HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Օֆշորային գեներալին կուսակցության ցուցակով պատգամավոր դարձնելն է կոռուպցիան քաղաքականացնում». քննարկում

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն այսօր «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» թեմայով նախաձեռնել էր քննարկում, որը վերաբերում էր պաշտպանության, մարդու իրավունքների, հանրային ռեսուրսների, սոցիալական պաշտպանության և այլ ոլորտում առկա կոռուպցիոն մարտահրավերներն  և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն իր ելույթում ասաց, որ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը ոչ հուսադրող իրավիճակում է․

«Թիվն ամենավատերից չէ, նույնիսկ հետխորհրդային մի քանի երկրների համեմատությամբ լավ է, բայց խնդիրն այն է, որ զբաղեցրած տեղը աղյուսակում իջնում է։ Այսինքն, եթե այլ երկրների դեպքում որոշակի քայլեր են ձեռնարկվում, որի ադյունքում ընկալումը բարելավվում է, Հայաստանի դեպքում այդ բարելավումը չկա»,- ասաց նա։

Հոկտանյանն անդրադարձավ միջազգային Freedom House-ի 2017-ի զեկույցին, որտեղ Հայաստանի ցուցանիշը 5,25  է՝ 1-7 թվերի սանդակում, ինչը ևս, ըստ բանախոսի, մտահոգիչ է։

«Հայաստանը հայտնվել է ԵՄ ֆինանսների նախարարի խորհրդի մոխրագույն ցուցակում: Սա վերաբերում է հարկային օրենսդրության թափանցիկությանը: Կա 17 երկրների սև ցուցակ և 47 երկրների մոխրագույն ցուցակ, որի մեջ է նաև Հայաստանը: Հուսանք՝ ապագայում սև ցուցակում չի հայտնվի Հայաստանը»,- ասաց նա։

Հոկտանյանը հիշեցրեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցված օֆշորային բիզնեսի մասին՝ նկատելով, որ նման սկանդալային բացահայտումից հետո Պողոսյանը պատգամավոր դարձավ։ 

Քննարկմանը ներկա Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հայտարարեց, որ իշխանությունն աննախադեպ միջոցառումներ է արել կոռուպցիայի դեմ պայքարում՝ ապօրինի հարստացումը քրեականացվել է, ազդարարման համակարգի մասին օրենք է ընդունվել, որոնք եղել են քաղհասարակության և բիզնեսի հորդորով։

«Մենք ընկալման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք, ընկալման փոփոխություն է հարկավոր, մենք ունենք առողջապահական, կրթական հիմնարկներ, որտեղ կոռուպցիա չկա, բայց, ցավոք սրտի, միայն պրոբլեմատիկ ոլորտների մասին ենք խոսում, դրական փորձը ևս պետք է ցույց տանք, որ հասարակության ընկալումը փոխվի»,- ասաց փոխնախարարը՝ մատնանշելով իրավական ակտերի հրապարակման միասնական կայքը, որի միջոցով քաղաքացին կարող է իր կարծիքը հայտնել օրենսդրական նախաձեռնության մասին, ինչն, ըստ փոխնախարարի, ժողովրդավարության առաջընթաց է։

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձավ բանակում եղած կոռուպցիային, պաշտպանության ոլորտում՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Սարգսյանը հիշեցրեց Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո արված այն հայտարարությունը, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ստվերն է։
«Եթե ստվերի գոյությունն ամենաբարձր մակարդակով ճանաչվում է, պիտի փորձենք հասկանալ բոլոր ինստիտուտներն ինչպես են գործում՝ բանակ, ոստիկանություն, ՀՔԾ։ Իրենք բոլորն իրենց ներկայացնում են որպես օրինական կառույցներ, բայց չէ որ իշխանություններն ընդունում են, որ երկիրը ստվերում է, իսկ թե ինչ է կատարվում ստվերում չենք կարող հասկանալ։ Իշխանությունը 2016-ի ապրիլին է ամենամեծ խնդիրն ունեցել, երբ բազմաթիվ հարցեր ենք բարձրացրել, որոնց պատասխանը որևէ մեկը չի տվել: Այսինքն՝ առաջին անգամ գործող համակարգի համար վիճակ է ստեղծվել, երբ օրինական չափանիշներով այդ հարցերին պատասխանել որևէ մեկը չէր կարող, և սկսեցին ժխտել ամեն ինչ»,- ասաց Սարգսյանը։

Մանվել Սարգսյանի խոսքով՝ շատերի կողմից բարձրացված հարցերին չնայած պատասխաններ չտրվեցին, սակայն ապրիլյան պատերազմից հետո հաջորդեցին հրաժարականներ, կադրային փոփոխություններ։

«Եթե հարցերը չէին ճանաչվում որպես լուրջ, ինչո՞ւ գեներալների փոփոխություն եղավ, ոչ մի պատասխան նորից չկա»,- նկատեց Սարգսյանը՝ հավելելով, որ կոռուպցիան բանակի համար մեծագույն վտանգ է, քանի որ «կյանքի ու մահվան խնդիր է»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ հիշեցրեց սահմանադրական փոփոխությունների մասին: «Մենք քվեարկեցինք այն Սահմանադրությանը, որը մեր վզին փաթաթվեց, մենք հիշում ենք, թե ինչ ծանր պայքար մղեց իշխանությունն այդ բարեփոխումները հասարակության վզին փաթաթելու համար, բայց նայեք, թե այդ հայեցակարգն ինչ է ասում, ասում է՝ Հայաստանն ազատական տնտեսություն ունեցող երկիր է, և բնական է, որ լինի անհավասարություն, և ամբողջ Սահմանադրությունը կառուցված է բնական անհավասարության վրա, բայց ո՞վ ասաց, որ ազատական տնտեսությունն անհավասար հասարակությունն է»,- ասաց Խառատյանը։ 

Ըստ ազգագրագետի՝ կոռուպցիան ոչ միայն գումար տալն է, այլ պաշտոնական դիրքի չարաշահումը, ինչպես այն դեպքում, երբ խոշորացվող համայնքի ղեկավարը, օգտագործելով իր դիրքը, կարող է ստիպել գյուղապետերին ստորագրել փաստաթղթի տակ, որ կողմ են համայնքների խոշորացմանը։

Իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ կոռուպցիային մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

«Մարդու իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է երկու բաղադրիչ՝ ժողովրդավարություն՝ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն  և դատարանի անկախություն։ Խոսե՞նք վերջին ընտրությունների մասին, որով հասարակությունը կաշառքով, վարչական ռեսուրսով ջախջախվեց։ Մեր երկրում ժողովրդավարությունը որպես մարդու իրավունքների պաշտպանություն գոյություն չունի»,- ասաց Իշխանյանը։

Ինչ վերաբերում է դատական իշխանության անկախության խնդրին իրավապաշտպանը նկատեց, որ  սահմանադրությամբ է ամրագրված, որ դատական երեք ճյուղերի համակարգողը հանրապետության նախագահն է:

«ՀՔԾ, Ոստիկանություն, Քննչական կոմիտե. բոլորն ուղղակիորեն ենթարկվում են մեկ մարդու և նրա ցուցումով են գործում»,- ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ օրենքները չեն գործում, քանի որ դրանք իրագործող մարմիններ չկան։

«Խնդրեմ ուսումնասիրեք ցանկացած պաշտոնյայի մասին լրատվամիջոցների հրապարակումները և քրեական գործեր սկսեք։ Մենք չունենք իշխանության տարանջատում, անկախ դատաիրավական համակարգ։ Բազմաթիվ խոշտանգումներ են լինում, ինչո՞ւ որևէ ոստիկան չի պատժվում դրա համար, շատ պարզ պատճառով, եթե որևէ մեկը պատժվեց, համակարգում իշխանությունը կսկսի խարխլվել»,-իր համոզմունքը հայտնեց իրավապաշտպանը։

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ դժգոհեց, որ քննարկմանը միայն իշխանության բացթողումների մասին է խոսվում՝ համոզմունք հայտնելով, որ եթե իշխանությունն անարդյունավետ է կառավարում, այնքան էլ անարդյունավետ քաղհասարակությունն է իր վերահսկողոթյունը կատարում։ Փոխնախարարը նաև նկատեց, շատերը կոռուպցիայի դեմ պայքարին քաղաքական երանգ են տալիս։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը հակադարձեց փոխնախարարին: «Կոռուպցիան քաղաքականացնում են այնպիսի քայլերը, ինչպես օֆշորային գեներալին կուսակցության ցուցակով պատգամավոր դարձնելը, նման քայլերն են կոռուպցիան  փոխկապակցում այս կամ այն կուսակցության հետ»,- ասաց նա։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) համատեղ նախաձեռնությամբ 2011 թվականից սահմանվել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը տրվում է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի: Ամալյա Կոստանյանը ԹՀԻԿ հիմնադիրն է, նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը:

2016 թվականի համար որպես քաղհասարակության մեջ ներդրում ունեցող անձ մրցանակ հանձնվեց «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանին, 2017 թվականի համար՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter