Երկուշաբթի, 11 դեկտեմբերի

Կիևում ձերբակալվել է Միխեիլ Սահակաշվիլին. նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում



Ուկրաինայի դատախազության վարած հետաքննության շրջանակներում Կիևում ձերբակալվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, այժմ «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ հատուկջոկատայինները նրան բռնել են իր տան տանիքից

Մինչև ձերբակալությունը վրացի քաղաքական գործիչը ֆեյսբուք իր պաշտոնական էջում ուղիղ հեռարձակմամբ սպառնում էր, որ իրեն ցած կնետի ութհարկանի շենքի տանիքից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը խուզարկել էր Միխեիլ Սահակաշվիլու՝ Կիևում գտնվող տանը:

Սահակաշվիլին մեղադրվում է հանցավոր կազմակերպությունների անդամների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը չի բացառել, որ Սահակաշվիլիին կարող են մեղադրանքներ առաջադրվել նաև այլ հոդվածներով:

Միևնույն ժամանակ 49-ամյա գործչի աջակիցները բողոքի ցույց են սկսել: Նրանցից ոմանք ձվեր են նետել ոստիկանների ուղղությամբ, որին ի պատասխան իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել: Սկսված բախումների հետևանքով կան տուժածներ:

Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն Ռադայի նիստի ժամանակ դատապարտել է Ուկրանիայի իշխանությունների գործողությունները:

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Կիևում ընթացող իրադարձություններին՝ ընդգծելով, սակայն, որ այդ ամենը «Ուկրաինայի գլխացավանքն է»:

Հիշեցնենք, որ Կիևում բողոքի ակցիաները սկսվել էին դեռևս հոկտեմբեր ամսին: Սահակաշվիլու առաջնորդած շարժման մասնակիցները պահանջում էին չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսգիրքը և ստեղծել հակակոռուպցիոն դատարան:

Լուսանկարը՝ REUTERS / Valentyn Ogirenko


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ