Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Գյումրեցիներին «տրանսպորտային երանելի ժամանակներ» խոստանում են միայն 4 տարուց



«Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունն անցած երեք ամիսների ընթացքում Գյումրու 12 ներհամայնքային երթուղիներից մոնիտորինգի էր ենթարկել 5-ը՝ թիվ 20, 28, 11, 14 միկրոավտոբուսային եւ 1-ին համարի ավտոբուսային երթուղիների աշխատանքը: Գրանցած դրական արդյունքները քիչ են: Ուսումնասիրել են հիմնականում չվացուցակի, ժամային գրաֆիկների համապատասխանությունը, ուղեւորահոսքի դինամիկան ու դրա հետ կապված երթուղայինների թերբեռնվածությունն ու ծանրաբեռնվածությունը, օրենքով սահմանված գույնի պետհամարանիշերի առկայությունը եւ այլն:

Ըստ այդմ, պարզվել է, որ 20 համարի երթուղին սպասարկող «գազել» մակնիշի մեքենաների թիվը օրվա «պիկ» ժամերին հասնում է 30-ի, թեպետ կազմակերպությունը մրցույթը շահել է 16 ավտոմեքենայով, իսկ քաղաքապետարանի տեղեկություններով` շահագործում է 13-ը: Երթուղին սպասարկող կազմակերպությունը մեքենաների թիվը պակասեցնում է միայն կիրակի օրերին՝ հասցնելով 18-ի: Սպիտակ պետհամարանիշերով մեքենաների թիվը երթուղում գերազանցում է դեղին պետհամարանիշով «Գազել»-ներին: Նշենք, որ 5 տարի առաջ, երբ 20 համարի երթուղուն զուգահեռ սկսեց շահագործվել 1-ին համարի ավտոբուսային երթուղին, սկսվեցին գրեթե «պատերազմական գործողություններ»: Դրանք արտահայտվում էին ավտոբուսի վարորդների նկատմամբ ագրեսիվ վարքագծի դրսեւորմամբ, վտանգավոր վազանցներով եւ այլն: Այս երթուղին ամենամարդաշատն է ու համեմատաբար ամենաերկարը:

Գյումրու ներհամայնքային տրանսպորտային հանգույցի ոչ բավարար աշխատանքից մշտապես հնչող դժգոհություններին (վտանգավոր վազանցեր, արագության գերազանցում, վարորդի անխնամ, չսափրված տեսք, երթուղայինի սրահում հնչող արաբաթուրքական ոճի երաժշտություն եւ այլն) տեղյակ են քաղաքապետարանի տրանսպորտի բաժնում, սակայն նշում են, որ ոչ բոլոր հարցերի լուծումներն են իրենց իրավասության տիրույթում: Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի փոխանցմամբ, ուղեւորների բոլոր դժգոհություններն իրենք քննարկում են գիծը սպասարկող կազմակերպությունների հետ, հորդորում լուծել ծագած պրոբլեմները, սակայն անմիջական ազդեցություն չեն կարող ունենալ եւ ստիպել, որ, օրինակ, վարորդը չծխի մեքենայի մեջ, ուղեւորներին չկոպտի, արագություն չգերազանցի եւ այլն:


Արտյոմ Սարգսյան

«Ուրեմն ՍՊԸ-ն պարտավոր է երթուղին շահագործել ըստ երթուղային ցանցի, որի մեջ նշված է մեքենաների քանակը, երթուղու ուղեգիծը, տեւողություն ժամային գրաֆիկը: Քաղաքապետարանի գործառույթների մեջ մտնում է այդ ամենի կարգավորումը, որ չլինեն խախտումներ: Մենք չենք կարող պարտադրել վարորդին, որ չծխի, ընթացքի ժամանակ հեռախոսով չխոսի, վազանցներ չկատարի ուղեւոր վերցնելու համար, այդ ամենը ճանապարհային ոստիկանության գործառույթների մեջ է մտնում, իրենք պետք է կարգավորեն: Ոչ կարգապահ վարորդին էլ պետք է իր տնօրինությունը նկատողություն հայտարարի կամ ծայրահեղ դեպքում մեկ ուրիշին ընդունի աշխատանքի»,- նկատում է Արտյոմ Սարգսյանը:

«Բիոսոֆիա» ՀԿ-ն եռամսյա ուսումնասիրություններն իրականացրել է «Սախորովի անվան մարդու իրավունքների պաշտպանության» հայկական կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ենթադրամաշնորհի շրջանակներում: Մոնիտորինգի ընթացքում կազմակերպվել են մի քանի հանդիպում-քննարկումներ, որին մասնակցել են մարզպետարանի եւ քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պատասխանատուները, ՀԿ-ի սեկտորի ներկայացուցիչներ եւ պարզապես շահագրգիռ քաղաքացիներ: Նոյեմբերի 30-ին ամփոփիչ քննարկումն էր կազմակերպվել:

 «Բիոսոֆիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Համլետ Ղազարյանն ասում է, որ մոնիտորինգի արդյունքներն ամփոփելուց հետո ներկայացնելու են պատկան մարմիններին՝ տրանսպորտային ցանցի աշխատանքների կազմակերպման հարցում արդյունավետ, դրական փոփոխությունների ակնկալիքով: «Հույս ունենք, որ մեր արած դիտարկումները չեն մնա թղթի վրա՝ տեղաշարժ կգրանցվի»,- ասում է Համլետ Ղազարյանը: Այս պահի դրությամբ, թերեւս, միայն ավտոբուսային միակ երթուղին է, որից բնակիչները գոհ են, եւ ցանկություն կա քաղաքում ավելացնել դրանց թիվը: Համլետ Ղազարյանի փոխանցմամբ, անբավարար է գնահատվել երթուղիներից համար 11-ի եւ 14-ի աշխատանքները: Շառլ Ազնավուրի հրապարակից օդանավակայան երթուղին սպասարկում է 11 համարի ընդամենը մեկ «գազել», որը կիրակի օրերին չի աշխատում: Ժամանակային գրաֆիկի մեծ ընդմիջումների պատճառով 14 երթուղու սպասարկումը եւս դրական գնահատականի չի արժանացել:

Կատարված ուսումնասիրությունները եւ հարցումները ցույց են տալիս, որ հատկապես որոշ երթուղիներով իրականացվող տրանսպորտային ծառայությունների աշխատանքը գոնե մինչեւ ժամը 22:00 երկարաձգելու պահանջ կա: Բնակիչները ցանկանում են, որ երկարացնեն հատկապես այն միկրոավտոբուսների աշխատանքային ժամերը, որոնք անցնում են կայարանամերձ տարածքով: Քաղաքացի Արա Սուքիասյանին զարմացնում է փաստը, որ, օրինակ, 12 համարի երթուղին սպասարկող կազմակերպությունը հաշվի չի առնում երեկոյան ժամը 21-ի հատվածում, երբ ժամանում է Երեւան-Գյումրի գնացքը, առաջացող բավական մեծ ուղեւորահոսքը: Եվ ընդհանրապես, ժամը 19-ից հետո աշխատում են միայն 20 համարի երթուղայինները:

«Երեկոյան ժանը 19-ից հետո մեր քաղաքը դատարկվում է,- նկատում է քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը,- էդ նույն մոնիտորինգը ես անում եմ ամեն օր: Երեկոյան իմ մեքենայով այդ ժամերին ման եմ գալիս կենտրոնական փողոցներով, հատկապես անցնում եմ այն երթուղիներով, որ ցերեկով ծանրաբեռնված է լինում, երեկոյան դատարկություն է: 2-3 հոգու համար չի կարող միկրոավտոբուս աշխատի»:

Քննարկման մասնակիցներից Արա Սուքիասյանը միտք արտահայտեց՝ գուցե քաղաքապետարանի կողմից հարկվող գումարների չա՞փն է մեծ: Արտյոմ Սարգսյանի փոխանցմամբ, ավագանին 2012թ.-ին որոշել է սպասարկող կազմակերպություններից գանձել միայն ծառայությունների մատուցման գումար, որը վճարվում է տարեկան կտրվածքով: Յուրաքանչյուր երթուղում գործող մեկ մեքենայի համար կա ֆիքսված գումար:

Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը գյումրեցիների համար «տրանսպորտային երանելի ժամանակներ» խոստացավ 3-4 տարուց միայն, երբ կբարեկարգվեն, կասֆալտապատվեն բոլոր փողոցները: Միաժամանակ, հանուն արդարության նշեց, որ գծերը սպասարկող կազմակերպությունները կանգնելու են խնդրի առաջ՝ կապված տրանսպորտի մաշվածության հետ եւ նոր մեքենաների ներկրման: Չեն բավարարում նաեւ «D» կատեգորիայի վարորդները: Գյումրիում, վարորդական իրավունք ունեցող 100-122  «D» կատեգորիա ունեցող վարորդի կարիք կա: 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ