HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վախթանգ Միրումյան․ «Անհամեմատ կրճատվում են ապրանքների մաքսային հայտարարագրման և տեղափոխման ժամկետները»

Խորհրդարանում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցող կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն իր ելույթում հայտարարեց, որ նոր մաքսային օրենսգիրքը մաքսային ընթացակարգերի էական բարելավում է նախատեսում։

«Անհամեմատ կրճատվում են ապրանքների մաքսային հայտարարագրման և տեղափոխման ժամկետները, կրճատվում են նաև արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող  մարմիների և հարկային մարմիների շփումները, նոր օրենսգիրքը ավելի հստակ կանոններ է սահմանում մաքսային ընթացակարգերի կիրառման առումով», - ասաց Միրումյանը՝ հավելելով, որ հնարավորություն է ընձեռվում նաև էլեկտրոնային կառավարման անցնել, ինչը կփոքրացնի ռիսկերը։

Վախթանգ Միրումյանի խոսքով՝ կրճատվում է ապրանքների հայտարարագրման ժամկետը՝ երկու ժամից դառնալով մեկ ժամ։

«Այն պարտավորեցնում է մաքսային մարմիններին անճշտությունների դեպքում տեղեկացնել տնտեսվարող սուբյեկտներին՝ հնարավորություն տալով ուղղել մաքսային հայտարարագիրը, որից հետո ընդունումը կատարել մեկ ժամվա ընթացքում։ Նախատեսված է նաև հնարավորություն` հայտարարագրում իրականացնել առանց ուղեկցող փաստաղթղթերի, սա նորույթ է ըստ էության։ Համեմատության համար նշեմ, որ ներկայումս ուղեկցող փաստաթղթերով է կատարվում՝ անկախ այն հանգամանքից տնտեսվարողի ուղին ընտրված է, թե ոչ»,- ասաց Միրումյանը։

Հիմնական զեկուցողի խոսքով՝ այժմ եթե տնտեսվարողի համար ընտրվի կանաչ ուղի, ապա անհրաժեշտություն չի լինի փաստաթղթեր ներկայացնել, եթե ընտրվի դեղին կամ կարմիր ուղի, ապա անհրաժեշտ կլինի ներկայացնել համապատասխան փաստաթղթեր։ Միրումյանը տեղեկացրեց նաև, որ ներդվելու է «մեկ պատուհան» համակարգը, ըստ որի՝ եթե տնտեսվարող սուբյեկտի մասին համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել, և այն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու համար կարիք չկա նորից նույն փաստաթուղթը ներկայացնելու։

«Եթե ապրանքների ներմուծում է իրականացվել, և համապատասխան երաշխիք  է ներկայացվել մեկ տարի ժամկետով, այդ մեկ տարվա ընթացքում հետագա ներմուծումները կատարելու համար տնտեսվարողը պարտավորված չի լինի նույն փաստաթուղթը  ներկայացնել»,- ասաց նա։

Նոր օրենսգիրքը նախատեսում է նաև վճարումների կատարման կանխավճարային համակարգ, որին տնտեսվարողը կարող է միանալ ցանկության դեպքում, այն լինելու է կամավոր։

«Օրինակ, երբ տնտեսվարող սուբյեկտը գիշերային ժամերին ապրանք է ներմուծում, կարող է օգտագործել կանխավճարային հաշվում առկա գումարը և առանց խոչընդոտի ներմուծումը կատարել»,- ասաց Միրումյանը։

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց, թե որ մարմինն է որոշում տնտեսվարող սուբյեկտի ուղին՝ այն կանաչ է, դեղին, թե կարմիր և հարցրեց, թե արդյոք կոռուպցիոն ռիսկ չի՞ կարող լինել այն որոշելիս։ ՊԵԿ նախագահի տեղակալն արձագանքեց, որ համակարգն ավտոմատացված է, ծրագրի միջոցով է որոշվում, և բացառեց մարդկային գործոնի մասնակցությունը։ Միրումյանը նկատեց, որ չափորոշիչները գաղտնի են, ուստի չի կարող դրանք հրապարակել, միայն հավելեց, որ չափորոշիչներով առաջնորդվելիս դեր ունեն մի շարք հանգամանքներ, ինչպես՝ ներմուծվող ապրանքի երկիրը, ապրանքատեսակը, տնտեսվարող սուբյեկտի վարքագիծը և այլն։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե որտե՞ղ է երաշխիքը, որ այս օրենսգիրքը գործելու է, և հայ գործարարները չեն ունենալու այնպիսի խոչընդոտներ, ինչպես հայ վարորդներն են ունենում վարորդական վկայականների հետ կապված։ Միրումյանն արձագանքեց, որ երաշխիքը օրենսդրությունն է, հստակ սահմանված խաղի կանոնները և այն փոխհարաբերություններն են, որոնք իրավական հարթությունում կան մեկ միության մեջ գտնվող պետությունների տնտեսվարող սուբյեկտների միջև։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter