HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24- րդ խորհրդին

Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում մասնակցեց և ելույթ ունեցավ ԵԱՀԿ մասնակից երկրների արտգործնախարարների 24-րդ խորհրդին, որին ներկա էին կազմակերպության անդամ 57 պետությունների և 11 գործընկեր երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակությունները։

Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքի՝ իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ ԵԱՀԿ օրակարգում գտնվող հրատապ խնդիրներին՝ դրական գնահատելով, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային և կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարևանությամբ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն հարաբերությունների վերջին զարգացումները։ «Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձևաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը», ասաց ԱԳՆ ղեկավարը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Ադրբեջանի ապակառոցողական քայլերի պատճառով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման բացասական հետևանքները՝ նշելով, որ Բաքուն ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո թիրախավորեց և փաստորեն արգելափակեց տարածաշրջանում ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող գրասենյակի գործունեությունը: «Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի: Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և՛ գերմանական, և՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ», ընգծեց Էդվարդ Նալբանդյանը:

ԵԱՀԿ նախարարական համաժողովին նախարար Նալբանդյանի ելույթի հիմնական թեման ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն էին և Ադրբեջանի՝ պայմանավորվածություններից հրաժարվելու և ստատուս քվոյի պահպանմանը միտված գործողությունները։

Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ Ադրբեջանի մտադրությունները երևում են իր կողմից իրականացվող ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրասելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են գալիս համանախագահները:

«Ադրբեջանի անզիջողական և առավելապաշտական դիրքորոշումը լուրջ խոչընդոտ է դարձել խաղաղ գործընթացի առաջմղման համար: Հիմնախնդրի կարգավորման համանախագահների առաջարկները այն ուղին է, որը կարող է ճանապրհ հարթել ստատուս քվոի փոփոխման համար: Ադրբեջանը մերժում է այդ առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս քվոն անփոփոխ պահելու ուղղությամբ, միաժամանակ փորձելով ձևացնելով, թե կողմ է ստատու-քվոյի փոփոխմանը», իր խոսքում շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter