HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում վերջին անգամ է փոփոխություն կատարվում

Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի և Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի հեղինակներն առաջարկում են երկարացնել օրենքի գործողության ժամկետը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31ը՝ հնարավորություն ընձեռելով մինչ այդ ժամկետը 27 տարեկանը լրացած արական սեռի այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Հայաստանից դուրս, վերադառնալ հայրենիք՝ բացառելով վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը։ Օրենքում արդեն մի քանի անգամ փոփոխություն արվել է, սակայն խորհրդարանի ամբիոնից իշխող ուժի ներկայացուցիչները վստահեցրին, որ սա վերջին անգամն է, երբ օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է։

Նախագծի հարակից զեկուցող, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նկատեց՝ որքան էլ տարբեր պատճառներով են Հայաստանի քաղաքացիներն արտերկրում հայտնվել և չեն կարողացել գալ պարտադիր զինվորական ծառայության, միևնույն է, օրենքը շարունակում է մնալ «բանակից խուսափած» մարդկանց մասին օրենք։

«Մենք կարծում ենք, որ այս օրենքը կարողացել է հանդիսանալ բանակից խուսափել ցանկացողների համար հնարավորություն: Դրա համար մենք առաջարկում ենք, որ այն դուրս գա իրավական համակարգից: Մենք հեղինակների հետ քննարկումների արդյունքում եկել ենք համաձայնության այդ հարցում, նաև որոշակիորեն բարձրացրել ենք վճարի շեմը»,- ասաց Արտակ Զաքարյանը։

Փոխնախարարը հայտարարեց, որ օրենքում փոփոխությունը կատարվում է վերջին անգամ․ «Մենք մեր քաղաքացիներին ազնվորեն պետք է ասենք, որ հարգելի քաղաքացիներ, սա վերջին հնարավորությունն է, և այս հաջորդ երկու տարիների ընթացքում՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, օգտվեք ընձեռված հնարավորությունից»։

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց, թե ինչ է լինելու այն քաղաքացիների հետ, որոնք այդ ժամկետներից հետո են հայրենիք վերադառնալու, ինչին փոխնախարարը պատասխանեց․ «Նման քաղաքացիները ունեն մի քանի ճանապարհ՝ դատական կարգով պատասխանատվություն, իսկ եթե ժամանակը չի ավարտվել, օտար ափերում ժամանակ անցկացնել»։

Նկատենք նաև, որ օրենքի փոփոխությամբ բարձրացվում են նաև քրեական հետապնդումը դադարեցնելու դրույքաչափերը. եթե մինչ 2015 թվականը գործող օրենքով մեկ զորակոչից խուսափելու համար քաղաքացին վճարում էր նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով գումար, ապա այժմ կվճարի նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով։

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս նկատեց, որ օրենքում փոփոխությունը կատարվում է վերջին անգամ, ուստի արտերկրում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն, ունեն հնարավորություն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը գալ Հայաստան, վճարել համապատասխան տուրքը և ազատվել քրեական պատասխանատվությունից։

«2019թ. դեկտեմբերի 31-ից հետո արդեն զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառվելու է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, նրանք այլևս լեգալ հիմքեր չեն ունենա գումարի դիմաց քրեական հետապնդումից ազատվելու համար»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter