Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

Աղքատության մակարդակը Հայաստանում «կրիայի տեմպերով» է նվազում



Աղքատության մակարդակը դեռևս գերազանցում է նախաճգնաժամային 2008 թվականի մակարդակը։

Համաձայն 2016 թվականի տվյալների՝ աղքատության մակարդակը Հայաստանում կազմել է 29.4%, ինչը նշանակում է, որ մեր երկրում աղքատ է մոտավորապես ամեն երրորդ բնակիչը։ Ընդ որում՝ 29.4% աղքատների ընդհանուր թվաքանակի մեջ 8%-ը համարվում է շատ աղքատ, 1.8%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ մնացած 19.6%-ը՝ ուղղակի աղքատ (տե՛ս առաջին գծապատկերում)։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) նոր հրապարակումից։

Իսկ եթե այս ցուցանիշները դիտարկում ենք ըստ բնակչության թվի, ապա ունենք այսպիսի պատկեր՝ աղքատների ընդհանուր թվաքանակը Հայաստանում կազմել է մոտ 880 հազար մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)` մոտ 295 հազար, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 54 հազար մարդ:

Ստացվում է, որ 2015 թվականի համեմատ աղքատության մակարդակը նվազել է 0.4 տոկոսային կետով։ 2015-ին այն կազմել էր 29.8%։

2016 թվականին Հայաստանում տնտեսական աճը կազմել է միայն 0.2%: «Այդպիսի համեստ աճը բավարար չէ երկրում աղքատության մակարդակի նվազման համար։ Այնուամենայնիվ, առաջին անգամ՝ 1996թ.-ին աղքատության մակարդակի պաշտոնական գնահատման հրապարակումից հետո, 2016թ.-ին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ ցուցաբերեց գնանկում, ինչը նպաստեց աղքատության գծերի նվազմանը»,- եզրակացրել են «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի հեղինակները։

2016-ին, ինչպես և նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008թ.-ի աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով։

Ըստ վիճծառայության մեթոդաբանության՝ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից, շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին գծից, իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից: Այս գծապատկերը ցույց է տալիս նշված երեք աղքատության գծերը՝ 2016 թվականի գներով: Գծապատկերը կազմել է ԱՎԾ-ն։

Հայաստան. Աղքատության մակարդակը և աղքատության գծերը 2016 թվականին

Ինչպես նշեցինք, 2016 թվականին աղքատության մակարդակը կազմել է 29.4%՝ 2015 թվականի համեմատ արձանագրելով նվազում միայն 0.4 տոկոսային կետով: Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 40 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:

Երևանում աղքատության մակարդակը 1.3 անգամ ցածր է, քան մյուս քաղաքներում

Աղքատության պատկերը բավականին անհավասարաչափ է «բաշխված» Երևանի և մյուս քաղաքների միջև։ Իսկ ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի` տարբերությունը համեմատաբար փոքր է։

Այսպես, 2016 թվականին Երևանում աղքատության մակարդակը կազմել է 24.9%։ Այն 1.3 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում։ Հանրապետության մյուս քաղաքներում աղքատության մակարդակը միջինը 33.2% է։

Միջին հանրապետականից բարձր են Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Արմավիրի մարզերի ցուցանիշները: Շիրակի մարզում գրանցվել է հանրապետության կտրվածքով ամենաբարձր աղքատության մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության մոտ 46%-ը:

Ըստ վիճծառայության տվյալների՝ 2016-ին աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008-ի ցուցանիշներին, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ որոշ մարզերում և Երևանում։ Բացառություն են Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերը: Այդուհանդերձ, ավելի արագ տեմպերով այդ ցուցանիշը աճ է գրանցել Տավուշում ` 1.5 անգամ, Երևանում, Արմավիրում և Սյունիքում ՝ 1.2 անգամ:

Նույն ժամանակահատվածում աճել է նաև ծայրահեղ աղքատության մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ Երևանում և որոշ մարզերում` բացի Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Այդուհանդերձ, ծայրահեղ աղքատության մակարդակն առավել բարձր է Շիրակի (3.7%), Լոռու (2.7%), ինչպես նաև Տավուշի մարզում և Երևանում (1.9%):

2016 թվականին աղքատության մակարդակի տարբերությունը ըստ քաղաքային (28.8%) և գյուղական բնակավայրերի (30.4%) մեծ չէ:

Որքան կարժենա աղքատության հաղթահարումը

Վիճծառայության հաշվարկներով աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 63.2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1.2% կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների` ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին։

Իսկ միայն ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0.03 %-ը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և ապահովելով բարձր հասցեականություն:

«Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են»,- նշված է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում:

Ինչ է խոստացել կառավարությունը

Ըստ Հայաստանի ներկայիս կառավարության ծրագրի (2017-2022թթ. ծրագիրը)՝ պլանավորված է մինչև 2022 թվականը Հայաստանում աղքատության մակարդակը նվազեցնել 12 տոկոսային կետով։ Եթե հիմք ընդունենք 2016-ի ցուցանիշը (29.4%), ապա աղքատության մակարդակը 2022 թվականին պետք է դառնա 17.4%:  Իսկ դա նշանակում է, որ եթե այսօր մեր երկրում աղքատ է ամեն երրորդ բնակիչը, ապա առաջիկա տարիներին պետք է աղքատ լինի ամեն հինգերորդը։ Բայց սա միայն այն դեպքում, երբ կառավարության ծրագիրն իրականանա։

Եթե այս տարվանից սկսած տարեկան միջինը 2.4 տոկոսային կետով նվազի աղքատության մակարդակը, ապա 2022-ին այն կարող է հասնել 17.4%-ի։ Չնայած 2.4 տոկոսային կետը մեծ ցուցանիշ չէ, սակայն վերջին երկու տարիներին աղքատության մակարդակը 1 տոկոսային կետով էլ չի նվազում։ Հիշեցնենք, որ 2015-ին էլ, նախորդ տարվա համեմատ, այն նվազել է միայն 0.2 տոկոսային կետով (30.0%-ից 29.8%):


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (1)
1. Garbis Korajian22:08 - 5 դեկտեմբերի, 2017
Poverty will decrease when the government of Serj Sargsyan creates economic opportunities for the poor and stop the rampant corruption. A fair and equitable distribution of wealth is also necessary to reduce poverty. In essence, top government officials have to start thinking about the well-being of their citizens and stop robing the country.
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ