HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրական եզրակացությամբ է ավարտվել ԶԼՄ ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունում քննված  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ. կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է ՑԱՅԳ հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է հատուկ քննչական ծառայությունը:

Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամաս: Տեսանյութն առավել ամբողջական դարձնելու համար օպերատոր Ա. Մարգարյանը տեսախցիկով սկսել է տեսանկարահանել ընտրատեղամասի բակը և այնտեղ հավաքված քաղաքացիներին:

Այդ ընթացքում ընտրատեղամասից դուրս է եկել Մարմաշեն գյուղի բնակիչ Պետրոս Էլբակյանը, ով նկատելով ընտրությունների ընթացքը նշված տարածքում լուսաբանող ՑԱՅԳ  հեռուստաընկերության օպերատոր Ա. Մարգարյանին` մոտեցել է վերջինիս և պահանջել դադարեցնել տեսանկարահանումը, այն դեպքում, երբ օպերատորը մինչ այդ տեսախցիկը նրա ուղղությամբ չէր պահել: Ա. Մարգարյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, որի ընթացքում Պ. Էլբակյանը, տեսանկարահանմանը խոչընդոտելու դիտավորությամբ, ձեռքով մի կողմ է հրել տեսախցիկը` այդ կերպ խոչընդոտելով ընտրությունների ընթացքը լուսաբանելու Ա. Մարգարյանի լիազորությունները:

Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՑԱՅԳ հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Պետրոս Էլբակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter