HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամբողջ գործը պատվեր է, մեղադրանքն էլ՝ անհեթեթ». Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան

«Ես առաջարկել եմ զինված հեղափոխություն, Ժիրայր Սեֆիլյանը դեմ է եղել». սա հատված է ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի նախաքննական վերջին ցուցմունքից: 2016-ի հունիսի 2-ի հարցաքննության ժամանակ ևս նույն Հովհաննես Պետրոսյանն ասել է, որ ուժային հեղափոխություն է առաջարկել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն նա մասամբ է կողմ եղել՝ ասելով, որ ժողովուրդը պիտի հասունանա:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ զինված հեղաշրջում անելու գաղափարը եղել է ոչ թե Ժիրայր Սեֆիլյանինը, այլ՝ հենց Հովհաննես Պետրոսյանինը:

«Բայց զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ մեղադրում են ոչ թե Հովհաննես Պետրոսյանին, այլ՝ Ժիրայր Սեֆիլյանին: Փաստորեն՝ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրում են Հովհաննես Պետրոսյանի գաղափարների համար: Ով էս սցենարը գրել է, էդպես է ուզել»,-ասաց պաշտպան Հայրապետյանը: Փոխարենը՝ Հովհաննես Պետրոսյանին առաջադրվել է մեղադրանք կազմակերպված խմբի կողմից զենք փոխադրելու համար: Իսկ, թե ով էր մտնում այդ խմբի մեջ, Հովհաննես Պետրոսյանը չպատասխանեց: Պաշտպանական կողմի հարցերին, թե արդյոք եղել են խմբի հավաքներ, քննարկվել են արդյոք դերային բաշխումներ, ստրատեգիա, ամբաստանյալ Պետրոսյանը չպատասխանեց՝ օգտվելով իր իրավունքից: Պետրոսյանը նաև նշեց՝ իր ցուցմունքներում հաճախակի հանդիպող «կազմակերպված խումբ» ձևակերպումն իրենը չէ, այլ՝ «հնարավոր է՝ քննիչն է գրել»:

«Ամբողջ քրեական գործը պատվեր է, մեղադրանքն էլ՝ անհեթեթ»,- հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը։

Այսօր Շենգավիթ վարչական դատարանում հրապարակվեցին ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները, քանի որ կային էական հակասություններ դրանց ու դատարանում՝ անցած նիստին, տրված ցուցմունքների միջև: Այդ հակասությունները ինքը՝ Պետրոսյանը անվանում էր անճշտություններ: Սակայն պաշտպանական կողմն առանձնացրել էր նման մի շարք դրվագներ, որտեղ տարբերվում էին, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանի հետ առաջին հանդիպման եղանակը՝ պայմանավորվածություն Ֆեյսբուք սոցիալական ցանցով, թե հավաքի ժամամանկ, իրեն 2 ինքնաձիգերը փոխանցելու հանգամանքները՝ մի ցուցմունքում ասել է՝ չգիտի, թե ով է փոխանցել, մյուսում՝ տվել Ժիրայր Սեֆիլյանի անունը և այլն: 

Հովհաննես Պետրոսյանը նաև նշել էր իր ցուցմունքներում, որ ինքնաձիգերը պիտի կիրառվեին այն ժամանակ, երբ իրավապահների կողմից հարձակում լիներ ժողովրդի վրա: Սակայն դատարանում նույն Պետրոսյանն ասաց, որ համոզված չի եղել, թե այդ 2 ինքնաձիգերը կաշխատեն:

Որոշ հարցերի Պետրոսյանն առհասարակ չէր պատասխանում: Մասնավորապես՝ ինչու է տվել Ներսես Պողոսյանի անունը, իբր Ներսեսն իրեն զենք է հետ տվել. «Զենքը կնգա պես բան ա, որ տվեցիր, էլ հետ տվող չկա»,-ասաց Ներսես Պողոսյանը՝ նկատելով, որ Հովհաննես Պետրոսյանի ասած՝ «անճշտությունների» պատճառով ինքն արդեն մեկուկես տարի բանտում է: «Գիտենք՝ ամեն մեկի վրա ոնց են աշխատել՝ մեկին ասել են՝ 20 տարի կփակեն, մյուսին՝ 25, եթե քննիչն ա գրել, դու ստորագրել ես, ասա»,-վրդովվեց Ներսես Պողոսյանը:

Հովհաննես Պետրոսյանը նույն գործով ամբաստանյալներ Ներսես Պողոսյանի և գալուստ Գրիգորյանի հետ ծանոթացել է 2015-ի ամռանը՝ «Էլեկտրիկ-Երևանի» ակցիաների ժամանակ՝ Բաղրամյան պողոտայում, ասել, որ ճանաչում է Ժիրայր Սեֆիլյանին, պատմել ծրագրերի մասին:

«Մի պահ պատկերացնենք, որ այդ վթարը չլիներ, ինչ էր լինելու: Այսինքն՝ ինչու չեք հայտնել իրավապահներին, ըստ Ձեզ, նախագծվող գործողությունների մասին, երբ նշեցիք, որ Հայաստանի ազգային անվտանգությունը Ձեզ համար բարձրագույն արժեք է»,- Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի այս հարցադրմանը Հովհաննես Պետրոսյանը պատասխանեց, որ փաստերի ճնշման տակ է ընդունել իր մեղքը, հասկացել է՝ «իրականում խաբված է եղել»:

Հիշեցնենք՝ Հովհաննես Պետրոսյանն է 2016 թ. մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոմեքենայով Հրայր Թոփչյանի հետ վթարի ենթարկվել, որից հետո ոստիկաններն ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:

«Երկու տարբերակ կա՝ կամ Դուք գործակալ եք կամ գործակալ չեք»,- պաշտպան Հայրապետյանի այս հռետորական հարցին Պետրոսյանը հակադարձեց այսպես. «Եթե գործակալ եք ուզում գտնել, ուրիշ տեղ փնտրեք: Եթե գործակալ լինեի, իմ հանդիպումները Ժիրայր Սեֆիլյանի հետ կձայնագրեի: Եթե գործակալ լինեի, իմ հանդիպումները Ժիրայր Սեֆիլյանի հետ կձայնագրեի»: Ի դեպ, Ներսես Պողոսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ սպիտակ հեռախոսը, որով, իբր, եղել են Հովհաննես Պետրոսյանի զրույցներն ու պայմանավորվածությունները, գործի նյութերում չկա:

Ուշագրավ մեկ փաստ ևս՝ պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ նույն Հովհաննես Պետրոսյանը հարցաքննվել է նաև ՊՊԾ գնդում 2016-ի ամռանը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter