HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Կառավարության խոշոր «զեղչը» նախկին պատգամավորի` ունեցվածքը թաքցրած որդու համար

Կառավարության դեկտեմբերի 7-ի որոշմամբ` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում` Մ. Մելիքյան փողոց նրբանցք 23 հասցեում, ավելի քան 6300 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ շուրջ 5.8 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով կօտարվեն «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:

Ընկերությունը, ըստ նախագծային փաստաթղթերի, ներկայացրել է կոշիկի և հագուստի արտադրության ներդրումային ծրագիր: «Դամալա Գրուպ»-ը երկու տարվա ընթացքում խոստացել է իրականացնել 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որից 3 միլիոնը` առաջին տարում:

«Նախատեսվող արտադրությունում արտադրվելու է շուկայի միջին և բարձր սեգմենտի համար հագուստ և կոշիկ: Ըստ իրականացվող ներդրումային ծրագրի նախատեսվում է ծրագրի 5-րդ տարում ընկերության հասույթը կոշիկի մասով հասցնել 4 միլիարդ ՀՀ դրամից ավելիի, իսկ հագուստի մասով՝ 1.5 միլիարդ ՀՀ դրամից ավելիի, որի զգալի մասը ընկերությունը նախատեսում է արտահանել»,- հայտնել է ՍՊԸ-ն:

Օտարվող գույքը գտնվում էր պետգույքի կառավարման վարչության տնօրինության տակ: Այն բանից հետո, երբ ընկերությունը դիմել է վարչությանը, վերջինս գնահատել է մոտ 6300 քառ.մետր մակերեսով շենք շինությունները և մոտ 5,8 հա մակերեսով հողատարածքը, որոնց ընդհանուր արժեքը, ըստ վարչության, նոյեմբերի 28-ի դրությամբ` կազմել է 385 974 072 դրամ:

Այնուհետև կառավարությունը այս արժեքը «զեղչել» է գրեթե 86 միլիոն դրամով` արդյունքում գույքը վաճառելով 300 000 000 դրամով: Նշենք, որ այս գումարից 262 502 928  դրամը հողամասի զուտ կադաստրայի արժեքն է, որը կառավարությունը իրավունք չուներ զեղչել`համաձայն գործող Հողային օրենսգրքի: Ստացվում է, որ կառավարությունը իջեցրել է շուրջ 6300 քառ. մետր շենք-շինությունները գինը` վաճառելով շուրջ 37,5 միլիոն դրամով կամ քառակուսի մետրը` 6250 դրամ: 

Կառավարության այս արտոնությունների միակ հիմնավորումը ներդրումային ծրագիրն է, սակայն դրա պայմաններն այնքան հստակ չեն, որքան պահանջում է «Հողային օրենսգիրքը»:

2010թ. Հողային օրենսգրքում կատարվեց լրացում, ըստ որի` կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով պետության uեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ կարող են ուղղակի վաճառքի ձևով օտարվել: Սակայն այս դեպքում, ըստ օրենսգրքի, «կառավարության համապատասխան որոշմամբ եւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրում պետք է սահմանվեն իրականացվելիք ծրագրերը կամ ներդրման չափն ու պայմանները, ինչպես նաեւ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրի պայմանների խախտման համար պատասխանատվությունը»: 

Այսքանից  «Դամալա գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել է միայն ներդրման չափը` 5 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ գլխավոր պայմաններից մեկը անորոշ ձևակերպում ունի: Մանավորապես, ընկերությունը պարտավորվում է ապահովել 350-450 աշխատատեղ, սակայն յուրաքանչյուր տարի` քանի աշխատատեղ, կամ ինչու կառավարությունը չի պարտավորեցրել հստակեցնել թիվը, հայտնի չէ: 

Որոշման նախագծային փաստաթղթերում բացակայում է ևս մեկ կարևոր օրենսդրական պահանջ` այն, թե ինչ պատասխանատվության է ենթարկվելու ընկերությունը, եթե չկատարի «ներդրումային» կողչված ծրագրի պայմանները: 

Կառավարության այս որոշմանը նույնիսկ կցված չէ ամփոփաթերթ, որտեղ արձանագրվում են նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները, մինչև այն կդառնա որոշում: 

«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ի սեփականտերը նախկին պատգամավորի որդի է, ով թաքցրել է ունեցվածքը

«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականտերը Սերգե Սոֆոյանն է, ով Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի  որդին է: Հ. Սոֆոյանը Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նա 6-րդ գումարման ԱԺ-ի ՀՀԿ պատգամավորների թեկնածուների համամասնական ընտրական ցուցակի 35-րդ տեղում էր, սակայն դեռևս պատգամավոր չէ: Խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրած հայտարարագրում, որպես զբաղեցրած պաշտոն, նշել է. «Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միություն» հկ համանախագահ, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի տեղակալ»:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների` Սոֆոյանը ԱԺ-ում հայտնվել է գործարար, «Տաշիր Գրուպ»-ի համասեփականատեր Սամվել Կարապետյանի շնորհիվ, ում հետ մտերիմ է եղել դեռևս Կալուգայից: Որքանով է հավաստի այս տեղեկությունը, չենք կարող նշել: Սոֆոյանը ԱԺ ներկայացրած իր կենսագրության մեջ գրում է, որ 1988-1989թթ. աշխատել է Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում «Արմենիակալուգաշին» շինարարական վարչության պետի տեղակալ, 1991-2003թթ.` պետ: 

Ազգային ժողովի պաշտոնական կայքի համաձայն` Հովհաննես Սոֆոյանը ծնունդով Վրաստանի Հանրապետության Ասպինձայի շրջանի Դամալա  գյուղից է, այստեղից էլ ենթադրաբար` որդու ընկերության անվանումը:  

«Դամալա Գրուպ» ՍՊԸ-ն պետռեգիստրում գրանցվել է 2015թ., երբ Հովհաննես Սոֆոյանը պատգամավոր էր: Սերգե Սոֆոյանը 2015-2016թթ. ներկայացրել է հայտարարագիր` որպես Հովհաննես Սոֆոյանի հետ համատեղ ապրող զավակ, սակայն հայտարագրում ոչինչ չկա նրան պատկանող «Դամալա Գրուպ»-ի մասին: Եվ եթե չլիներ կառավարության այս որոշումը, չէինք իմանա, որ ընկերության ֆինանսական միջոցներն աճել են այնքան, որ բավականացնում են ներդրումային ծրագիր ներկայացնելու համար:

2015թ․ հայտարարագիրը 2016թ․ հայտարարագիրը

2016թ. մարտին էլ «Դամալա Գրուպ»-ը Վերին Պտղնու համայնքապետի որոշմամբ` ստացել է «իրեն պատկանող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասում բազմաֆունկցիոնալ հասարակական շինության կառուցման շինարարական աշխատանքները սկսելու թույլտվություն»: Սերգե Սոֆոյանի`  ներկայացրած հայտարարագրերում ոչինչ չկա նաև Վերին Պտղնիում ընկերությանը պատկանող հասարակական կառուցապատման հողամասի մասին: Վերջինիս մակերեսը համայնքապետի որոշման մեջ նշված չէ. շինթույլտվությունը բազմաֆունկցիոնալ հասարակական շինության կառուցման համար է տրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter