HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մղարթում և Արդվիում կրքերը լարված են. «Միռամ» ՍՊԸ-ն ոսկու հանքի պատճառով միմյանց դեմ է հանում հարևան գյուղերին

Դեկտեմբերի 1-ին Մղարթ գյուղում «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկման ձախողումից հետո, «Միռամի» ներկայացուցիչներն անցել են նոր գործողությունների: Այսօր ժամը 14:00-ի սահմաններում ընկերության  երկու ներկայացուցիչներ Մղարթի նախկին գյուղապետարանի շենքի բակում հավաքել էին մղարթցի մոտ 20-30 երիտասարդների և նրանց հետ բացատրական աշխատանք էին տանում՝ Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկման նոր պահանջ դնելու համար:  

Նրանցից մեկը Վանաձորում բնակվող մղարթցի Հենոն էր: Հենց նա է դեկտեմբերի 1-ի բողոքի ակցիայի ժամանակ  հոխորտացել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանին և ձեռքով հարվածել նրա տեսախցիկին: Մյուսը նույնպես դեկտեմբերի 1-ին ներկա էր Մղարթում:

Այսօր նրանք մեր ֆոտոապարատը տեսնելուն պես արագ նետվեցին իրենց «Նիվան» և փախան գյուղամեջից: «Բայց մենք ընդամենը պետք է իրենց սիրուն լսեինք, էդ ժամանակ մենք կասեինք հա՞, թէ՝ չէ: Ես ամսից ավել է Մղարթում չեմ եղել, բայց հիմա մնում է, գիտեք ինչ անենք, ընդամենը սիրուն հավաքվենք, սիրուն նորմալ լսենք, մարդիկ իրանք ինչ են ասում, էդ ժամանակ ընդամենը պրծնեն, գնան»,- առաջարկեց ներկաներից մեկը՝ երիտասարդ Սերոժ Դանիելյանը: Սերոժը տեղյակ չէր, կամ էլ չիմանալու էր տալիս, որ հոկտեմբերի 4-ին 460 բնակիչ ունեցող Մղարթում իր նման 15 երիտասարդներ գաղտնի, խելոք նստել են, հանրային լսում են արել և մյուս 445 մղարթցիների փոխարեն համաձայնություն են տվել Շեկաղբյուր ոսկի-բազմամետաղային հանքի երկրաբանական հետազոտման «Միռամ» ՍՊԸ-ի 2-րդ հայտին:

«Սկի չհասցրինք, տենանք` որ կազմակերպությունից են: Ես մինչև հմի չգիտեմ ինչ է կատարվում: Ընդամենն ուզում էի իմանալ ովքեր են»,- ասաց հավաքվածների մեջ կանգնած մղարթցի Ա. Մոսինյանը, ով  դեկտեմբերի 1-ին դեմ էր ներկայանում հանքի երկրաբանական աշխատանքներին:

«Եկել էին, էլի, գիժ էին, եկել էին»,- պատասխանեց կանգնածներից մի երիտասարդ: Մինչ զրուցում էինք մղարթցիների հետ, գյուղամեջ մտան լուրն իմացած արդվեցիները: «Բարի օր ձեզ, տղերք»,- ասացին նրանք: «Երեկ չէ առաջին օրն էստեղ էին: Տղերք ջան, մինչև երբ են Վանաձորից ու Երևանից ամեն օր գալու էստեղ մեզ իրար դեմ հանեն: Տղերք, բոլորդ էլ գիտեք, որ ձեր գեղիցը՝ Մղարթից, Շեկաղբյուրն ավելի հեռու է, քան մեր Արդվիից: Հանքը մեր գլխին ա: Էդ հանքով մեր գեղին են վնաս տալու: Կարող է մեկդ ասեք մեր գեղիցը հեռու ա, թող հանքը բաց անեն, աշխատենք: Բայց Շեկաղբյուրի հանքի բացելը մեր գեղի համար կյանքի ու մահվան հարց է, տղերք: Էս ա հարցը»,- մղարթցի երիտասարդներին հուզմունքով բացատրեց Սուրեն Կիրակոսյանը:

«Մարդիկ էին, եկան բացատրեցին, գնացին»,- պատասխանեց հավաքվածներից մեկը: «Կարող ա գան, մեր հա-ն չստանան ու գնան»,- ասաց մեկ այլ մղարթցի: «Մենք եկել ենք ախպերավարի ձեզ հետ զրից անենք: Ինչքան են գալու ձեզ տնից հանեն, հա ուղեղներդ լցնեն, գնան: Մենք  ասում ենք՝ չէ, մեր գեղերը մի քանդեք: Մեր վերջին խոսքն էդ ա: Նրանք ուզում են մենք՝ արդվեցիներս ու մղարթցիներս, դուրս գանք իրար դեմ: Մենք ձեզ վիրավորող բան չենք ասի: Ասում եմ ամոթ ա: Մեր պապերն ու մեր ծնողներն իրար հետ էստեղ ախպերություն են արել: Դրանք կողքից գան մեզ իրար դեմ հանե՞ն, իրար թշնամի սարքեն ու գնան: Մեծ տղաներ եք, եկեք ամեն ինչ խելացի անենք: Մեր հավեսը գալի՞ս է ամեն օր մեր գործը բրախած՝ գանք Մղարթի կենտրոնում հավաքվենք։ Որ գալիս են, տղավարի ասեք, գնացեք էստեղից»,- ասաց մի միջահասակ արդվեցի:

«Հո մենք չէինք իրանց էստեղ հրավիրել, իրանք էին եկել»,- արդարացավ մղարթցի Արմեն Դանիելյանը: «Ովքե՞ր  էին»,- հարցրեց արդվեցիներից մեկը: «Մեր գեղը քանդողներն էին»,- պատասխանեց սրտնեղված մեկ այլ արդվեցի: ««Միռամն» առանց այդ էլ խախտել է հանրային լսումների կարգը: Բնապահանության նախարարության  հանրային քննարկման սահմանած ժամից  դեկտեմբերի 1-ին կես ժամ ուշ եկան, գաղտնի ճանապարհով եկան: Մենք էլ իրենց ասացինք բարի ճանապարհ: Ոնց եկել եք, բարով-խերով էլ տեղ հասեք: Հանքին դեմ ենք: Մենք չենք ուզում մեր գյուղերը քանդեք, դժոխքի վերածեք: Այսինքն, բացատրեցինք, բայց  մարդիկ երևում է չեն հասկացել: Հիմա էլ գաղտագողի եկել են Մղարթ՝ էս ջահելներին խաբելու»,- ասաց արդվեցի Վռամ Վահրամյանը: «Ախր ջահելների ուղեղն էլ չեն կարողանում խաբեն, մի երկու տուզիկի են խաբում»,-Վռամին բացատրեց մղարթցի մի երիտասարդ:

Կանգնածների մեջ ցածրահասակ, զինվորական շինելով մի տղամարդ տեսագրում էր հավաքված մղարթցիների ու արդվեցիների հետ մեր խոսակցությունը: Նա գրավեց արդվեցիների ուշադրությունը: Երբ շինելավորից պահանջեցին լրագրողական փաստաթուղթ, նա մի կերպ իրեն գցեց 34 OP 848 պետհամարանիշով «Նիվա» ավտոմեքենան և փախավ:

Գնալիս էլ ասաց՝ իր նկարահանումը յութուբում է դնելու: Արդվեցիները ճանաչել էին նրան, ասացին «Միռամի» հորատողներից մեկն էր։ «Օրեր առաջ մեր փակած հորատանցքը նա էր փորել»,- հիշեց Սուրենը:

Դեկտեմբերի 1-ին կայացած մղարթցիների, արդվեցիների, հարևան այգեհատցիների ու արևածագցիների բողոքի ակցիայից հետո կառավարությունը ոչ մի հետեւություն չի արել։  Ոսկու տենդով տառապող «Միռամ» ՍՊԸ-ի սեփականատերերը քրեական տարրերին են «գործուղում» գյուղեր` իրենց նպատակին հասնելու համար։

Մեկնաբանություններ (4)

Սահակ Սարգսյան
Իսկ որն է հարգարժան վարչապետի, բնապահպանության նախարարի կամ Լոռու մարզպետի մոտեցումն այս դեպքում? Ինչու նրանք չեն ցանկանում փոքր ինչ հարգել իրենց ժողովրդին ու վերջ տալ այս չարչրկված հարցին: Նրանց արդեն դիմումներ են հղված, սակայն իրենք շարունակում են «խոհեմաբար» լռել, ինչու? Սպասում են երեւի, որ դեպքերը դուրս գան օրինականության սահմաններից, ու արտառոց բաներ տեղի ունենան, որպիսզի իրավապահ - ուժային ռեսուրսները գործի դնեն? Լռելն այս դեպքում պրովակացիայի է հավասար սեփական ժողովրդի դեմ: Առաջարկում եմ բոլորին նամակներ ուղարկել իրենց սայտերը, այս հարցը մեկընդմիշտ փակելու պահանջով:
սուրեն
ինչպես գնել մարդու հոգին Նախ ստուգում եք թե ինչ գայթակղնելին առ ես հոգություններ ունի, բռնելով դրանից օգնում եք որ նա խիղճը կորցնի հենց խիղճը կորցրեց կարող ես հոգինբ առնել շ
Վալոդ
Լավ, էս քամբախ երկրում վճիռ կայացնող, ժողովրդի բողոքներին ու խնդրանքներին պատասխան տվող, կամ գոնե խուլիգանի ձեռք բռնող կա թե չէ? Մնում է մտածել, որ հենց իրենց թազի - թուլեքն ու օղռաշներն են: Թե չէ «կիրովականցի հենո» - երի ինչ պնգլին էր ձյուն ձմեռվ գան հասնեն Մղարթ ու գյուղացիների ուղեղները «լուսավորեն» հանքի օգուտի մասին:
Маринэ Калантарян
Куда смотрит наша власть своими каварными законами? Это позор для нормальной страны!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter