HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՋԷԿ-ի աշխատողները բողոքում են՝ լուծարայինի կառավարիչը չի պահել խոստումը

Գայանե Սարգսյան

Շուտով կլրանա յոթերորդ տարին, որ Վանաձորի ՋԷԿ-ի աշխատակիցներն սպասում են իրենց հասանելիք աշխատավարձերի վճարմանը: Վճարումների ժամկետների մասին նրանց պարբերաբար խոստումներ են տրվել: Դրանցից և ոչ մեկը սակայն չի կատարվել:

Նախորդ՝ սեպտեմբերի 19-ին ՋԷԿ-ի մոտ անցկացված բողոքի ակցիայից հետո, որի ընթացքում աշխատակիցները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհը, «Վանաձոր-Քիմպրոմի» սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանի միջոցով աշխատողներին հորդորել էր բացել ճանապարհն ու ցրվել: Վերջինս խոստացել էր առաջիկա երեք օրերի ընթացքում գալ Վանաձոր ու ոստիկանապետի ներկայությամբ հանդիպել աշխատողներին: Հանդիպումը թեև ուշացումով, բայց տեղի էր ունեցել:

«Հանդիպման ընթացքում ինքը խոստացավ, որ նոյեմբերի կեսերին դատը կլինի, այսինքն՝ բանկի հետ կգան փոխհամաձայնության, որպեսզի աշխատողների աշխատավարձի հերթն առաջնահերթ դիտարկվի ու առաջանահերթորեն վճարվի կուտակված աշխատավարձի պարտքը»,- ասում է աշխատակիցներից Աշոտ Ղազարյանը:

Տեսնելով, որ նոյեմբերն արդեն անցել է, իսկ աշխատավարձերի վճարման հետ կապված որևէ լուր չկա, աշխատողները փորձել են կապ հաստատել Կ. Ասատրյանի հետ: Նրանց զանգերը, սակայն, մնացել են անպատասխան: Վերջիններս կրկին դիմել են ոստիկանապետ Ս. Ավետիսյանին ու նրա միջոցով իմացել, որ նոյեմբերին նշանակված դատական նիստը մի քանի ամսով հետաձգվել է:

ՋԷԿ-ի շուրջ 150 աշխատակիցները, սակայն, այլևս չեն ցանկանում սպասել: Նրանք նշում են, որ վերջին 7 տարիների ընթացքում շուրջ մեկ տասնյակից ավելի աշխատողներ մահացել են` այդպես չհասցնելով ստանալ իրենց հասանելիք աշխատավարձը:

Այսօր առավոտյան նրանք կրկին հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում:

«Ամոթ կառավարությանը, ամոթ մեր պրեզիդենտին, ամոթ մեր վարչապետին: Միթե՞ նրանց չի հասել մեր բողոքները, որ ասեն ի՞նչն ա պատճառը, ո՞ւր ա ձեր փողերը, խի՞ չեն տալիս: Իրանք լավ գիտեն երևի ով ա կերել, որ պետությունն  իրա բյուջեից չի տալիս, ուտողին էլ չեն կարում մեյդան բերեն, ասեն՝ ո՞ւր ա էս մարդկանց փողերը, խի՞ չեք տալիս»,- վրդովվում է Վեսմիր Խարազյանը:

Աշխատողները հիշում են, որ ամռանը, երբ բոլորով միավորվել ու շուրջ 20 օր արգելափակել էին ՋԷԿ-ի մուտքը՝ արգելելով որևէ ելումուտ ու ապրանքի տեղափոխում, Կ. Ասատրյանը կրկին իրենց հորդորել էր. «Բացեք մուտքը, մինչև նոյեմբերի կեսերը ձեր աշխատավարձերը կվճարեմ»:

«Մուտքի մոտ ես իրան տեսա, ասի՝ տղամարդու խոսք ե՞ս տալիս, որ կտաս, ասեց՝ հա: Երևի իրանց վնաս էր պատճառել էդ մի ամիսը, եկան խաբեցին, խոստացան, տարան ապրանքը», - պատմում է Հրաչյա Գրիգորյանը:

Շուրջ մեկ ժամ ձմռան ցրտին սպասելուց հետո բողոքի դուրս եկած աշխատողներին հաջողվեց հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ:

Նրանք մարզպետին տեղեկացրին, որ բոլոր աշխատողներով համաձայնության են եկել, հրաժարվել տարիների ընթացքում կուտակված շուրջ 65 մլն դրամ կազմող տույժ-տուգանքներից, միայն թե աշխատավարձի մայր գումարի հերթը բերվի առաջին հորիզոնական ու առաջնահերթորեն տրվի: Աշխատավարձի մայր գումարի պարտքը  կազմում է 65 մլն դրամ:

Ա. Նալբանդյանն աշխատողներին լսելուց հետո ասաց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով աշխատավարձերի վճարման հարցով զբաղվում է վարչապետ Կարեն կարապետյանը: Վերջինս  ժամանակ խնդրեց՝ խնդրի հետ կապված զարգացումներին ծանոթանալու ու երկու օր անց աշխատողների հետ կրկին հանդիպելու պայմանով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter