Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Սալմոնելա, հակաբիոտիկներ և ՄԱՖԱՄ. սառեցված հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները


Այս անգամ «Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ներկրված սառեցված հավի մսի 9 արտադրատեսակ, որոնցից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին։ Մնացած 5 նմուշում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է, իսկ կիրառումը՝ թույլատրվում միայն բժշկի դեղատոմսով։

 

Սննդամթերքի ցանկացած տեսակ, որը ներմուծվում է Հայաստան, անցնում է սահմանային հսկողության փուլեր, որից հետո է միայն ապրանքը հայտնվում իրացման ցանցերում և վաճառակետերում։

Սննդամթերքի որակի սահմանային վերահսկողության անմիջական պատասխանատուն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է։ Այսինքն՝ եթե տեղական արտադրողների սննդամթերքի մեջ խախտում հայտնաբերելիս պատասխանատվության էր ենթարկվում նախ և առաջ արտադրողը, ապա այս դեպքում առաջին պատասխանատուն վերահսկող մարմինն է՝ ՍԱՊԾ-ն։

  

2017թ. նոյեմբերի 13-ին մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 9 տեսակի ներկրված (բրազիլական, ռուսական, ուկրաինական) սառեցված հավի մսեր։

Դրանք ձեռք են բերվել՝ «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք» և «Պարմա» սուպերմարկետներից («Էվրիկա» սուպերմարկետների ցանցում ներկրված հավի միս այդ պահին չգտանք)։

Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։

Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ըստ ՄՄ ՏԿ 021/2011 նորմատիվ փաստաթղթերի։

 

 

ՆՄՈՒՇ N1

Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Мираторг» ընկերության սառեցված բրոյլեր հավի միսը։

Ապրանքի հայերեն մակնշման պիտակն առկա էր, մակնշումը՝ ջնջված։ Արտադրողի փաթեթավորման վրա երևում էր, որ ապրանքն արտադրված է ԳՕՍՏ 31962-2013-ի սահմանված պահանջներով, չի պարունակում ԳՄՕ, քլորով վերամշակված չէ և «մեծացված է սեփական արտադրության բնական կերերով»։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Мираторг» ընկերության հավի միսը չի համապատասխանում  ՄՄ ՏԿ 021/2011(«Սննդային արտադրանքի անվտանգության մասին» )նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։

Նրանում ՄԱՖԱՄ քանակը 7,5 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի քանակը։

Ավելին, մսի մեջ հայտնաբերվել է հակաբիոտիկ՝ լևոմիցետին ՝ 0,1517 մգ/կգ (թույլատրելի նորման՝ <0,01 մգ/կգ-ից)։

Այսպիսով, «Мираторг» ընկերության սառեցված հավի միսը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

ՆՄՈՒՇ N2

Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ ռուսական «Мираторг» ընկերության «Петруха» սառեցված բրոյլեր հավի միսը։ Ներմուծող՝ հայկական «ԼԴԼ» ՍՊԸ։

Մակնշման մեջ նշված է, որ «արտադրանքը ենթարկվել է ջերմային մշակման»։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Петруха» սառեցված բրոյլեր հավի միսը պարունակում է տետրացիկլինի խմբի հակաբիոտիկ՝ 0,035 մգ/կգ։

Այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N3

Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական  «СПК Курников» ՍՊԸ-ի «Тушка цыпленка Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի միսը։

Հայերեն մակնշումը՝ մասնակի ջնջված է, բացի այդ՝ նշված չէ ներմուծողի անունը, ինչը «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011)խախտում է։

Մակնշման մեջ գրված է, որ ապրանքը պատրաստված է Տեխնիկական պայմաններով (ՏՊ), ըստ որի՝ արտադրողը կարող է սահմանել ցանկացած  պահանջ ապրանքի որակի և բաղադրության համար։

Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Тушка цыпленка Курников» ընկերության սառեցված բրոյլեր հավի մսի մեջ ՄԱՖԱՄ թույլատրելի քանակը գերազանցում է 1,4 անգամ, ավելին՝ այն պարունակում է սալմոնելա խմբի մանրէներ, որոնք առաջանում են հենց արտադրական պրոցեսում, այլ ոչ թե տեղափոխման ժամանակ կամ վաճառակետում։

Այսպիսով, այս նմուշը ևս չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N4

Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ուկրաինական «Птахокомплекс «Днiпровський» ընկերության «Каткит» սառեցված բրոյլեր հավի միսը։

Նախ, ապրանքանիշի վրա բացակայում էր հայերեն մակնշումը, ինչն անթույլատրելի է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով, քանի որ Հայաստանում վաճառվող սննդամթերքի ցանկացած տեսակի վրա պարտադիր է հայերեն մակնշումը։ Չի համապատասխանում նաև ՄՄ ՏԿ 022/2011 տեխնիկական կանոնակարգին, ըստ որի, ապրանքի մակնշումը պետք է լինի ռուսերեն և տվյալ երկրի պետական լեզվով։

Բացի դրանից, երրորդ երկրից ԵԱՏՄ տարածք ներկրված սննդամթերքի վրա պետք է լինի EAC` (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity)  նշանը, ինչը պարտադիր պայման է և վկայում է, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։

Ուկրաինան ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար երրորդ երկիր է, իսկ սառեցված հավի միսը, ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է (թռչնամսի ռիսկի միավորը՝ 30

Չնայած մակնշման վերը նշված խախտումներին, որոնք բավարար էին, որպեսզի ապրանքն իրավունք չունենար հայտնվելու իրացման ցանցերում, լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Каткит» սառեցված բրոյլեր հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N5

Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել բրազիլական «Seara» սառեցված հավի միսը։ Ներկրող՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ։

Ինչպես նախորդ նմուշի դեպքում, այս ապրանքը ևս ունի խախտում՝ մակնշման մասով.  բացակայում էր EAC նշանը, ինչն արդեն նշվեց, պարտադիր պահանջ է երրորդ երկրից ներմուծված բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի համար։

Փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Seara» սառեցված հավի միսը համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N6

Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել բրազիլական «Պերդիգաոե» հավի սառեցված կրծքամիսը։

Ապրանքը ձեռք է բերվել՝ կշռված, «Երևան Սիթի» սուպերմարկետից։ Հետևաբար, մակնշման վերաբերյալ տեղեկությունները բացակայում են։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N7

Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել բրազիլական «Քիփ ֆրոզենե» սառեցված հավի բուդը։

Այն, ինչպես և նախորդ նմուշը, ձեռք էր բերվել կշռված, «Երևան Սիթի» սուպերմարկետից, և մակնշման վերաբերյալ տեղեկություններ չկան։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բրազիլական «Քիփ ֆրոզենե» սառեցված հավի բդի մեջ ՄԱՖԱՄ քանակը 3,5 անգամ գերազանցում է նորման։

Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

ՆՄՈՒՇ N8

Ութերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել բրազիլական «Perdix» սառեցված հավի թևերը։

Ինչպես նախորդ նմուշների դեպքում, այստեղ ևս կար մակնշման կոպիտ խախտում. բացակայում էր հայերեն մակնշումը, ինչպես նաև՝ չկար EAC նշանը։

Այսինքն՝ այս ապրանքը ևս իրավունք չուներ հայտնվելու վաճառակետում։

Եվ փորձաքննության արդյունքում պարզ դարձավ, որ «Perdix» սառեցված հավի թևերը պարունակում են տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներ՝ 0,026 մգ/կգ։

Այս ապրանքատեսակը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։

 

 

ՆՄՈՒՇ N9

Իններորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ ուկրաինական «Птахокомплекс «Днiпровський» ընկերության «Каткит» սառեցված հավի թևերը։

Դրանք ևս մակնշման կոպիտ խախտումներով էին՝ առանց հայերեն մակնշման և EAC նշանի, և ըստ օրենքի ու Մաքսային միության կանոնակարգերի՝ իրավունք չունեին հայտնվելու խանութում։

Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվեց, որ «Каткит» սառեցված հավի թևերը պիտանի են սննդում օգտագործելու համար և  համապատասխանում են սահմանված նորմերին։

 

9-ից միայն 4-ն են անվտանգ. «շանտղությու՞ն» է սա, թե ոչ

Դեռևս անցած տարի՝ նոյեմբերին, անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի խնդրին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը «շանտղություն» որակեց այն, որ չի վերահսկվում, թե «մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»՝ ավելացնելով, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն է եղել, որից « պահանջվում է խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում»: 

Դրանից հետո եղան տարբեր հրապարակումներ, մասնավորապես՝ «Հետք»-ը հրապարակեց մի շարք հոդվածներ՝ սննդամթերքի ոլորտում առկա խախտումների մասին, որոնք վերաբերում էին ինչպես մակնշումներին (մանրամասն օրինակներ տես՝ այստեղ), այնպես էլ  ցածր միկրոտարրերով և ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակով մանկական ջրերին ու բուսական յուղ պարունակող պլոմբիր պաղպաղակներին:

ՍԱՊԾ-ն «ուսումնասիրեց» հրապարակումները, «հանձնարարականներ տվեց», բայց դրանից հետո էական բաներ չփոխվեցին։ Ավելին, կային խախտումեր, որոնք նույնիսկ ՍԱՊԾ-ի զգուշացումից հետո մնացին նույնը (տես՝ «Խախտումներ, որոնք չեն փոխվել նույնսիկ ՍԱՊԾ հանձնարականից հետո» ենթավերնագրում

Այս բոլոր «հիմքերը» ներկայացրել էինք նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին, ով կարծում էր, որ ԶԼՄ հրապարակումները հիմնավորված չէին և հայտարարություններն արվում էին «ընդհանուր կարգով»:

Դարձյալ, ոչ մի փոփոխություն։

Այս անգամ, փորձաքննված սառեցված հավի 9-ը նմուշից միայն 4-ն են համապատասխանել սահմանված նորմերին (նմուշներ՝ N4, N5, N6 և N9

Մնացած 5-ում հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ նմուշ N1,  N3, N7_ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ, ինչը վկայում է արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի կամ ջերմային ռեժիմների խախտման մասին, կամ արտադրությունից հետո՝ տեղափոխման ժամանակ, վաճառակետերում պահպանման պայմանների և հիգիենիկ նորմերի չպահպանման մասին։

Սալմոնելա մանրէներ՝  նմուշ N 3-ում, ինչի առկայությունը վկայում է արտադրության պրոցեսում թույլ տված սանիտարահիգիենիկ նորմերի խախտման մասին։

«Սալմոնելայի խմբի մանրէներ չեն առաջանում պահպանման սխալ պայմաններում, և քիչ հավանական է, որ կլինեն վաճառասրահից վարակված,- ասում է «Ստանդարտ դիալոգ» փորձարկման լաբորատորիայի ղեկավար Կարեն Դարբինյանը։- Ավելի շատ դա արտադրության պրոցեսի ժամանակ առաջացած խախտում է»,- պարզաբանում է նա։

Կարեն Դարբինյան

Հայտնաբերվեցին հակաբիոտիկներ հետևյալ նմուշներում` N1, N2, N8, որոնց առկայությունը թռչնամսում հիմնականում պայմանավորված է նրանց բուժման նպատակով կիրառված հակաբիոտիկներով:

Թեև դրանց օգտագործումը թռչնարտադրության մեջ արգելված չէ, սակայն կա հստակ ընթացակարգ՝ որով սահմանվում է, թե հակաբիոտիկների կիրառումից հետո որքան ժամանակ հետո կարելի է իրականացնել թռչնի մորթը և հետագա իրացումը։

«Թռչնի բուժման նպատակով կիրառել են հակաբիոտիկ և չեն սպասել, որ այն դուրս գա օրգանիզմից ու մորթ են կազմակերպել,- պարզաբանում է Կ. Դարբինյանը։- Կամ թռչունն անկման մոտ է եղել, մտածել են, որպեսզի չկորցնեն, հիվանդ վիճակում մորթեն և վաճառեն»։

Ըստ «Դեղերի մասին» նոր օրենքի՝ հակաբիոտիկներ կարելի է ձեռք բերել միմիայն բժշկի նշանակմամբ և դեղատոմսով։ Ավելին, դրանց հաճախակի և ինքնակամ կիրառումն անթույլատրելի է, քանի որ մեր օրգանիզմում տվյալ հակաբիոտիկների նկատմամբ ձևավորվում են կայուն միկրոօրգանիզմներ, ինչը նշանակում է, որ հետագայում նման հիվանդությունների բուժման համար մեզ անհրաժեշտ կլինեն ավելի ուժեղ ազդեցությամբ հակաբիոտիկներ։

Ուրեմն՝ մենք կամա, թե ակամա օգտագործում ենք հակաբիոտիկներ առօրյայում՝ սննդի մեջ՝ առանց, նույնիսկ, մտածելու այդ մասին։

Որպես հետգրություն...

Եվրոպական հանձնաժողովի՝ RASFF պորտալում (սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալ) վերջին 2 ամիսների ընթացքում (2.10.2017-ից մինչև 02.12.2017) տեղադրվել է սառեցված հավի մսերի մեջ հայտնաբերված շուրջ 66 խախտում։

Դեպքերի մեծամասնությունը վերաբերում է սառեցված հավի մսերի մեջ հայտնաբերված սալմոնելայի խմբի մանրէներին։ Արտադրման երկիրը՝ հիմնականում Բրազիլիա։

ՍԱՊԾ-ն իր պաշտոնական կայքում նշում է, որ ուսումնասիրում է RASFF համակարգն ու օգտվում դրանից։

Հարց ՍԱՊԾ-ին՝ վերջին անգամ ե՞րբ է մոնիթորինգ իրականացրել սառեցված հավի մսի շուկայում, տեղյա՞կ է եղել արդյոք նշված դեպքերից, ի՞նչ քայլեր է ձեռնարկել։

Ու ի՞նչ քայլեր կձեռնարկի այս հրապարակումից հետո։

 

Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ

լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Mariam18:21 - 6 դեկտեմբերի, 2017
http://hetq.am/arm/news/81025/ Հիշեցնում ենք , որ Սարատովի թռչնակոմբինատ ԿՈՒՌՆԻԿՈՎ ընկերությունը առաջինն էր , որ ստացավ սանիտարական անձնագիր.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։