HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Զիփլայն, ֆունիկուլյոր, առողջարաններ. «Հայհիդրոէներգանախագիծ»-ը հետաքրքրված է պատմական Խնձորեսկով

Կառավարությունն այս օրերին քննարկում է «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագիրը, որի հեղինակը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն է:

Ընկերությունը 2018-2025 թթ. ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ներդնել շուրջ 25 միլիոն ԱՄՆ դոլար, նպատակ ունենալով բարձրացնել Սյունիքի մարզի մարզի զբոսաշրջային գրավչությունը: Նախատեսվում է, որ Հին Խնձորեսկի տարածքում կստեղծվի ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի եւ առողջապահական համալիրներ, հյուրանոց եւ այլն։ Նախատեսվում է ստեղծել 400-ից ավելի ուղղակի եւ անուղղակի աշխատատեղ։

Հայաստանի կառավարությունը պարտավորվել է 2017-2022 թվականներին իրականացվելիք քայլերի եւ միջոցառումների արդյունքում տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 3 միլիոնի: Այս ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս եւ շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400 հազար այցելուի։

Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի տարածքը ուղիղ վաճառքով, սեփականության իրավունքով կփոխանցվի ներդրողին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական ունի մշակույթի, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին՝ 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել եւ առաջարկություն ներկայացնել Հին Խնձորեսկի 145 հեկտար տարածքում առաջիկա 75 տարվա ընթացքում, իսկ այդ տարածքից 4,6 հեկտար տարածքում՝ 99 տարի ժամկետով, այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից տնտեսական գործունեության ծավալման սահմանափակման հնարավորության, ինչպես նաև տարածքների ապօրինի կառուցապատման եւ հետագա օրինականացման կանխման հարցերի վերաբերյալ։

Հարցը կքվեարկվի գործադիրի վաղվա նիստում:

«Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն, հիշեցնենք, մի քանի տարի առաջ հայտնվել էր մի կնճռոտ պատմության մեջ: 2012 թ. մարտ ամսին կառավարության համապատասխան որոշմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ին օտարվել էր Մոսկովյան 33ա հասցեում գտնվող շենքի մի հատվածը, որի մաս էին կազմում շենքի աստիճանավանդակներն ու միջանցքը: Այս որոշման արդյունքում շենքի մյուս սեփականատերերը զրկվել են տվյալ աստիճանավանդակներից ու միջանցքից օգտվելու հնարավորությունից։

Խնդիրը հասել էր մինչեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter