Շաբաթ, 22 սեպտեմբերի

Խորհրդարանը հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը



Խորհրդարանում քվեարկության ներկայացվեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը։ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Բյուջեին դեմ քվեարկեցին նաև «Ելք» խմբակցության պատգամավորները, նախագիծն ընդունվեց ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական պատգամավորների քվեարկությամբ՝ 64 կողմ, 35 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Տեղեկացնենք, որ բյուջեի քվեարկության համար խորհրդարանում են կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ։

Քվեարկությունից հետո հնչեցին ծափողջյուններ։

Բյուջեի նախագծի լրամշակված տարբերակով ընդհանուր եկամուտները սահմանված են 1 տրիլիոն 308 մլրդ 284 հազար դրամ, հարկային եկամուտներից ու պետական տուրքերից ակնկալվում է ստանալ 1 տրիլիոն 248 մլրդ դրամ, իսկ ծախսային մասը՝ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ, պակասուրդը՝ 156 մլրդ դրամ:

Քվեարկության ներկայացվեցին նաև այլ նախագծեր։ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ խմբակցությունում բազմաթիվ քննարկումներ են եղել, և որոշվել է, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են ազատ: Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ իր հերթին վարման կարգով խոսեց՝ ասելով, որ կարելի է օրենքն անվանել  «Օրենք տնաքանդության մասին»: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 73 կողմ, 12 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այն ընդունվեց 90 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Տեղեկացնենք, որ խորհրդարանն այսօր ավարտեց աշնանային նստաշրջանի աշխատանքները։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 12-ին արտահերթ նստաշրջան է հրավիրվելու։ Ըստ կանոնակարգ-օրենքի` նստաշրջանի ավարտին պետք է հնչի ՀՀ օրհներգը, սակայն այն չհնչեց։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ