Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

Ռուսաստանի հավաքականը զրկվեց 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից



Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը Լոզանում կայացած նիստի ժամանակ որոշում է ընդունել հեռացնել Ռուսաստանի օլիմպիական հավաքականին 2018 թվականին կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից՝ կապված դոպինգ-սկանդալի հետ: Այն ռուս մարզիկները, որոնք դոպինգ-սկանդալի մասնակիցներ չեն, հնարավորություն կստանան մասնակցելու խաղերին Օլիմպիական դրոշի ներքո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Հրավիրված մարզիկները կմասնակցեն «Ռուսաստանցի օլիմպիական մարզիկ» անվան տակ: Նրանք պետք է մրցեն միայն այդ անունով և Օլիմպիական դրոշի ներքո: Օլիմպիական հիմնը կհնչի յուրաքանչյուր արարողության ժամանակ»,- ասվում է ՄՕԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանցի մարզիկների ցանկը, որոնք հրավեր կստանան մասնակցելու հարավկորեական Փյոնչանում կայանալիք խաղերին, պետք է կազմվեն ֆրանսիացի պատգամավոր Վալերի Ֆուրներոնի ղեկավարած հանձնաժողովի կողմից: Ընտրված մարզիկների ցանկը իր հերթին պետք է վավերացնի ՄՕԿ-ը:

ՄՕԿ-ի հաղորդագրությունում նշվում է նաև, որ սպորտի նախկին նախարար, ներկայում Ռուսաստանի վարչապետի՝ սպորտի, տուրիզմի և երիտասարդության հարցերով տեղակալ Վիտալի Մուտկոն ցմահ որակազրկվում է բոլոր Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովի անդամակցությունը ՄՕԿ-ին կասեցվել է:

Բացի այդ, Ռուսաստանը պետք է 15 միլիոն ԱՄՆ դոլար վճարի ՄՕԿ-ին՝ որպես հակադոպինգային հետաքննությունների ծախսերի փոխհատուցում:

Ռուս մարզիկների շուրջ ծագած դոպինգ-սկանդալի առանցքային անձանցից մեկը Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովն է, ով 2016 թվականի հունվարին տեղափոխվել է ԱՄՆ և տեղեկություններ փոխանցել  Միջազգային հակադոպինգային գործակալությանը (WADA): Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոդչենկովը հայտարարել է, որ Ռուսաստանում դոպինգի կիրառումը պետական աջակցություն է ստանում: Ռուսաստանի իշխանությունները Ռոդչենկովի հայտարարությունները կտրականապես հերքել էին:

ՄՕԿ-ի հետաքննություն արդյունքում 2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում նվաճած իրենց մեդալներից զրկվեցին արգելված խթանիչներ օգտագործած տասնյակ ռուս մարզիկներ, ինչի հետևանքով Ռուսաստանի հավաքականը թիմային հաշվարկում 1-ին հորիզոնականից իջավ 3-րդ հորիզոնական:

Ռուս մի շարք հայտնի մարզիկներ, մարզական մեկնաբաններ և քաղաքական գործիչներ դատապարտել են ՄՕԿ-ի ընդունած որոշումը, իսկ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը (ВГТРК) հայտարարել է, որ առանց Ռուսաստանի հավաքականի մասնակցության Փյոնչանում կայանալիք Օլիմպիական խաղերը չեն հեռարձակվի:

Դեռևս պարզ չէ, թե ռուս մարզիկները Օլիմպիական դրոշի ներքո կմասնակցե՞ն խաղերին, թե ոչ: Այս հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ըստ «Սպորտ-Էքսպրես» պարբերականի՝ ռուսական սպորտի պատմության մեջ տեղի ունեցած աննախադեպ իրադարձության մասին հայտարարություն կանի դեկտեմբերի 6-ին:

Լուսանկարը՝ Associated Press-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ