HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Խոսենք փաստերով. ինչպես ՍԱՊԾ-ն խուսափեց «Հետք»-ի հետ հավի մսի փորձաքննությունն իրականացնելուց

Օրեր առաջ «Հետք»-ը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էինք սառեցված հավի մսի 9 արտադրատեսակի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Պարզվել էր, որ նմուշներից միայն 4-ն էին համապատասխանում սահմանված նորմերին։ Իսկ մնացած 5-ում հայտնաբերվել են սալմոնելա խմբի մանրէներ, ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակ և հակաբիոտիկներ, որոնց ազատ վաճառքը Հայաստանում արգելվում է «Դեղերի մասին» օրենքով, իսկ կիրառումը՝ թույլատրվում դեղատոմսով։

Հրապարակումից անցել է 4 օր: Այդ ընթացքում «Հետք» է զանգահարել «СПК Курников» ՍՊԸ-ի հիմնադիր, տնօրեն Էդմոն Գիգոլյանը՝ նշելով, որ թեև զարմացած է իր ապրանքում արձանագրած խախտումներից, բայց այլ լաբորատորիաներում ևս կփորձաքննի իր արտադրանքը՝ ստուգելու սալմոնելայի և ՄԱՖԱՄ-ի առկայությունը:

Երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում, վարչապետ Կարեն Կարապետյանը ևս անդրադարձել է «հավի մսի ներմուծման որոշակի պրոբլեմներ»-ին , որոնք «տեղ են գտել մամուլում »՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, ինչպես նաև՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին հանձնարարելով «մինչև տարեվերջ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերով պահանջվող փաստաթղթերի փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման, Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու առաջարկություններ»:

ՍԱՊԾ-ից դեռևս պաշտոնապես որևէ արձանագանք չի եղել:

Այսօր Araratnews.am-ն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի երեկվա մեկնաբանությունը սառեցված հավի մսերի՝ «Հետք»-ի հրապարակման վերաբերյալ: Տեսանյութում, մասնավորապես, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու են նմանատիպ խախտումները միշտ հանրային օղակները՝ լրատվամիջոց կամ ՀԿ-ները բացահայտում` Ի. Կարապետյանը նշում է, որ վերջիններս «ոլորտը դիտարկում են ոչ ամբողջությամբ, այլ միայն ընտրված ընկերությունները»: Հավանաբար, ՍԱՊԾ պետը տեղյակ չէ, որ լրատվամիջոցների ֆինասնական ռեսուրսները սահմանափակ են, որ լրատվամիջոցները բյուջեից գումար չեն ստանում փորձաքննություններ իրականացնելու համար։

Իշխան Կարապետյանը նաև «կոչ է անում» բոլոր հետաքրքրված կառույցներին համատեղ վերահսկողության միջոցառումներ իրականացնել։

«Նույն բանը մենք առաջարկել ենք «Հետք»՝ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը և թերթին, և իրենց հետ քննարկում ենք ունեցել՝ առաջարկելով ոչ թե իրականացնել միայն մի քանի կազմակերպություններում, այլ իրականացնել բոլոր կազմակերպություններում՝ առանց խտրականություն դնելու, ինչպես նաև իրականացնել տարբեր ոլորտներում, որոնք առավել մեծ ռիսկ են պարունակում»,- ասել է Ի․ Կարապետյանը՝ տպավորություն ստեղծելով, որ «Հետք»-ը մերժել է համատեղ փորձաքննություն իրականացնելու առաջարկը։

Այնինչ Ի․ Կարապետյանը չի ասում, որ առաջինը «Հետք»-ն էր համատեղ փորձաքննություն անելու առաջարկով դիմել ՍԱՊԾ, և իրենք, ժամանակ ձգձգելով, ի վերջո խուսափել էին մասնակցելու սառեցված հավի մսի փորձաքննությանը։

Եվ ահա թե ինչպես։

Քանի որ սննդամթերքի որակի սահմանային վերահսկողության անմիջական պատասխանատուն ՍԱՊԾ-ն է, այդ իսկ պատճառով, մենք, նախքան ներկրված սառեցված հավի մսի փորձաքննությունն իրականացնելը, հայտնեցինք ՍԱՊԾ այս մասին՝ առաջարկելով (դեռևս 2017թ օգոսոտոսի 17-ին) այն կատարել համատեղ։

Համաձայնելով առաջարկին՝ ՍԱՊԾ-ից պատասխանեցին. «Ներակայացնել հիմքեր և այլ մանրամասներ՝ համատեղ փորձաքննությունն իրականացնելու համար»:

Պահանջվող գրություններն ուղարկեցինք համապատասխանաբար՝ 2017թ․ սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 12-ին: Ավելին, սեպտեբերի 4-ի գրությամբ ՍԱՊԾ-ին առաջարկեցինք, արդյուքների առավելագույն օբյեկտիվության համար,փորձաքննությունն իրականացնել միաժամանակ 2 լաբորատորիաներում:

2017թ հոկտեմբերի 10-ի գրությամբ ՍԱՊԾ-ից պահանջեցին, գրավոր հավաստումն առ այն, որ մեր ընտրած՝ «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան փորձաքննությունը կիրականացնի անվճար, ինչը նախ՝օրենքով նախատեսված չէ, քանի որ ՍԱՊԾ մասնակցությամբ իրականացվելու էր պետական վերահսկողություն, որի շրջանակներում իրականացվելիք ծառայությունները վճարովի են՝ բյուջեի հաշվին։

 

Լաբորատորիան ծառայություններ մատուցող կազմակերպություն է, «Հետք»-ը՝ լրատվամիջոց, և ոչ թե միջնորդ, ու լաբորատորիայի վրա ազդելու ոչ մի իրավունք չունի։ Այդ ժամանակ մենք առաջարկեցինք (հոկտեմբերի 13, 2017թ գրությամբ), որ ՍԱՊԾ մասնագետները պարզապես ուղեկցեն մեզ հսկիչ գնման ընթացքում, որպեսզի հետագայում մեր իրականացրած փորձաքննության վերաբերյալ օբյեկտիվության հարցեր չառաջանան։

ՍԱՊԾ-ն ժամանակ խնդրեց՝ վերը նշված լաբորատորիայի հետ բանակցելու համար: Վերջինիս կողմից մերժում ստանալով՝ 2017թ նոյեմբերի 3-ին հայտնեց, որ «Հետք»-ը նորից պետք է հիմքեր ներկայացնի փորձաքննություն իրականացնելու համար, ինչն արդեն արել էինք ամիսներ առաջ (տես` վերևի 2 գրությունները) :

Օգոստոսից մինչև նոյեմբեր տևած մեր «նամակագրությունից» հետո, այնուամենայնիվ, նոյեմբերի 10-ին ՍԱՊԾ գրություն ուղարկեցինք՝ տեղեկացնելով, որ մոտ օրերին իրականացնելու ենք փորձաքննությունը։

Այսքանից հետո, ՍԱՊԾ-ն, որպես ոլորտը վերահսկող և պատասխանատու կառույց, ով առաջինը պետք է մտահոգված լիներ քաղաքացիների առողջությամբ և սննդի որակով, որևէ կերպ չարձագանքեց մեր այդ գրությանը, չարձագանգեց նաև հրապարակմանը, սակայն հայտնում է, թե «Հետք»-ին առաջարկել է «համատեղ փորձաքննություն անել», իսկ «Հետք»-ը հրաժարվել է:

Մեկնաբանություններ (2)

Վախթանգ Սիրադեղյան
Հոդվածը ցույց է տալիս, որ ՍԱՊԾ պետն իր տեղում չի:
Տ. Մարգարյան
Ինչ է նշանակում՝ նման գործառույթ չունենք... Բա բուտկեկից ու խանութներից փող հավաքելու գործառույթ ունեք?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter