են շահագործվել վերջերս Հայաստան բերված երկու դելֆինները՝ չնայած շատ քաղաքացիների դիմադրությանը: Դելֆինարիումն առաջարկում է «դելֆինաթերապիա»՝ մի շարք հիվանդությունների համար, մինչդեռ քաղաքացիները մտահոգված են ոչ միայն փոքր ավազանում պահվող դելֆինների, այլև նրանց հետ լողացող երեխաների առողջությամբ:

«Ժամանց, թե՞ դաժան բիզնես». դելֆինարիումների գործունեությանը վերաբերող այս հարցը «Կոմունա» սոցիալ-մշակութային ՀԿ-ում երեկ կայացած քննարկման և ցուցադրված ֆիլմի առանցքում է: «Ազատ ծնվածները» (Born to be Free / Рожденные свободными) ռուսաստանյան արտադրության փաստագրական ֆիլմն անդրադառնում է դելֆինների և այլ ծովային կաթնասունների, հատկապես՝ սպիտակ կետերի (beluga) ճակատագրին՝ անազատության մեջ:

Ծովից և օվկիանոսից վերցվող կենդանիները տեղափոխվում են Ռուսաստանի կամ այլ երկրների դելֆինարիումներ և օգտագործվում շոուների համար: Նրանց մի մասը սատկում կամ վնասվածքներ են ստանում որսի և տեղափոխման ժամանակ: Ֆիլմում հանդես եկող մասնագետները խոսում են ինչպես այս գործընթացի, այնպես էլ պահման ու վարժեցման ժամանակ կենդանիների հանդեպ վերաբերմունքի մասին, որից դելֆինարիումների հաճախորդների մեծ մասն անտեղյակ է:

Բնության մեջ դելֆինները լողում են օրական միջինը 150 կմ՝ 100 մ խորությամբ: Նրանք նաև ընդգծված սոցիալական վարք ունեն և հիմնականում լողում են խմբերով: Ֆիլմի մասնակիցները դելֆիններին իրենց բնական միջավայրից առանձնացնելը համարում են նրանց հանդեպ ամենադաժան վարմունքը և լողավազանները համեմատում բանտի հետ: Նախքան դելֆինարիում տեղափոխելը՝ այս կենդանիներին սովորեցնում են սատկած ձուկ ուտել, իսկ դելֆինարիումների քլորն ու ջրի մյուս ախտահանիչները վնասում են կենդանիների մաշկն ու աչքերը:

«Ազատ ծնվածները» ֆիլմի ռեժիսորը և համահեղինակը Գայանե Պետրոսյանն է, որը 20-ից ավելի վավերագրական ֆիլմեր է նկարել: Նա տրամադրել էր ֆիլմը՝ Երևանում անվճար ցուցադրության համար, և մասնակցեց դիտմանը հաջորդած քննարկմանը Ռուսաստանից՝ տեսակապով: Գայանեն ասում է, որ դելֆինաթերապիան կարող է հանգեցնել առողջական խնդիրների, քանի որ հատկապես շշաքիթ դելֆինները, ինչպիսիք պահվում են Դիլիջանում, մեծ արտաթորանք են թողնում ջրում, ինչից հեշտությամբ կարող են վարակվել երեխաները:

«Այս ֆիլմը միանշանակորեն կապված է հայաստանյան իրադրությունների հետ, որովհետև սա, փաստորեն, դելֆինների միջոցով իրականացվող երկրորդ բիզնես ծրագիրն է»,- ասում է մի շարք բնապահպանական նախաձեռնությունների անդամ Աննա Շահնազարյանը: Ինչպես հիշում են քննարկման մասնակիցները, 2010թ-ին Երևանում բացված «Դելֆինարի-Նեմո»-ն նույնպես շեշտում էր դելֆինաթերապիայի հանգամանքը՝ հաճախորդներ գրավելու համար:

Հյուրանոցը հերքում է կապը դելֆինարիումի հետ, փաստաթղթերը՝ հաստատում

Դիլիջանում դելֆինարիումի բացման լուրը սոցցանցերում հայտնվեց սեպտեմբերի վերջին: Այս հարցին անդրադարձավ նաև բրիտանական Daily Mail առցանց պարբերականը՝ գրելով, որ «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցում դելֆինները պահվում են մարդկանց համար պատրաստված լողավազանում, իսկ համապատասխան վկայականը, որը ցույց է տալիս նրանց ծագումը, կեղծ է, քանի որ ոչ համար ունի, ոչ էլ կնիք:

Հրապարակումից հետո Դիլիջանի հյուրանոցը պարզաբանում է ուղարկել պարբերականին, ըստ որի՝ դելֆինարիումը պատկանում է հյուրանոցին չառնչվող մեկ այլ ընկերության և գործում է դրա կողմից: Հյուրանոցն ավելացնում է, որ այդ կազմակերպության հետ համագործակցությունը խզվել է նոյեմբերի 1-ից:

Daily Mail-ի հրապարակումից օրեր անց «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցի տնօրեն Վահագն Հարությունյանը «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, որ «դելֆինները հյուրանոցի սեփականությունը չեն» և պատկանում են Սոչիի դելֆինարիումին:

Դիլիջանի դելֆինարիումը / Facebook

Հյուրանոցը սոցցանցում հրապարակում է Սոչիի Морская Звезда դելֆինարիումի գրությունն այն մասին, որ իրենք համագործակցել են «միայն վաճառքի և մարքեթինգի շրջանակում՝ մինչև նոյեմբերի 1-ը»: Դիլիջանի հյուրանոցն ու դելֆինարիումը, ըստ այս հայտարարության, տարբեր ընկերություններ են և չունեն ոչինչ ընդհանուր, քան շինության միևնույն մուտքը:

Բնապահպանները, սակայն, հերքում են հյուրանոցի հայտարարությունն ու ռուսական դելֆինարիումի պարզաբանումը՝ հղում անելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հրապարակած թույլտվությանը, որտեղ որպես ներկրող՝ նշվում է հենց «Փարադայս հոթել» ՍՊԸ-ն՝ հյուրանոցը շահագործող ընկերությունը: «Դա մաքուր խաբեություն է, որովհետև գոյություն ունեցող միակ փաստաթղթում նշված է, որ ներկրումն արվել է հենց հյուրանոցի կողմից»,- ասում է Աննա Շահնազարյանը:

Մյուս կողմից, կենդանիների ներկրման հարցերը կարգավորող մեկ այլ պետական մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության բաժնի պետ Անուշ Հարությունյանը սեպտեմբերին «Հետք»-ին հայտնել է, որ այս դելֆինները Հայաստան են բերվել «Դելֆինաթերապիա փարադայս» ՍՊԸ-ի կողմից: Վահագն Հարությունյանը, ով ներկայանում է որպես «Բեսթ Վեսթերն Փարադայզ» հյուրանոցի տնօրեն, մինչև վերջերս տնօրեն է եղել նաև «Դելֆինաթերապիա փարադայս» ՍՊԸ-ում և պաշտոնից դուրս է եկել միայն հոկտեմբերի 24-ին:

Հետաքրքրական է, որ համաձայն հարկային ծառայության պաշտոնական կայքի տեղեկության՝ երկու ընկերություններն էլ չեն վճարում ավելացված արժեքի հարկ:

Ի՞նչ արժեն դելֆինները

Դելֆինների առևտուրը թանկարժեք բիզնես է: Գայանե Պետրոսյանն ասում է, որ նախկինում սպիտակ կետերը գնահատվում էին մինչև 70 հազար դոլար, այժմ նրանց գինն իջել է 30 հազարի, իսկ կետադելֆինների (косатка) գինը հասնում է 6-7 մլն դոլարի:

Հայտնի չէ, թե որքան են արժեցել Դիլիջան բերված սևծովյան շշաքիթ դելֆինները: Սակայն նման կենդանիների գների մասին հուշում է կառավարության 2011թ-ի որոշումը, որով արտոնություն տրվեց «Դելֆինարի-Նեմո» ընկերությանը՝ թույլատրելով «ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը»: Իսկ «ներմուծված ապրանքները» 4 դելֆիններ էին՝ 250 մլն դրամ ընդհանուր մաքսային արժեքով և 2 ծովային փոկեր՝ 47 մլն դրամ արժողությամբ: Այսինքն, ամեն դելֆինն արժեցել է մոտ 166 հազար դոլար (որոշման օրվա փոխարժեքով):

«Դելֆինարիայի գլխավոր խնդիրներից է ծովային կաթնասունների մասին գիտելիքների տարածումը, բնապահպանական գաղափարների քարոզումը, բնակչության էկոլոգիական կուլտուրայի զարգացումը»,- գրված էր որոշման նախագծում:

Հիշեցնենք, որ «Նեմո» դելֆինարիումի բացումից հետո բնապահպանները բարձրաձայնել էին դելֆիններին սպառնացող նմանատիպ վտանգների մասին: Դելֆինարիումը փակվեց 2 տարի գործելուց հետո: Բնապահպանության նախարարությունից «Հետք»-ի ձեռք բերած փաստաթղթի համաձայն՝ 4 դելֆիններն ու 2 փոկերը ուղարկվել են Ռուսաստան՝ «Էկոլոգիչեսկի ցենտր» ընկերությանը:

Փաստաթուղթը վկայում է, որ բոլոր 6 կենդանիները վերցված են եղել բնությունից. դելֆինները ծնվել են Ճապոնիայում, փոկերը՝ Ուրուգվայում, բայց բոլորը Հայաստան են բերվել Ուկրաինայից:

Այնուամենայնիվ, «Դելֆինարի-Նեմո»-ն կենդանիներ է արտահանել նույնիսկ դելֆինարիումի փակման հաջորդ տարում՝ 2013-ին: Բնապահպանության նախարարության տրամադրած թույլտվության համաձայն՝ ընկերությունը Քաթար է արտահանել կրկին 6 կենդանի՝ 4 դելֆին և 2 փոկ: Հաշվի առնելով, որ փոկերի նախկին թույլտվությունների համարները համընկնում են, կարելի է ենթադրել, որ դրանք Հայաստանից Ռուսաստան ուղարկված կենդանիներն են: Նկատենք, որ վտանգված կենդանիների նման շարժը հատուկ է Հայաստանին, որը հաճախ գործում է իբրև տարանցիկ երկիր տարածաշրջանի այլ երկրների միջև:

Դելֆինների առևտուրը կարգավորվում է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով (CITES), որը նաև արձանագրում է վտանգված կենդանիների առևտրի ծավալը: 2017թ-ի տվյալները, սակայն, կհրապարակվեն 2018-ի սկզբին, և գուցե պարզ լինի, թե արդյոք այս կենդանիների առևտուրը հաղորդվել է կոնվենցիան համակարգող մարմնին:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Marina Ossipova-Shakhbazyan23:25 - 3 դեկտեմբերի, 2017
The Armenian people know what suffering and genocide are from their own history . So suffering and humiliation, turning other sentient and thinking beings into slavery should not leave them indifferent. The dolphins belong in the seas and oceans, and not in chlorine pools with water filled with bacteria They have the right, like every creature on the planet, to live their lives with their families, swim, hunt, swimming up to 50-100 km per day. Leave them just be wgere they are : in the wild, in their own homes. Don't be cruel and indifferent!! #Emptythetanks, #Dontswimwithdolphins!!!!
2. Anne van ingelgem 18:30 - 5 դեկտեմբերի, 2017
Free the dolphins
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ