HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ոստիկանությունն առաջարկում է հստակեցնել «քրեական բնույթի» վնասվածքների մասին ահազանգերը

Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում, ըստ որի բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ոստիկանությանը փոխանցելու պարտականությունը կստանա իրավաբանորեն որոշակի և սահմանադրական բովանդակություն։ Նախագծի բնութագրում նշվում է, որ այդ կերպ հնարավորինս կսահմանափակվի կենցաղային հարցերով հիվանդանոցային ահազանգերի ստուգման անհրաժեշտությամբ պայմանավորված` քաղաքացիներից, այդ թվում` տուժած անձանցից բացատրություններ, փաստաթղթեր պահանջելը, բնակարանային և հիվանդանոցային այցելություններ կատարելը։

Ոստիկանությունն առաջարկում է պարտականություններ նախատեսել բժշկական հիմնարկների համար՝ հետաքննության մարմնի (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի), քննիչի, դատախազի, դատարանի` տվյալ դեպքում բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու՝ օրենքով ամրագրված իրավունքի իրացման համար:

«Բժշկական հիմնարկները (հաստատությունները) պարտավոր են առանց անձի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության անձի առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման վերաբերյալ տեղեկությունները տրամադրել՝

1) Ոստիկանությանն անհապաղ, եթե դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ անձի առողջությանը կամ կյանքին վնաս է պատճառվել հանցագործության, այդ թվում` ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, կամ երբ անձի մոտ առկա հիվանդությունը կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար.

2) հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, դատարանին` քրեական գործի քննության և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունը կանխարգելելու անհրաժեշտությամբ պայմանավորված` գրավոր հարցումների հիման վրա:

Նախագծում շեշտվում է, որ չնայած բժշկական գաղտնիքի իրավունքը կարող է սահմանափակվել օրենսդրությամբ սահմանված դեպքերում, սակայն մինչ օրս բժշկական գաղտնիքի սահմանափակման դեպքերն օրենսդրորեն սահմանված չեն: Նշվում է նաև, որ չնայած ներքին գործերի և առողջապահության նախարարների 05.08.1996թ. համատեղ ցուցումում նշված է, որ բժշկական հիմնարկությունները ոստիկանությանը պետք է տեղեկություններ հաղորդեն միայն «քրեական բնույթի» վնասվածքների վերաբերյալ, սակայն պրակտիկայում մարմնական վնասվածքների բոլոր դեպքերն անխտիր փոխանցվում են ոստիկանությանը, ինչը մեծացնում է ոստիկանության ծանրաբեռնվածությունը։

Նախագծի արձանագրության մեջ ներկայացված են նաև որոշ վիճակագրական տվյալներ, ըստ որոնց 2015 թվականի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ հիվանդանոցներից մարմնական վնասվածքների վերաբերյալ ստացվել է 21 հազար 750 ահազանգ, որից միայն 8 հազար 853-ով է, որ կասկածներ են եղել հանցագործությամբ մարդու առողջությանը և կյանքին վնաս պատճառելու վերաբերյալ (գլխի վնասվածք, ուղեղի ցնցում, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածք, դիակ, կտրող-ծակող գործիքով թափանցող վերք, հրազենային վնասվածք, պոլիտրավմա, բաց կոտրվածք, անգիտակից վիճակ, թունավորում, ինքնավնասում)։

Նախագծով առաջարկվող կարգավորումն ապահովում է 2 հանգամանք`

ա) ըստ էության ճանաչվում է բժշկական կազմակերպությունների նկատմամբ վստահության պրեզումպցիան (բժիշկներն իրենք են գնահատելու առողջությանը կամ կյանքին պատճառված վնասն իրավախախտմամբ պայմանավորված լինելու հանգամանքը),

բ) նախատեսվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկի` մասնավոր կյանքի անձեռնմխելիության սահմանափակման լեգիտիմ հիմք, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter