HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պաշտոնյաներին մեղադրանքներ են առաջադրվել կաշառք ստանալու, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հայկ Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 դրամ գումար է փոխանցել Հ. Մամիկոնյանին: Վերջինս հիշյալ գումարից 30.000 դրամով կատարելով պետական վճարումները` մնացած 130.000 դրամը փոխանցել է նշված բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի տալու նպատակով:

Ա. Մկրտչյանը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, օժանդակելով իր գործընկեր, Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ Գոռ Քոչարյանի կողմից կաշառք ստանալուն, վերցրել և նրան է փոխանցել կաշառքի գումարը:

Արդյունքում, թեպետ Շ. Մակոյանը չի կատարել գործնական քննության հարցաշարում ընդգրկված գործողությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանը ստացած կաշառքի դիմաց նրան գնահատել է դրական: Բացի այդ, հիշյալ տեսուչը կաշառքի դիմաց կազմել է գործնական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, Շ. Մակոյանը քննության ընթացքում պատշաճ կատարել է նախատեսված 8 գործողությունները: Արդյունքում` հիշյալ կեղծ արձանագրության հիման վրա վարորդական հմտություններին չտիրապետող Շ. Մակոյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:

Այսպիսով, Շ. Մակոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու նպատակով նրանից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Գոռ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Կաշառք ստանալուն օժանդակելու համար տեսուչ Արմեն Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter