HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաշարժից 29 տարի անց Գյումրիում դեռ դոմիկներում ապրող մարդիկ կան

Ալինա Սիմոնյան

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից 29 տարի է անցել, սակայն Գյումրիում դեռևս զգալի են երկրաշարժի հետևանքները: Դեռ շատ են անօթևան մարդիկ, որոնք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում՝ «դոմիկներ»-ում: Շիրակի մարզպետարանի տվյալներով` Գյումրիում այսօր 2000-2500 դոմիկ կա: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի տեղեկություններով` դոմիկների թիվը 2300 է: Դոմիկներում ապրող ընտանիքներից շատերն այլևս շահառու համարվել չեն կարող տարբեր պատճառներով:

Ռուզան Հակոբյան, 50 տարեկան

«Եկել եք գոբելեններս նկարե՞ք». հարցով դիմավորեց մեզ տիկին Ռուզանը՝ կարծելով, թե գնացել ենք իր աշխատանքները լուսաբանելու, սակայն տխրեց՝ իրական պատճառն իմանալով: Գոբելենագործ տիկին Ռուզանը բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել: Անցյալ տարի անհատական ցուցահանդես է ունեցել Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում:

Ես Թալինի Աշնակ գյուղից եմ, բայց 1986 թվականից Գյումրիում կապրիմ: Ամուսնացել ու տեղափոխվել եմ Գյումրի` ամուսնուս տուն, բայց երկրաշարժից հետո մնացի դուրսը, ինքը թողել, գնացել է ու ըդուրից հետո ստեղ կապրիմ տղուս՝ Հենրիկիս հետ: 2001 թվականից փաստացի բնակվում եմ էս դոմիկում: Տղես հմի բանակում է, ես մենակ եմ: Տղես բոքսյոր է, իմ խնդրանքով թողեց (քիթն ու թևը կոտրելուց հետո), ես էնքան օր կուզեի ուժ հավաքեր, մենակ տղա է՝ չխեղճնա, բայց շատ ուժեղ եղավ, հմի էլ կխնդրեմ, կըսեմ՝ ում օր կզարգես, հիշե՝ ինքն էլ մամա ունի, իմ նման բդի տառապի: Հույսս դրել եմ տղուս վրա, որ գա, մէ բանմ էնե: Ես շատ տեղեր եմ աշխատել, տարբեր դպրոցներ, շատ երեխեք եմ ունեցել: 10 տարի աշխատել եմ «Թռչունյան տուն»-ը՝ 12 հազար դրամ աշխատավարձով, բայց էսքանով ապրել հնարավոր չէր: Աշխատել եմ նաև Ազատանի Մարզամշակութային կենտրոնի գոբելենի խմբակում: Հենրիկիս 15 տարին չէր լրացել՝ ընդունվավ աշխատանքի որպես մատուցող, որը չէր էլ թույլատրվի, բայց դե ինքը խոշոր կերևար իրա տարիքից՝ ստացվավ:

Հենրիկն արդեն 8 ամիս ծառայում է Վանաձորում:

Վառեմ-չվառեմ՝ մեկ է չի տաքնա, դիմացն էլ ձմեռ՝ չիդես ինչ էնես: Բախտս բերել է, թասիբով երեխա ունիմ, կմտնի դրությանս մեջ: Հմի ինչ էլ որ կտեսնիք, տղես է ռեմոնտ էրել, գնացել, բայց մեկ է՝ ջուրը կկաթա, չիդես` որը փակես, որը` թողնիս, սաղ ծակ է, ինչ գուզես էրա՝ հնար չկա: Վիրավորական է, մի անգամ քաղաքապետարանից քանիմ կտոր փետ են բերել, թափել, գնացել, տունը չեմ եղել, էս է իրանց օգնությունը: Չիդեմ, ես լավատես մարդ եմ, իմ տատիկը կըսեր՝ եթե կուզեք լավ ապրիք, միշտ նայեք ձեզնից ցածրին, մի՛ նայեք ձեզնից բարձրին: Փողոցն օր կանցնիմ, աղբամանների մոտ մարդկանց կտեսնիմ, կըսեմ՝ փառք Աստծո, մենք լավ կապրինք: Տղես կըսե՝ մամ, բանակից գամ, թողնինք-էրթանք Ռուսաստան, բայց ես չեմ կռնա թողնիմ, էրտամ դուրսը ապրիմ: Քուրիկս գուկա կըսե՝ էս աբոյներն օր կտեսնիմ, գիտեմ աղքատության վերջն է: Ի՞նչ էնեմ, էս է: Տղուս միշտ կըսեմ՝ դու ստեղ մեծըցար, թասիբ ունեցի, գոնե քու երեխեքը ստեղ չմեծընան:

Գալյա Ավետիսյան, 60 տարեկան

Երկրաշարժից առաջ 10 տարի վարձով ենք ապրել: Էդ տարի, որ երկրաշարժը եղավ, մենք տուն պտի ստանայինք, մեր թղթերը լրիվ պատրաստ էր, բայց ամեն ինչ կորավ: Հետո ամուսնուս էս դոմիկը հատկացրեցին ու մինչև էսօր, արդեն 30 տարի էս դոմիկների մեջ ենք ու հույս էլ չունինք տուն ստանալու: Դիմում եմ ներկայացրել մի քանի անգամ քաղաքապետարան, բայց մերժեցին՝ պատճառաբանելով, որ մենք ըդպես ծրագիր չունինք, երբ եղավ, մենք տեղյակ կպահենք, ու մինչև հմի տեղյակ կպահեն: Հետո տեսա որ չեղավ, դիմում ներկայացրի «Գյումրին առանց տնակների» կազմակերպությանը: 

Գալյա Ավետիսյանի հարսը եւ թոռնիկը

Երկու թոռնիկ ունիմ, էն մեկը խոնավության պատճառով շուտ-շուտ կհիվնդնա: Հինգ հոգով կապրինք՝ տղես, հարսս, թոռներս ու ես: Տանը աշխատողը տղես է, չնայած աշխատողը ո՞րն է՝ օրականով, ես էլ 16 հազար դրամ թոշակ կստանամ, բայց դե տուն չի հասնի, լույս, ջուր, գազ կուտանք, փողի չի մնա էլ: Մեզի նույնիսկ հերթի մեջ չեն մտցնե, կըսեն` դուք տուն չեք կորցրել: Ախր դոմիկն էլ արդեն դոմիկություն չի էնե, ամեն տարի կսարքենք, հետո` էլի նույն պատմությունը: Ձմեռվա կեսին գողինքը դուրս կհանենք, որ երեխեքը գոնե խոնավության մեջ չքնին: Մենք պտի տուն ստանայինք՝ չեղավ, գոնե մեր երեխեքը ստանան, ըդուրով ուրախանանք:

Անահիտ Մարդոյան, 66 տարեկան

1991 թվականին ամուսնացել եմ ու էդ ժամանակից մինչև հմի համարյա 30 տարի ստեղ կապրիմ՝ էս դոմիկի մեջ: Ամուսինս երկու տարի առաջ մահացավ, հմի մենակ կապրիմ:

Ամուսնուս տունը բլել է երկրաշարժին, կինն էլ մահացել է, ես երկրորդ կինն եմ: Տուն ստանալու համար դիմել եմ քաղաքապետարան, բայց մինչև հմի ձեն չկա: Տեսա օր ստեղից բան դուրս չի գա, նաև դիմեցի «Գյումրին առանց տնակների» կազմակերպությանը, Ծառուկյանին եմ նամակ գրել, բայց պատասխան չկա: Հմի էլ տիյա նամակ եմ գրել Համահայկական հիմնադրամին, որ հարևանուհիս տանի Երևան, տեսնիմ վերջը ինչ կեղնի:

Գոնե մե սենյակմ տան, ես ուրիշ բան չեմ ուզե, առանց մե րոպեմ մտածելու կերտամ էս դոմիկից: Ախր ստեղ ապրելն էլ հնարավոր չէ. թակարդները շարելով ման գուկամ, գիշերներն էնքան է եղել, առնետների ձեներից վախեցել, ելել եմ: 

Հայկանուշ Գասպարյան, 52 տարեկան

Արդեն 25 տարի էս դոմիկի մեջ կապրիմ: Երկրաշարժի տարին էր, նոր էի ամուսնացել, հղի էի, արդեն բդի ծննդաբերեի ու ... երեխուս կորցրեցի: Կեսրանցս տունը Եռանկյունի թաղամասում էր. համ տունը բլավ, համ էլ հեչ մեկին չգտանք, ըդպես մնացի մենակ: Ու էլ չեմ ամուսնացել, ուրիշին չդժբախտացնելու համար, որովհետև ասել էին, որ էլ չեմ կարողանա երեխա ունենալ:

Հիվանդանոցում կաշխատեի, մասնագիտությամբ քույր եմ, էն էլ հիվանդանոցները կրճատեցին, դուրս մնացի: Աշխատանք օր էլ չունեի, տոկոսով փող կվերցնեի, հետո 2 ամիս գնացի Ռուսաստան աշխատա, բայց դե գործը հարմար չէր՝ հետ եկա: Պարտքերս փակեցի, մինչև ստեղ ուրիշ գործ գտնիմ: Հմի էլ աշխատանք չունիմ, մայլեն սրսկում-բան կեղնի՝ կենեմ, ըդպես մինչև տեսնիմ ինչ կեղնի:

Լոգարանը

Քուրիկներս Ռուսաստանից կօգնեն,  մեկ էլ նպաստ կստանայի, բայց հմի ըդիկ էլ չեն տա: Գուզեմ էրտամ Երևան՝ աշխատանք գտնիմ: Համահայկական հիմնադրամին եմ 4 տարի առաջ դիմում գրել, բայց պատասխան չկա:

Խոհանոցը

Իրոք, դոմիկի վիճակն ահավոր է, պայմաններ չկան, կոմունալ հարմարավետության մասին վապշե չեմ խոսա` տեսեք: Կռիշից էլ կկաթա, ինչքան որ կռնամ՝ ես եմ սարքել, բայց չիդեմ՝ բդի դիմանա՞, թե չէ: Շատ բան չեմ ուզե, գոնե աշխատանք էղնի, էլի յոլա կերտանք: 

Գլխավոր լուսանկարում` Ռուզան Հակոբյանը

Մեկնաբանություններ (4)

Օֆելյա Վարդապետյան
|Շատ անգրագետ, կոպիտ գրված հոդված էր : Ես Ռուզաննա Հակոբյանին ճանաչում եմ, նա արվեստի մարդ է, երբեք այդպես տգեղ չի արտահայտվում: Երևի հոդվածի հողինակը ուզեցել է տպավորություն թողնել՝ գրեկով Գյումրու ոչ իրական բարբառով:
Կարինե
Համազգային ամոթ ու խայտառակությւոն ու մշտական խարան ոսկւո մեջ լողացող անցյալ ու ներկա իշխանությունների ճակատին
Sanjay Kumar Yadav
I am so surprised about this news. After 30 years, People failed to get home ??? I think god is great. People are doing oneself. I think life is running there like in novel/story. I wish all homeless people to get new home.
Tigran
այս հոդվածը կարող է նաև այսպեսի վերնագիր ունենալ` Երկրաշարժից 30 տարի անց Գյումրիում դեռ դոմիկներում ապրող մարդիկ կան, մենք 2018թ. ունենք նշելու ևս մեկ համապետական` աղետու գոտու չվերականգնման 30 ամյակը, անգամ միջոցառումների անցկացման գումարների հատկացումներ կարելի է նախատեսել, մեկ է 31-րդ տարեդարձն էլ ենք նույն կերպ նշելու,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter