HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վկան պնդում է, որ հավաքն առաջնորդողների մեջ տեսել է Անդրիաս Ղուկասյանին

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօրվա նիստին որպես դատախազ գործի մեջ ներգրավվեց նաեւ Հակոբ Ենոքյանը, սակայն սա պաշտպանական կողմի դժգոհության պատճառ դարձավ։ Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Ըստ փաստաբանի՝ դատախազը ներկայացել էր նիստին՝ առանց լիազորագրի, իսկ դատարան ներկայացրած գրությունը լիազորագիր չէր։ «Դատախազությունը ինչ գրություն էլ Ձեզ ներկայացնի, պարոն Գրիգորյան, թեկուզ առանց հիմնավորման, Դուք կընդունեք եւ դրանում նշվածը կանեք»,- հայտարարեց փաստաբանը։

Դատախազը նշեց, որ գործով վերադաս դատախազ չէ ինքը, եւ չկա վերադաս դատախազի լիազորության խնդիր։ «Ես գործի մեջ ներգրավվում եմ որպես դատախազ, ոչ թե փոխարինում եմ ինչ-որ մեկին»,- հայտնեց նա։ Դատախազը նշեց նաեւ, որ բացարկի հիմքեր չի տեսնում, ասաց, որ մեղադրանքի նկատմամբ ունի նույն լիազորությունները, ինչն ունի մեղադրանքն ընդունող դատախազը։

Դատավոր Վարդան Գրիգորյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց որոշումը եւ մերժեց ներկայացրած միջնորդությունը՝ հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ։

Այսօրվա նիստին վկայությամբ հանդես եկավ ոստիկանության աշխատակից Հայկ Արոյանը։ Նա նշեց, որ հուլիսի 29-ին ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, հետո հրամանին հետեւելով, տեղափոխվել Օպերա:

«Երթ պիտի լիներ, հասարակական կարգը պահպանելու համար գնացել ենք Օպերա: Այնտեղ քարոզներ էր հնչում, չեմ հիշում՝ ինչ, հետո երթն ենք ուղեկցել՝ իմանալով, որ հավաքվածները պիտի գային Խորենացի փողոց»,- նշեց վկան։

Ըստ վկայի՝ հավաքի մասնակիցները երթով պիտի մոտենային Խորենացի փողոց, սակայն Նար-Դոս փողոցում ժողովուրդը կանգնել էր, հետո քայլել դեպի Սարի թաղ: «Սկսեցին  կոչեր հնչեցնել՝ Սարի թաղ, դեպի Սարի թաղ։ Մենք՝ աշխատակիցներս, քիչ էինք եւ ժողովուրդը, հրելով, բրդելով մտավ Սարի թաղ»,- նշեց վկան:

Ըստ Արոյանի՝ հավաքի մասնակիցներին առաջնորդել են Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրիաս Ղուկասյանը։ «Նրանք վանկարկում էին՝ «Սասնա ծռեր», «Պավլիկ», նպատակն այն էր, որ հասնեին «Սասնա ծռերին»։ Քայլում էին դեպի էդ կողմը՝ Սասնա ծռե́ր, մենք ձեզ հետ ենք, կոչերով»։

Այսօր նաև հարցաքննվեց ոստիկանության կրտսեր տեսուչ Հայկազ Սարգսյանը, ով Խորենացի փողոցում ծառայություն է իրականացրել: «Հրաման եղավ, ասացին, որ բարձրանանք Սարի թաղ, որովհետեւ այնտեղ ավելի լարված էր, ցուցում ունեինք՝ ովքեր չենթարկվեն ոստիկանության պահանջներին, բերման ենթարկել»,- նշեց վկան: Նա հայտնեց, որ հավաքի ընթացքում չի նկատել Անդրիաս Ղուկասյանին, չի տեսել՝ արդյոք նա նույնպես վանկարկումներ ու կոչեր է հնչեցնում, թե ոչ:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, սակայն այն կհրապարակվի հաջորդ նիստին:

Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 12-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter