HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱՆ-ն առաջարկում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ստեղծել

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը գործելու է ոչ թե քրեակատարողական վարչության ենթակայության ներքո, այլ՝ Արդարադատության նախարարության։ Նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման միասնական` e-draft.am կայքում։ Նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել Կառավարության 2017 թվականի հունվարի 19-ի նիստի որոշմամբ հաստատված «ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգը, ինչպես նաև այն, որ  քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացումը և բժշկական ծառայողների անկախության երաշխիքների ստեղծման մոդելը համարվել է Կառավարության 2017 թվականի գերակա ուղղություններից մեկը։

Նախագծում նշվում է, որ քրեակատարողական առողջապահության գործող համակարգի կառուցվածքում մի շարք համակարգային խնդիրներ կան, որոնից մեկը մասնագիտական անկախության բացակայությունն է։

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության բժշկական սպասարկման ստորաբաժանումները գտնվում են քրեակատարողական վարչության պետի անմիջական ենթակայության տակ, իսկ քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումները՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությամբ: Սրանով պայմանավորված՝ բժշկական անձնակազմի կողմից բացառապես բժշկական հարցերի շուրջ կատարած մասնագիտական եզրակացությունները կարող են ենթարկվել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից ոչ մասնագիտական վերանայման, իսկ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը կարող է բժիշկներին ենթարկել կարգապահական պատասխանատվության, գործնականում հավանություն չտալ բժշկական եզրակացություններին»,-ասված է նախագծում։

Արդարադատության նախարարության կողմից ներկայացված  խնդիրներում նշվում է անազատության մեջ գտնվող անձանց անվստահությունը բուժանձնակազմի հանդեպ, քրեակատարողական համակարգ բուժաշխատողների ներգրավման դժվարությունը,  բժշկական անձնակազմի որակավորման խնդիրը։

Ներկայացնենք նախագծի դրույթներից մի քանիսը

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվող գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժնի, քրեակատարողական հիմնարկների կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման կամ բժշկական մասնագիտացված բաժինների կամ բաժանմունքների կամ խմբերի գործունեության համար նախատեսված տարածքները, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման համար նախատեսված  և ադմինիստրատիվ տարածքը։

  • Ապահովել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին։
  • Հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքների քանակը և անվանացանկը։
  • Ձեռնարկել միջոցներ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կադրերի համալրման համար։
  • Սահմանել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի՝ իրենց վերապահված գործառույթները իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ մուտքի  և ելքի կարգը։

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ ընդունման դեպքում հնարավոր կլինի լուծել  քրեակատարողական բուժօգնության ծառայության մասնագիտական անկախության ապահովման հարցը, ստեղծել նախադրյալներ քրեակատարողական բուժօգնության ծառայության հանրային առողջապահության համակարգին ինտեգրվելու, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացման համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter