Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

«Սարի թաղի» գործով վկա ոստիկանների հարցաքննությունը շարունակվում է



Սարի թաղում անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հրայր Իսախանյանի, Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի գործով այսօրվա նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը։ Վկայությամբ հանդես եկավ Վիլեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ դեպքի օրը՝ 2016-ի հուլիսի 19-ին, ծառայության մեջ է եղել և հասարակական կարգ է պահպանել Գլինկա և Որմնադիրներ փողոցում: Նա ոստիկանության տեսուչ է, սակայն դեպքի օրը եղել է քաղաքացիական հագուստով: Ըստ վկայի ցուցմունքի՝ լսել է բարձր բղավոցներ, ձայներ և մոտեցել հավաքված քաղաքացիներին:

«Հենց հասա քաղաքացիներին, քարեր սկսեցին նետել: Ես մոտակա տների բնակիչներին պահանջում էի չմոտենալ, մտնել տները, քանի որ գնդի մոտից կրակոցներ էին լսվում։ Որմնադիրներ փողոցի բնակիչները չենթարկվեցին, եկան դեպքի վայր, իսկ Սարի թաղի բնակիչները սկսեցին վերեւից քարեր նետել»,- հայտնեց վկան։

Համբարձումյանը չի լսել՝ ինչ են խոսել քաղաքացիներն ու ոստիկանները, չի հասկացել՝ ինչ են պահանջել. «Չեմ լսել՝ ինչ էին խոսում, հետո ուղղակի սկսեցին քարեր նետել։ Ովքեր փախուստի էին դիմում, ոստիկանության աշխատակիցները բռնում էին, մտցնում մեքենան։ Ես չորս-հինգ բերման ենթարկվող քաղաքացու եմ տեսել»,- հայտնեց վկան։ Հետո նշեց, որ դեպքի վերաբերյալ տեսանյութը չի տեսել։ Համբարձումյանի հետ դեպքի վայրում եղել են նաև երկու այլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր կանգնած են եղել հավաքված քաղաքացիների եւ ոստիկանների մեջտեղում՝ Որմնադիրներ փողոցում։

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին՝ եթե քաղաքացիական հագուստով այլ ոստիկաններ լինեին, արդյոք վկան կճանաչե՞ր, վերջինս ասաց. «Այո´, կծանոթանայի, չէ որ միասին են ուղարկում ծառայության, գիտենք, որ նույն մարդիկ են։ Եթե տարբեր բաժիններից ենք, միանգամից հավաքվում ենք, ղեկավարը հրաման է տալիս եւ գնում ենք ծառայության»։

Փաստաբանը շարունակեց հարցերը և ասաց. «Իսկ հնարավոր չէ՞ր, որ օրինակ Արաբկիրի ոստիկանությունից էլ լինեին քաղաքացիական հագուստով ոստիկաններ և Դուք չճանաչեիք նրանց», որին ի պատասխան՝ վկան հայտնեց. «Եթե լինեին, կճանաչեինք, չէին կարող ուղղակի գալ այնտեղ, որտեղ ես ծառայություն եմ անցկացնում»։

Վկան չհիշեց, թե ինչ գույնի հագուստով է եղել դեպքի օրը: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց, թե հնարավո՞ր է, որ վկան հայհոյած, քարով հարվածած լինի քաղաքացիներին կամ կրած լինի կարմիր, սպիտակ կամ դեղին գույնի վերնաշապիկ, այս հարցին, վկան պատասխանեց՝ հնարավոր է։ Նա ավելացրեց, որ ժողովուրդը «հանգիստ չի խոսել», անիվներ է գլորել։ Նախաքննական և դատաքննական ցուցմունքում հակասություններ լինելու պատճառով հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը։

Երկրորդ վկան Հրաչ Մուրադյանն էր։ Նա եւս դեպքի օրը քաղաքացիական հագուստով է եղել, նշեց, որ ինքը  փորձել է քաղաքացու բերման ենթարկել, ով քարերով հարվածել է ոստիկանների։ «Մարդիկ կային, որ հրահրում էին, կար դեղին մայկով մի անձ, ում կողմից քաշքշոց եմ տեսել, կարմիր շապիկով անձը եւս ակտիվ էր»,- հայտնեց Մուրադյանը։ Վկան նշեց, որ քաղաքացիները Սարի թաղի վերեւի հարվածից քարեր են շպրտել, որոնք անմիջապես չեն կպել իրենց ՝ աջ ու ձախ ընկնելու պատճառով։

Փաստաբանի այն հարցին՝ արդյո՞ք այն մարդիկ, ովքեր քարեր են նետել, քաղաքացիներ են եղել, թե՞ ոստիկաններ Վկան պատասխանեց՝ «ես ի՞նչ իմանամ»։ Վկան նախաքննական ցուցմունքում գրել էր, որ ծառայության է եղել Հրաչ Մուրադյանի եւ Արմեն Առուշանյանի հետ, փաստաբանը հարց ուղղեց՝ Հրաչ Մուրադյան ազգանունով այլ անձ ևս աշխատե՞լ է իրենց հետ: Վկան բացասական պատասխան տվեց ՝ նշելով, որ եղել է Արմեն Առուշանյանի և Վիլեն Համբարձումյանի հետ: Լիպարիտ Սիմոնյանը հարց ուղղեց՝ այդ դեպքում, ստացվում է, որ Դուք Ձեզ հետ եք ծառայություն իրականացրել, վկան ասաց՝ այո:

Մուրադյանը նաև չհիշեց բերման ընթացքում տեսած մարդկանց թիվը՝ մոտ 5-6 հոգի, որը նշել էր նախաքննական ցուցմունքում: Փաստաբանին արժանահավատ չթվաց վկայի՝ մարդկանց «մոտավոր» քանակ հայտնելը և հեգնական հարց ուղղեց՝ հնարավո՞ր է, օրինակ, 7,5 հոգի լինել, ինչին վկան քմծիծաղով պատասխանեց՝ այո:

Փաստաբանները որոշեցին, որ հարցաքննությունը պետք չէ այլևս շարունակել, քանի որ վկան հստակ պատասխաններ չի տալիս:

Այս գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 25-ին:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ