Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Վերաքննիչը քննում է Միհրան Պողոսյանի օֆշորային գործի կարճման որոշումը տրամադրելու «Հետաքննող լրագրողներ»-ի բողոքը



«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Վերաքննիչ դատարանում բողոքարկում է Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի անգործության վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը։

Այսօր Վերաքննիչ դատարանում կայացած նիստի ընթացքում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, իրավաբան Արա Ղազարյանը դատարանում ներկայացրեց բողոքը և նշեց, որ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի՝ որոշումները չտրամադրելու մասին որոշմամբ խախտվել են «Հետաքննող լրագրողներ»-ի իրավունքները և օրինական շահերը, քանի որ դրանք չէին պահանջվել նեղ անձնական շահերի համար։

«Գտնում ենք, որ դատական ստուգումն իրավաչափ չէ, քանի որ դատարանը միայն ստուգել է՝ արդյոք նյութը, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ, լրատվական է եղել, թե ոչ։ Դատարանը գտել է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանը դատավարության մասնակից չէ, որպեսզի նրան տրամադրվի քրեական գործ չհարուցելու մասին որոշումը»,- նշեց իրավաբանը։ 

Հիշեցնենք, որ «Հետք»-ը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն ՝ ստանալու նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի օֆշորի գործով՝ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու քրեական գործի կարճման որոշումը: Սակայն ՀՔԾ-ն մերժել էր տրամադրել կարճման որոշումը,  դատախազությունը՝ ևս:

Ըստ դատաքննությանը մասնակցող դատախազ Հայկ Պետրոսյանի՝ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի, ՀԿ-ն կարող է դիմել եւ տեսնել՝ կտրամադրեն որոշումը, թե չէ։ Սակայն կարող է չտրամադրվել՝ անձնական բնույթի գաղտնիք պարունակելու պատճառով։

Արա Ղազարյանը պնդում է, որ այս գործում  հանրային շահը գերակայում է։ «Դատարանը պետք է հաշվի առնի հանրային շահը, որովհետեւ Էդիկ Բաղդասարյանը հանրային շահ պարունակող ինֆորմացիա էր հրապարակել։ Դատավորը պետք է հաշվի առներ այս  հանգամանքը  և գործը չդիտեր որպես սովորական քրեական դատավարական գործ։ Դատարանը պետք է հաշվի առներ ինֆորմացիայի բնույթը, տարածողի մասնագիտության բնույթը՝ հետաքննող լրագրող, որը հասարակության համար կարեւոր առաքելություն է իրականացնում»,- ասում է Արա Ղազարյանը։

Իրավաբանը նշում է նաև, որ առաջին ատյանի դատարանը բողոքը մերժել էր, քանի որ որոշել էր, որ Էդիկ Բաղդասարյանի իրավունքների միջամտություն չի եղել, օրինական շահերը չեն խախտվել։

Առաջին ատյանի դատարանը մերժել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքը՝ նշելով, որ ՀԿ-ի նախագահ և www.hetq.am կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածով (անձանց հաղորդումները) նախատեսված կարգով իրավասու մարմիններին հաղորդում չի իրականացրել, այլ քրեական վարույթն իրականացնող մարմինը, նկատի ունենալով, որ լրատվական միջոցի հրապարակումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի իրավակարգավորման ուժով քրեական գործ հարուցելու առիթ է, իր նախաձեռնությամբ www.hetq.am լրատվական միջոցի հրապարակած լրատվական նյութի հիման վրա քրեական գործ է հարուցել, որի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել:

Այլ խոսքով, քրեական գործը հարուցվել է ոչ թե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կամ «Հետք» թերթի՝ որպես իրավաբանական անձանց տրամադրած հաղորդման հիման վրա, այլ լրատվության միջոցների հաղորդման առիթով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի նախատեսված կարգով։ 

Հաջորդ նիստին կհրապարակվի Վերաքննիչ դատարանի որոշումը։ Նիստը կկայանա դեկտեմբերի 17-ին։


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ