HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Աղքատությունը միակ նախապայմանն է, որ այս քաղաքական թիմը լինի իշխանության»

Խորհրդարանում քննարկվում է 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին, որի համար մի շարք պատճառներ կան։

«2018-ը լինելու է թանկացումների տարի, գնաճը կանխատեսվել է չորս տոկոս, ինչը վերջին տարիների գնաճի ամենաբարձր կանխատեսումն է, և շատ մեծ է հավանականությունը, որ իրականությունն ավելի մեծ կլինի»,- ասաց նա։

Պատգամավորը խոսեց վերջին շրջանի թանկացումների մասին՝ հիշեցնելով, որ կարագը թանկացել է շուրջ 39%-ով, խոզի միսը 40%-ով, տավարի միսը 20%-ով, բենզինը 8%-ով, նաև հիշեցրեց, որ հաջորդ տարի ևս թանկացումներն անխուսափելի են լինելու, քանի որ շուրջ 700 անուն ապրանքատեսակի մասով ԵՏՄ նոր մաքսատուրքերն են ուժի մեջ մտնելու, ինչպես նաև Հարկային նոր օրենսգիրքն է գործելու։

«Սպասվում է օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված բնական գազի, հավի մսի, ձկան, շաքարավազի, բուսական յուղի, թեյի, սուրճի, դեղորայքի, ատամի մածուկի և բազմաթիվ այլ ապրանքների թանկացումներ։ Կառավարությունը խորը արհամարհանք է ցուցաբերում այս իրավիճակի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ արհամարհանքը դրսևորվում է կենսաթոշակները, ընտանեկան նպաստները չբարձրացնելու որոշմամբ։

«Այս կառավարության, խորհրդարանական մեծամասնության ծագումնաբանությանը նայելիս համոզվում ենք, որ շատ տրամաբանական մոտեցում է, ընտրություններում ՀՀԿ-ն 700 հազարից ավելի ձայն է ստացել, որից 90 տոկոսը ստացել է ընտրակաշառքով։ Հիմա ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե ինչո՞ւ պետք է խորհրդարանական մեծամասնությունը շահագրգիռ լինի, որ ՀՀ քաղաքացիներն ավելի լավ ապրեն, ինչո՞ւ պետք է շահագրգռված լինի, որ աղքատությունը վերանա, ինչի՞ պետք է մեծամասնությունն ուզենա, որ մարդը լավ ապրի, եթե մարդը լավ ապրեց, 10  հազար դրամն իր համար մեծ գումար չի լինի, որ վազելով գնա ՀՀԿ-ականների օգտին քվեարկի, աղքատությունը միակ նախապայմանն է, որ այս քաղաքական թիմը լինի իշխանության»,- իր համոզմունքը հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորն իր վրդովմունքը հայտնեց, որ շատ քաղաքացիներ, իրեն տեսնելով, հարցնում են, թե ինչո՞ւ չեն թոշակները բարձրացնում, «երկիրը երկիր սարքում», ինչի առնչությամբ վերջինս ԱԺ ամբիոնից արձագանքեց․

«ՀՀ հարգելի քաղաքացիներ, չենք անում շատ պարզ պատճառով, որովհետև դուք 10 հազար դրամը վերցրել եք և քվեարկել եք հանուն ձեր աղքատության շարունակականության, սա ձեր ընտրության արդյունքն է, վայելեք, դուք լավ չեք ապրելու, որովհետև որ պահին լավ ապրեցիք, այս իշխանությունը դադարելու է գոյություն ունենալ, բայց դուք ձեր՝ տաս հազար դրամի քվեարկությամբ դա հաստատել եք, որ այս իշխանությունն անփոխարինելի է»։

Պատգամավորը հայտարարեց, որ նախկինում իր անհամաձայնությունն էր հայտնում այն մտքի նկատմամբ, որ այս երկրում ոչինչ չի փոխվելու, այժմ այլ տեսակետին է․

«Այս երկրում որևէ բան չի փոխվի, քանի դեռ վերցնում եք տաս հազար դրամ և քվեարկում եք ընտրակաշառքով, դրա համար շարունակելու եք մնալ աղքատ, գաղթական, անպաշտպան»,- ասաց նա։

«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթով հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ իրենք ևս դեմ են քվեարկելու նախագծին։

2018 թվականի պետական բյուջեի նախագծին կողմ են քվեարկելու իշխող ՀՀԿ-ն և կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն։

Մեկնաբանություններ (1)

Ashot
до тех пор пока у власти серж саркисян и похожие на него инфузории туфельки, способные дарить значки и медали обкрадывая будущее своего народа,подкладывая мягкую подушку под голову , в этой стране наврятли что-то изменится.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter