ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Դատապարտյալը վնասել է ձեռնաշղթան. դատարանը վճռել է բռնագանձել պետությանը պատճառված 1000 դրամ գույքային վնասը



Պետական կամ համայնքային ունեցվածքի յուրացման, վատնման փաստերի կամ առնվազն կասկածների մասին թերթերում գրելը դարձել է սովորական երևույթ: Անսովոր է, երբ իրավապահ մարմինները այդ հրապարակումներին արձագանքում և հետամուտ են լինում: Ընդ որոմ, ինչքան մասնակից անձի պաշտոնը բարձրանում է, այնքան ավելի անհավանական է դառնում օբյեկտիվ ու անաչառ քննության իրականացումը, այդ թվում՝ պատժի սպասելիքը:

Սակայն, այլ է վիճակը, երբ խոսքը վերաբերում է շարքային քաղաքացուն: Պետությունն իր «մամլիչ» ապարատը գործի է դնում նրան պատժելու համար: Այդ ժամ արդեն կարևոր չեն ոչ վերահսկիչ պալատի չարաշահումների մասին աղմկահարույց զեկույցները, ոչ աճուրդի անվան տակ պետությանը և համայնքներին վնաս պատճառելու բացահայտումները, ոչ էլ, ասենք՝ ԱՕԿՍ-ի շենքի ճակատագիրն ու յուրացված գումարները, պետական գնումների ոլորտում տիրող կոռուպցիոն ռիսկերն ու փաստերը:

Այս տարվա օգոստոսի 9-ին 1000 դրամ բռնագանձելու պահանջով Արմավիրի մարզի դատախազությունը դատապարտյալի դեմ հայցադիմում է ներկայացրել   մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ավելին, դատախազությունը դատարանին միջնորդել է, որպեսզի 1000 դրամ պահանջի դիմաց արգելանք դրվի դատապարտյալի գույքի, դրամական միջոցների վրա: Դատարանը մերժել է այդ միջնորդությունը:

Բանն այն է, որ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված և քրեական գործի հարուցումը մերժված նյութերով պարզվել է, որ այս տարվա մայիսի 16-ին, նույն հիմնարկի դատապարտյալ Մ. Գալստյանի նկատմամբ կիրառվել է հատուկ միջոց` ձեռնաշղթա, որը կոտրվել է վերջինիս կողմից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն և փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված մետաղական ձեռնաշղթայի վնասվելու հետևանքով պատճառված գույքային վնասի չափը այդ օրվա դրությամբ կարող է կազմել 1000 դրամ:

«Այսպիսով, հիմնավորվել է, որ Մ. Գալստյանի կողմից «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին պատճառվել է 1000 ՀՀ դրամ գույքային վնաս, որը մինչ օրս նրա կողմից չի վերականգնվել»,-նշված է դատախազության հայցադիմումում:

Գործով պատասխանողը դիմումով դատարանին հայտնել է, որ հայցադիմումը ստանալուց հետո է միայն տեղեկացել, որ ինքը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկին պատճառել է 1000 դրամի չափով նյութական վնաս, ինչն անհիմն է: 

Դատարանը նոյեմբերի 15-ին բավարարել է դատախազության հայցը և վճռել դատապարտյալ Գալստյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 1000 դրամ, ինչպես նաև 1500 դրամ պետական տուրք:

Թե պետության օգտին 1000 դրամի բռնագանձման համար նույն պետությանը որքան վնաս է պատճառվել, որևէ մեկին չի հետաքրքրում: Դատարանին, փորձագետին ծանրաբեռնելը, աշխատավարձ վճարելը, նյութական ռեսուրսներ ծախսելը՝ թուղթ, թանաք, էլեկտրաէներգիա, փոստային ծառայություններ և այլն, մի քանի տասնյակ անգամ կարող է գերազանցել պահանջի չափը:

Բնականաբար նման հաշվարկ չի արվում և ներկայացվում: Այս ամենը շատ գեղեցիկ փաթեթավորվում է «պոտության գույքային շահ» անվան տակ և վիճակագրությամբ մատուցվում է հանրությանը, թե տեսեք հետամուտ ենք պետությանը պատճառած վնասը վերականգնելու ուղղությամբ:

Մեկ այլ դեպքում, այս տարվա փետրվարի 27-ին, նույն հիմնարկի դատապարտյալ Կ. Գրիգորյանը, իր կնոջ մահվան վերաբերյալ լուրը ստանալուց հետո, հայտնվել է հոգեպես անկայուն վիճակում և կոտրել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի խցի պահարանի 2 դռները: Փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված պահարանի դռների կոտրվելու հետևանքով պատճառված գույքային վնասի չափը նշված օրվա դրությամբ կարող է կազմել 18,000 դրամ: Դրանով հիմնավորվել է, որ դատապարտյալի  կողմից քրեակատարողական հիմնարկին պատճառվել է 18,000 դրամ գույքային վնաս:

Բնականաբար դատարանը բավարարել է դատախազության հայցը և դատապարտյալից 18,000 դրամ բռնագանձելու վճիռ կայացրել: Գումարին ավելացել է նաև 1500 դրամ պետական տուրքը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ