Կիրակի, 23 սեպտեմբերի

Ինչ է տալիս Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանին



Դեկտեմբերի 6-ին Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Այս լուրը դարձել է աշխարհի թիվ մեկ նորությունը, և ըստ կանխատեսումների՝ իրադրությունը Մերձավոր Արևելքում որակապես փոխվում է:

Չնայած նրան, որ դեռևս 1995-ին ԱՄՆ Կոնգրեսը Երուսաղեմը ճանաչել էր որպես Իսրայելի մայրաքաղաք, ԱՄՆ նախագահներն այդ որոշման կատարումը հետաձգում էին: Արաբական երկրների մեծ մասը դեմ չէ, որ Արևելյան Երուսաղեմը ճանաչվի Իսրայելի մայրաքաղաք, եթե Արևմտյան Երուսաղեմն իր հերթին ճանաչվի որպես Պաղեստինի մայրաքաղաք, սակայն Թրամպն ողջ Երուսաղեմն է ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և դրանով հարցականի տակ է դրել պաղեստինա-իսրայելական ողջ բանակցային գործընթացը:

Իսրայելական վերլուծաբանները Թրամփի ելույթի ամենակարևոր միտքը համարում են այն, որ նա Երուսաղեմի պատկանելությունը համարում է պատմական, այլ ոչ թե քաղաքական իրավունք, «քաղաքը եղել է նրանց հնագույն  մայրաքաղաքը»:  Թրամփի մյուս կարևոր փաստարկը համարվում է այն, որ «եթե մենք 20 տարի փորձել ենք մի բան և դա չի ստացվել, ուրեմն պետք է մեկ այլ բան փորձել»: Ըստ նրա՝ «պաղեստինցիները պետք է հասկանան, որ ժամանակն իրենց օգտին չի աշխատում, և նրանք պետք է  նաև հասկանան, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը»:

Երուսաղեմի մայրաքաղաք ճանաչելը սկսում է փոթորկել իսլամական աշխարհը, և ըստ Էրդողանի խոսքերի՝ Թրամփը տարածաշրջանում «միքսերի» դեր է կատարում՝ խառնելով տարածաշրջանը:

Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ է ստեղծվում, որտեղ Միացյալ Նահանգները արաբակա-իսրայելական կոնֆլիկտում ակնհայտ կողմի է վերածվում, ինչից մի քանի հարցեր են առաջանում. ո՞վ է իր վրա վերցնելու արբիտրի դերը ու ո՞վ է լինելու մյուս կողմի տեսակետները ներկայացնող լիդերը: Հարցերի մյուս փունջը վերաբերվում է սիրիական, իրաքյան, եմենական ու մյուս կոնֆլիկտներին:

Մերձավոր Արևելքում մի ասացվածք կա՝ բոլորը բոլորի դեմ են և բոլորը Պաղեստինի խնդիրը օգտագործում են իրենց նպատակների համար: Այստեղից առաջանում է հարց, իսկ նոր իրավիճակից ի՞նչ օգուտներ ու վնասներ ենք կարող ունենալ մենք:

Մոտակա հեռանկարում ավելի են լարվելու ԱՄՆ-Թուրքիա և ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Մյուս կարևոր խնդիրը դա ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների ապագան է:

Էրդողանը խոստացել էր, որ Թրամփի հայտարարությունից հետո` 10-15 օրերի ընթացքում հրավիրելու է իսլամական երկրների սամիթ, որտեղ Թուրքիան այս պահին նախագահող երկիրն է: Արդեն որոշվել է օրը և վայրը` դեկտեմբերի 13-ին` Ստամբուլում:

Ենթադրվում է, որ պետք է դատապարտվի ԱՄՆ-ի այդ որոշումը և ինչ-որ քայլեր մշակվեն Իսրայելի դեմ: Իսկ մինչ այդ Էրդողանը խոստացել էր, որ կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:

Այ այստեղ մեզ համար շատ հետաքրքիր զարգացում կարող է ընթանալ. ըստ էության Ադրբեջանը հայտնվում է թակարդում. պետք է կոնկրետ դիրքորոշում արտահայտի՝ քվեարկելով կողմ, դեմ կամ ձեռնպահ: Հաշվի առնելով այդ երկրների շատ սերտ, անգամ ստրատեգիական հարաբերությունները, նաև զենքի առևտուրը՝ Ադրբեջանը երկիմաստ վիճակում է հայտնվում, ինչը մեզ համար շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ: Պահպանել սերտ ռազմա-տնտեսական համագործակցությունը Իսրայելի հետ և կասկածի տակ դնել «իսլամական իդեալներն» ու եղբայրական Թուրքիայի հետ հարաբերությունները, թե, այնուամենայնիվ, միանալ իսլամական երկրներին:

Թուրքիայի մասով նույնպես մեզ համար հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում: ԱՄՆ-ում սկսվել է Էրդողանի համար շատ վտանգավոր Ռեզա Զարաբի դատավարությունը` Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալի վերաբերյալ, որին ներգրավված են անձամբ Էրդողանը, իր ընտանիքի ու կառավարության անդամները: Զարաբը սկսել է համագործակցել իրապահների հետ, ու ինչպես ասում են, արդեն «երգում» է ու անուններ է տալիս: Էրդողանի համար կարևոր է սրել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները և ցույց տալ, որ դա ոչ թե իր, այլ Թուրքիայի դեմ է արշավ սկսվել:

Մեզ համար կարող է հատաքրքրություն ներկայացնել նաև Վրաստան-Թուրքիա հարաբերությունները, որոնք նույնպես կարող են խնդիրներ առաջացնել: Ի դեմս Թուրքիայի՝ Վրաստանը սերտորեն համագործակցում էր Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ, սակայն նոր իրավիճակում այդ համագործակցությունը նոր երանգներ է ստանում, և Վրաստանը նույնպես կարող է ստիպված լինել ընտրություն կատարել:

Լուսանկարը՝ Thomas Coex/AFP


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վախթանգ Սիրադեղյան17:19 - 8 դեկտեմբերի, 2017
Եթե ԱՄՆ-ը բիզնեսի մակարդակով համագործակցել է Գերմանիայի հետ 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, ինչո՞ւ նույնը չի կարող անել Ադրբեջանը իսրայելի հետ:
2. Սարգիս Սմբատյան19:34 - 8 դեկտեմբերի, 2017
Հետաքրքիր հարցադրում էր, երևի որովհետև Ադրբեջանը Ամերիկա չի: Այն ինչ կարելի է Ջևսին, չի կարելի կովին: Հետո Ադրբեջանը չի անում Իսրայելի հետ, այլ Իսրայելն է անում Ադրբեջանի հետ ..ճճճ
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ