HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ազգային ժողովի սերվերը վատ հեղինակություն ունի Google-ում

Ազգային Ժողովի պատգամավորների էլեկտրոնային փոստերը, որոնք գրանցված են Parliament.am դոմեյնում, Google-ի էլեկտրոնային փոստի ծառայության համար այնքան էլ վստահելի չեն, ինչի պատճառով էլ Parliament-ից Gmail-ին ուղարկված էլ նամակը դիտարկվում է որպես «սպամ»։

Խնդրի մասին տեղեկացանք օրեր առաջ, երբ «Հետք» էլեկտրոնային պարբերականի գրավոր հարցումներին պատգամավորների օգնականները չէին կարողանում պատասխանել՝ ասելով, որ Աժ պատգամավորների էլ հասցեներից Gmail-ի կողմից սպասարկվող հասցեներին ուղղված նամակները հետ են գալիս։ ԱԺ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խնդիրը կապում է Gmail-ի ֆիլտրման համակարգի հետ։

«Մեր հասցեն հավանաբար Gmail-ը «սպամի» ֆիլտր է գցել, իսկ դրա պատճառները բազմաթիվ կարող են լինել՝ էլեկտրոնային հաղորդակցության կանոնները չպահպանելուց մինչև նամակներ գրելու կանոնները չպահպանելը, օրինակ՝ անուն-ազգանունների բացակայությունը, առարկայի (subject) բացակայությունը, վիրուսով վարակված համակարգչից ավտոմատացված սպամների ուղարկումը»,-ասում է Բաբայանը։

Վարչության պետի խոսքով՝ խնդրի մասին տեղեկանալուց հետո խորհրդարանի ՏՏ մասնագետները որոշակի աշխատանքներ են տարել, մասնավորապես սերվերի IP  հասցեի փոփոխությունը, որի արդյունքում այժմ նամակներ հնարավոր է ուղարկել, սակայն դրանք հայտնվում են ստացողի փոստաղբ (spam) բաժնում։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի էլեկտրոնային փոստն արդեն մի քանի տարի է՝  վատ է աշխատում։ Նույնիսկ պատգամավորներից շատերը հրաժարվել են այդ էլ փոստից, և իրենց պաշտոնական գրագրությունը կատարում են անձնական, օրինակ՝ Gmail  համակարգում գրանցված փոստերով։ Մի քանի պատգամավորներ «Հետք»-ի հետ զրույցում նշեցին, որ եղել են դեպքեր, երբ պաշտոնական նամակներ են ուղարկել իրենց Gmail-ի անձնական էլ հասցեից։

Արսեն Բաբայանը, սակայն, զարմանալի ոչինչ չի տեսնում, երբ ԱԺ պատգամավորը կարող է պաշտոնական նամակներ ուղարկել տեղացի կամ օտարերկրացի գործընկերներին ոչ թե խորհրդարանի, այլ իր անձնական էլ փոստից։

«ԱԺ աշխատակազմը բոլոր պատգամավորներին parliament.am դոմեյնում հատկացնում է էլեկտրոնային փոստ, բայց դա որևէ կերպ չի պարտավորեցնում պատգամավորին միայն այդ փոստից օգտվել կամ պաշտոնական  բոլոր նամակները բացառապես այդ փոստից անել։ Եթե պատգամավորը որոշում է իր անձնական էլ փոստն օգտագործել, այդտեղ ոչ մի խնդիր չկա, ամբողջ աշխարհում ընդունված է»,-ասաց նա։

Նմանատիպ խնդիրներ ունեցել են նաև Google-ի այլ օգտատերեր, որի մասին բազմաթիվ գրառումներ կան Gmail-ի հաճախորդների սպասարկման ֆորումներում։ Ըստ նշված գրառումների՝ Gmail էլեկտրոնային փոստի ծառայությունը ֆիլտրում է վատ հեղինակություն ձեռք բերած սերվերները և արգելափակում դրանք։

Հ․Գ․ Հոդվածին կցում ենք նաև պատգամավորներից ստացված պատասխանները, որոնք հայտնվել են փոստաղբում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter