Հինգշաբթի, 26 ապրիլի

Ռիկի է պովերի



Իմ երիտասարդ գործընկեր Մկրտիչ Կարապետյանը չտեսնված  մի ասույթ ունի. «Սիրտս զանգվածային անկարգություն ա ուզում»:

Ես չգիտեի` ով է Հակոբ Հակոբյանը: Ես իմացել եմ պոետ Հակոբ Հակոբյանին, որը գրում էր, թե «Հեյ ձեզ մատաղ, բանվոր տղերք: Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք, մի զարկ տվեք ցարի գահին, որ խորտակվի նա հիմնովին»:

Հետո իմացել եմ նկարիչ Հակոբ Հակոբյանին: Լուրջ դեմք էր:

Իսկ հետո եղան մի քանի Հակոբ Հակոբյան Ազգային ժողովում տարաբնույթ մականուններով: Անկեղծ ասած լավ չէի տարբերում, բայց նրանց թողած քաղաքական ֆոլկլորից ինչ-որ բաներ մնացին:  Եվ ընդամենը մի օր առաջ ավելի հայտնի դարձավ Աժ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը: Նա ասել էր. «Թանկացումը աղքատների վրա չի տարածվում, որովհետև գումար չունեն, որ գնեն թանկացած միս»:

Քանի որ ծանոթ չէի մտքի հեղինակին՝ փնտրեցի վիքիպեդիայում: Կրթության, աշխատանքային գործունեության տվյալներից հետո, նշված էր, որ հայտնի է երկու ՝ թունելի Հակոբ  և Բեդնի Հակոբ մականուններով:

Երկրորդ մականունը օրվա կոնտեքստում համարյա հրաշք էր: «Բեդնի» բառը երկու իմաստ ունի ռուսերենում ՝ աղքատ և խեղճ: Ճիշտն ասած ստույգ տվյալներ չկան, թե մականունը որ կոնտեքստում է գործածվել, բայց, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում պարոն Հակոբյանը ոսկեզօծ դղյակներում չի մեծացել ու վիեննական աթոռների վրա չի նստել մանկության տարիներին՝ կարծում եմ նույնպես տրամաբանական է: Հետևաբար, աղքատների կեցության մասին իր ստույգ գիտելիքները, հավանաբար հիմնված են փաստերի վրա:

Ես մի Բեդնի էլ գիտեի. Դեմյան Բեդնին: Նա պրոլետարական պոեզիայի դասական էր: Առաջարկված թեմաներով բանաստեղծություններ էր գրում: Ի դեպ իսկական ազգանունը Պրիդվորով էր, որի արմատը, եթե թարգմանենք, կստացվի պալատական: Հետո մի քանի սխալ արեց ու հանեցին մեջտեղից:  Բուլգակովի «Վարպետն ու Մագարիտայում» Իվան Անապաստանի(Բեզդոմնի) նախատիպը ամենայն հավանականությամբ Դեմյան Բեդնին էր: Ու Անապաստանն ընկնում է հոգեբուժարան, հոբեբուժարանում հանդիպում է Վարպետին ու վերանայում է արժեքները և դուրս գրվելուց հետո էլ հրահանգներ չէր կատարում:

Իսկ ինչ վերաբերում է Աժ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, ես կպաշտպանեմ նրան: Իսկ ինչ սխալ բան է ասել մարդը: Իհարկե, եթե փող չունի մսի՝ մսի թանկացումից չի նեղվի: Ես Երևանի բրենդային խանութներից չեմ օգտվում, չունեմ այդ հնարավորությունը, հետևաբար եթե թանկանա՝ ինձ ինչ:

Մտքի կարևորը տրամաբանությունն է, իսկ այն կուռ է:

Եվ հետո, Հակոբ Հակոբյանը ձայնավորել է այն, ինչ մտածում է իշխող ողջ վերնախավը: Եթե Աժ մյուս պատգամավորներն այդ մասին հենց այդ օրը ու հենց այդպես չեն ասել՝ այդպես չեն մտածու՞մ, կամ մտածու՞մ են առհասարակ, թե հեռու գյուղերից մեկում միս չուտելու պատճառով այսինչ երեխան սակավարյունություն ունի ու հայտնվել է Արյունաբանական կենտրոնում, իսկ ծնողն էլ փող չունի ամեն օր գյուղից տեսության գալու: Ոչ, ուրեմն Հակոբ Հակոբյանին քավության նոխազ չդարձնենք: Այս մարդը պետական այր է և ձայնավորել է պետության անկեղծ տեսակետը՝ առանց հղկման, մոնտաժի և գեղեցկախոսության: Հակոբ Հակոբյանի  դատողության մասին կարծիք ասող Խոսրով Հարությունյանը, որը փորձեց մեղմել գործընկերոջ ասածը,  կրկնեց նույն բանը ու վերջում ասաց. «Տեսեք ես այլ կերպ մեկնաբանեցի, չէ՞»: Ինտոնացիայի հարց է: Եթե լրագրողը մոտենար այլ տառաճանաչ պատգամավորի՝ նա նույնպես կկրկներ նույնը, միգուցե նախորդից ավելի բարեհամբույր ինտոնացիայով: Սա է բովանդակությունը կատարվածի:

Իսկ պետության չհրապարակված, բայց կայուն տեսակետը մենք տասնամյակներ զգում ենք, ու չպիտի հայտնվի մեկը, որ մեզ բացատրի տնտեսական աճի, բյուջեի վիճակի ու նման ավելի անհասկանալի տերմիններով բաների մասին: Պետության գիծը չի կարելի փաթաթել միայն մեկ մարդու վրա, միայն այն պատճառով, որ նա է հնչեցրել:

Միսն իրոք թանկ է, կարագն էլ շատ թանկ է, գազն էլ, լույսն էլ ու աղքատները շատ են, նաև աղքատների ու ոչ աղքատների սահմանը գնալով լղոզվում է: Միջին ֆինանսական դրություն ունեցող մարդու կենսակերպը վաղուց միջին չէ, շատ սուղ է ու գնալով ավելի է սուղ դառնում:

Այ այստեղ, պետությունը մի պատճառ ունի նեղվելու ու պատժելու իր տեսակետը ձայնավորողին. կարող է միս չուտողների սիրտն էլ հանկարծ զանգվածային անկարգություններ ուզի, ինչպես իմ լավ հումորով գործընկերոջինը:

Այս անգամ` չէ, մյուս անգամ, կամ հաջորդ անգամ: Ուրեմն, պետությունը պետք է թույլ չտա հնչեցնել իր պետական տեսակետը, քանի որ այն լավը չէ: Սա է խնդիրը: Աղքատների սիրտը, եթե զանգվածային անկարգություն ուզի, լավ չի լինի. շատ են սոված…


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ