HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանցանքի բիոլոգիական վկան

Գենետիկական նմուշ ունենալով՝ գենետիկներն այսօր կարող են ստեղծել կասկածյալ: Իմանալ նրա աչքերի ու մազերի գույնը, դեմքի դրվածքն ու անգամ դիմագծերը: Այն, այսպես ասած, հանցանքի բիոլոգիական վկան է:

ԴՆԹ թեստերի կիրառումը՝ արյան, մաշկի, թքի ու մազերի նմուշներով անձանց նույնականացումը, թույլ է տվել աշխարհում վերանայել հազարավոր դատական գործեր։ Մոտ 30 տարի առաջ հայտնաբերված այս նոր գործիքը հնարավորություն տվեց դատական համակարգին վերաիմաստավորել ապացույցները:

Գենետիկական փորձաքննություններով անձի նույնականացման արժանահավատությունը նախկինում 99,9 տոկոս էր, իսկ հիմա՝ հաջորդ սերնդի սարքավորման միջոցով այն դարձել է 99, 999999 տոկոս: Ստորակետից հետո մեկ 9-ի պակասը վկայում է այն մասին, որ հնարավոր է ամբողջ աշխարհում լինի մեկ մարդ, ով կհամընկնի այդ գենետիական պրոֆիլով: Շատ կարևոր է հավաստիության այդ տոկոսը, և նոր սարքերը տալիս են այդ հավաստիությունը: Կա ԴՆԹ-ի համընկնում՝ մարդը մեղավոր է, չկա համընկնում՝ անմեղ է, բայց կան այլ պարագաներ, օրինակ՝ մարդը կարող է, ինչպես ընդունված է ասել, պատահաբար հայտնվել սխալ տեղում, սխալ ժամանակ և ունենալ համընկնում։ Այսինքն՝ կարևոր է այս ամենը ճիշտ գնահատել:  

ԴՆԹ թեստերը ապացուցում են ամենակարևորը՝ մարդու անմեղությունը կամ մեղավորությունը, այսինքն՝ բացահայտում հանցագործությունը կատարած անձին՝ գործերի բացահայտման ճշգրտությունը բարձրացնելով 5-6 անգամ: Սակայն, նախաքննական մարմինները բոլոր անհրաժեշտ դեպքերում չէ, որ նշանակում են ԴՆԹ փորձաքննություններ: 

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ կիրառվում է դատաքննական գենետիկան, կասկածյալների ու մեղադրյալների գենոտիպային տվյալները հավաքվում են իրավապահ համակարգին կից: Այդպես է նաև  Ճապոնիայում, Վրաստանում, Դանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ռուսաստանում: Դրանք սովորաբար կոչվում են ազգային հետազոտական կենտրոններ:

Հայաստանը ևս դատաքննական գենետիկայի զարգացման այդ ճանապարհն է որդեգրել: Մեր երկրում գենոտիպերի տվյալների բազա դեռ չկա, բնականաբար, դեռ օրենք չկա մարդկանց գենետիկական նմուշների հաշվառման մասին, բայց այդ ուղղությամբ քայլեր կատարվում են: 2017-ին կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այն հոկտեմբերի վերջին արժանացել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն ու ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ: Փոփոխություններով առաջարկում է ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառումներ: ԴՆԹ բնութագրերը պետք է պահվեն 80 տարի, բացառությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ չիրականացնելու մասին որոշում կայացվելու կամ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճվելու կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքերի, որոնց պարագայում ԴՆԹ բնութագիրը ենթակա է ոչնչացման` ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից այդ մասին տեղեկատվությունը ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում:

Հայաստանի կառավարությունն առաջարկում է հաշվառման վերցնել մեղադրյալներից, հանցագործության դեպքի վայրից վերցված և դատագենետիկական փորձաքննությունների ընթացքում նույնականացված ԴՆԹ բնութագրերը: Տարիների ընթացքում, երբ ԴՆԹ բնութագրերը քանակական իմաստով մեծ ծավալ կկազմեն, ոստիկանությունը կարող է համեմատական հետազոտման համար վերցված կենսաբանական ծագման նմուշների և հաշվառման մեջ գտնվող նմուշների համեմատական հետազոտում կատարելով` քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել որոնվող անձի տվյալները:

Մեր տարածաշրջանում ԴՆԹ պրոֆիլների բազա ունի Վրաստանը: Գենոտիպային տվյալների պահպանումը կատարվում է հատուկ ծրագրերի միջոցով, արդեն 2000 նմուշ կա բազայում: Օրինակ, ԱՄՆ-ում գործում է CODIS (Combined DNA Index System) համակարգը, որը թույլ է տալիս որոնման լայն հնարավորություններ կատարել: «Հետք»-ի հետ զրույցում Վրաստանի փորձագիտական ազգային բյուրոյի ներկայացուցիչ Նինո Քոչիաշվիլին նշեց, որ իրենք իրավունք ունեն օգտվել CODIS համակարգից: «Վրաստանի կառավարության որոշումն էր միանալ CODIS համակարգին: Դու պետք է ունենաս տվյալների բազա: Նախկինում մենք գործում էինք Նախագահի ապարատի ենթակայության տակ, այժմ՝ Կառավարության»,- ընդգծեց վրացի փորձագետը: Վրաստանում ԴՆԹ մեկ փորձաքննությունն արժե 800-1000 ԱՄՆ դոլար` կախված սարքերից, նյութերի ինքնարժեքից և այլն:

Վրաստանն այս ոլորտում ունի 10 տարվա փորձ. «Մենք ունենք մի բաժին, որտեղ կատարվում են քրեագիտական հետազոտություններ: Ունենք կարգ, թե ինչպես պիտի պահենք իրեղեն ապացույցը: Այդ ամբողջ ընթացքում մենք պատասխանատու ենք իրեղեն ապացույցի համար մինչև այն հետ ուղարկենք քննչական մարմինին»,- «Հետք»-ին ասաց Նինո Քոչիաշվիլին՝ պարզաբանելով, որ երբեմն պահպանում են ստացված նյութի 1/3-ը, քանի որ այլ երկրում հնարավոր է ցանկանան կատարել կրկնակի փորձաքննություն: Բյուրոն միակ փորձագիտական կենտրոնն է Վրաստանում: Վրացի փորձագետն այն կարծիքին է, որ գենետիկական փորձաքննությունները հեղափոխություն են արել քրեական արդարադատության ոլորտում, քանի որ անձի նույնականացման այնպիսի գործիք է, որի հավասարը դեռ չի ստեղծվել:

Ճապոնացի գենետիկ Մասակի Հաշիյադան, ով այս տարվա հոկտեմբերին մասնակցում էր «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները և դրանց գործնական կիրառումը» թեմայով եռօրյա սեմինարին, պատմեց, որ իր երկրում՝ յուրաքանչյուր պրեֆեկտուրայում, կա առանձին փորձագիտական լաբորատորիա, որտեղ կատարվում են տարբեր փորձաքննություններ՝ սկսած հրդեհի պատճառներից մինչև սպանության գործեր: ԴՆԹ բազան օգտագործում է ամենանոր մեթոդները: ԴՆԹ-ն անջատվում է ավտոմատ ձևով, պրոֆիլը ստանալու համար կատարվում է էլեկտրոֆորեզ: Ճապոնիայում դատական գենետիկան ներդրվել է 1990-ականների սկզբին: Ճապոնիայում ԴՆԹ կենտրոնը ստեղծվել է 2011-ին, լոկուսները բարձրացրել են մինչև 23: Ճապոնիայում 47 լաբորատորիա կա: Փորձագետները պարբերաբար ոստիկանության ազգային ինստիտուտում քննություն են հանձնում: Գենոտիպերի բազայում հավաքվում են կասկածյալների ու մեղադրյալների տվյալները՝ տարեկան մոտ 60.000 նմուշ: 2013-ի տվյալներով, Ճապոնիայում ստուգվել է 300.000-ից ավելի քաղաքացու նմուշ:

Շվեդ փորձագետ Մարի Ալենը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք համագործակցում են հետազոտողների ու իրավաբանների հետ: Շվեդիայում չկա մասնավոր փորձագիտական կենտրոն: Ոստիկանությունն է պահում գենոտիպային նմուշներն ու հաշվառում դրանք, ազգային լաբորատորիան ևս նույն տիրույթում է: Բայց երբ անձը ցանկանում է կրկնակի փորձաքննություն, համակարգը ինքն է ապահովում նմուշների դուրս բերումն այլ երկրներ:

«Շվեդիայի հասարակությունը շատ է վստահում դատական համակարգին: Եվ շատ դժվար է Շվեդիայում կասկածի տակ դնել դատարանի որոշումը: Դա է, թերևս, պատճառը, որ Անմեղության ծրագիրը նոր է սկսում աշխատանքը, և մենք փորձում ենք համագործակցել»,- նշեց պրոֆեսոր Մարի Ալենը:

Հիշեցնենք, որ Երևանում անցկացված «ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաները ու դրանց գործնական կիրառումը» գիտագործնական սեմինարը կազմակերպվել էր Փորձաքննության ազգային բյուրոյի ու Բժշկական գենետիկայի եւ առողջապահության առաջնային պահպանության կենտրոնի կողմից՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) ֆինանսավորմամբ։

Գիտության զարգացմամբ ստեղծված նոր գործիքներ ունենալը, հանցագործությունների բացահայտման նպատակով կիրառելը, միևնույն է, կախված է մարդկային գործոնից: Անհրաժեշտ է, որպեսզի դատաիրավական համակարգի համար իսկապես առաջնահերթ լինի իրական հանցագործի նույնականացումը ցանկացած քրեական գործով:

Լուսանկարում՝ Նինո Քոչիաշվիլին, Մասակի Հաշիյադան, Մարի Ալենը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter