Երեքշաբթի, 12 դեկտեմբերի

«Ասի՝ փախնեմ, մի հատ գյուլլա էլ ինձ չկպնի »,-պատմում է «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով վկան



Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Լիա»  գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով ցուցմունք տվեց գեղեցկության սրահի նկուղային հարկում տեղի ունեցած վիճաբանության ականտեսը՝ Արման Հարությունյանը:

Վերջինս ամբաստանյալներից ճանաչում էր միայն Պետրոս Իսրայելյանին, սակայն նրա անձնագրային անունը չգիտեր: Պետրոս Իսրայելյանը, նշենք, հայտնի է «Չարբախցի Գեղամիկ» մականունով:

«Ճանաչում եմ, միայն  Գեղամին»,- ասաց վկան և դատավորը փորձեց հստակեցնել, թե ո՞ւմ նկատի ունի Հարությունյանը:

«Գեղամին էլի, էն որ ակնոցներով նստած ա, Գեղամին»,- քմծիծաղ տալով ասաց վկան՝ ձեռքն ուղղելով դեպի ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը:

Հարությունյանը Պետրոս Իսրայելյանի որդու` Գոռ Իսրայելյանի ընկերներից է, դատարանին հայտնեց, որ Գոռի հետ «ամեն օրվա ընկերներ» չեն եղել, բայց ուսանողական տարիներին շփվել են և լավ հարաբերություններ ունեն: Վկան պատմեց, որ  2016-ի նոյեմբերի 13-ին՝ դեպքի օրը, ինքն ու այս գործով մեկ այլ վկա Արսեն Սիմոնյանը Շենգավիթում գործ են ունեցել, ապա ընկերը` Արսենն առաջարկել է գնալ և տեսնել Գեղամին, ինչպես նաև ցանկություն է ունեցել նրան պատկանող գեղեցկության սրահում կտրել մազերը:

Ըստ վկայի՝ իրենք գեղեցկության սրահ են գնացել իր մեքենայով, երբ հասել են գեղեցկության սրահի շենքին, Արսենն իջել ու գնացել է, իսկ ինքը կայանել է մեքենան:

«Ես ավտոն կանգնացրի, իջա Արսենի մոտ: Գնացի, տեսա, որ շքամուտքի մոտ մարդիկ կային հավաքված՝ ինձ անծանոթ, հետո իջա ներքև (նկատի ունի նկուղը, որտեղ, ըստ գործի նյութերի տեղի է ունեցել դեպքը. հեղ), տեսա Գոռին, էլի ինչ-որ անծանոթ մարդկանց: Հետո տեսա, որ Գևորը (նկատի ունի դեպքի օրը սպանված Գևորգ Ավետիսյանին. հեղ) ինչ-որ անծանոթի հետ վիճաբանում էր: Տվյալ անձը սեռական բնույթի շատ վատ հայհոյանքներ էր ասում, բառացի չեմ կարող ասել, բայց ասում էր` ով որ կարա ինձնից փող ստանա, թե ինչ...Դրանից հետո, ըստ վկայի, անծանոթը (նկատի ունի դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանին. հեղ)  ատրճանակը հանեց ու ուղղությունը պահեց դեպի Գևորիկի վրա, կրակեց: Այդ պահին Գևորիկը դանակը հանեց ու փաթաթվան իրար: Ինքը Գևորիկին մեջքի կողմից քաշեց դեպի իր կողմ: Հետո լսեցի, որ ինչ-որ մեկն ասաց՝ տղերք, էսի «բայեվոյ» ա կրակում, ու բոլորս արդեն ուզում էինք մեր կյանքը փրկեինք, փախանք»,- պատմեց վկան:

Դատավորի հարցին՝ հետո ի՞նչ պատահեց, վկան ևս մեկ անգամ կրկնեց, որ փախել է, ոչինչ այլևս չգիտի:

«Մնայինք էնտեղ, մեռնեի՞նք. հանել, աջուձախ կրակում էր»,- ասաց Արման Հարությունյանը:

Վերջինս նշեց, որ ինքը  փախուստի դիմելուց առաջ նկատել է գետնին ընկած անձի՝ Արամ անունով: Մեղադրողների հարցին՝ ով է Արամը, Հարությունյանը նշեց, որ նրա ազգանունը չգիտի, բայց վերջինիս Գոռի՝ Պետրոս Իսրայելյանի որդու միջոցով է ճանաչել:

Մեղադրողների հարցին՝ դեպքի վայրում վկան ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին նկատե՞լ է, վկան պատասխանեց, որ Իսրայելյանին նկատել է, բայց չի հիշում՝ որտեղ:

Թե շքամուտքում կամ նկուղում Հարությունյանը քանի անձի է տեսել, ասել չի կարող: Դատախազի վերը նշված հարցին ի պատասխան վկան նշեց, թե այնտեղ մարդ հաշվելու չէր գնացել: Նկուղում գտնվողների թիվն, այնուամենայնիվ, ըստ վկայի, մոտավոր, 7-ից 10 էր:

Հարությունյանը հստակ չգիտեր նաև, թե իր՝ փախուստի դիմելուց հետո այլ անձինք իր ետևից փախել են, թե՞ ոչ, նկուղի դուռը բաց էր, թե ոչ:

«Բայց որ փակ լիներ, ես դժվար էստեղ լինեի», «վախը որ մտնում ա մեջդ, քերելով էլ պիտի հելնես»,- նման արտահայտություններ էր անում Հարությունյանը՝ պատկերավոր արտահայտելու համար, որ դեպքի ժամանակ վախեցած է եղել:

«Որ գոռացին տղերք էսի բայեվոյ ա կրակում, հետո Արամին ընկած տեսա, էլ ինձ չէր հետաքրքրում էնտեղ ինչ ա կատարվում, ինձ հետաքրքում էր, որ աջուձախ կրակում են, փախա, ասի՝ մի հատ գյուլա էլ ինձ չկպնի»,- պատմեց Արման Հարությունյանը:

Վկայի հարցաքննությունն ավարտվեց:

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը գործով երկու վկայի՝ Արտավազդ Մանուկյանին և Դավիթ Հախանումյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել: Ոստիկաններն այցելել էին Արտավազդ Մանուկյանի բնակարան և վերջինիս  հարազատները հայտնել էին, թե Մանուկյանը Հայաստանում չէ: Ինչ վերաբերում է մյուս վկային՝ Հախանումյանին, ապա վերջինիս բերման ենթարկելու որոշումը չէր կատարվել: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ ոստիկանությանը հանձնարարել բերման ենթարկել վկային:

Այս գործով վկայի կարգավիճակ է ունեցել նաև վերջերս մահացած Արա Վարդանյանն, ով հայտնի է «Ճվճվ Արո» մականունով:  Մեր տեղեկություններով՝ վերջինս մտերիմ հարաբերություններ է ունեցել դեպքի օրը սպանված Մուշեղ Մուշեղյանի հետ: Բացի այդ, Արա Վարդանյանը ֆինանսական խնդիրներ է ունեցել Պետրոս Իսրայելյանի հետ, ավելին, կոնֆլիկտի պատճառը եղել է գումարը:

Նկատի ունենալով, որ վկան մահացել է, ենթադրվում է, որ դատարանը կհրապարակի նրա՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 13-ին:

Նշենք, որ այս գործով տեսանկարահանումն արգելվել է. ամբաստանյալներն առարկել են տեսանկարահանման դեմ:  Հիշեցնենք, որ խոսքը 2016թ.-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի՝ քրեական հեղինակություն համարվող Ալիկ Բանդուրյանին, ով հայտնի է որպես «Նորատուսցի Ալիկ», Պետրոս Իսրայելյանին, ով հայտնի է, որպես «Չարբախցի Գեղամիկ» և Արմեն Գասպարյանին, ով հայտնի է «Բդո» մականունով:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել: Ըստ մեղադրանքի՝ նույն օրը՝ 2016-ի նոյեմբերի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններում, «Լիա» գեղեցության սրահի նկուղում Պետրոս Իսրայելյանը կազմակերպել է հանդիպում՝ ապահովելով դրան Մուշեղ Մուշեղյանի ներկայությունը և նպատակ ունենալով իրագործել վերջինս առողջությանը ծանր վնաս հասցնելու պլանը:

Դրանից հետո, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր հատվածներին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն հանդիպել են Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը: Վերջինս փաստորեն, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության և ատրճանակով կրակոցներ է արձակել, և նրա հետ վիճաբանող անձինք փորձել են հաղթահարել նրա դիմադրությունը: Այս ընթացքում մահացել է միջադեպին ներկա Գևորգ Ավետիսյանը:

Ապա, ըստ մեղադրանքի, Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորություն է ծագել, և այդ դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով Մուշեղյանի հետ վիճաբանող անձինք նրան մի շարք մարմնական վնասվածքներ են պատճառել՝ ապօրինաբար նրան ուղղակի դիտավորությամբ զրկելով կյանքից:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ