Տեսախցիկն ինձ «տեղափոխեց» Սլավոնական համալսարան. առաջին ինտերնետ քննությունս
Մհեր Ենոքյան
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
Վերջին օրերին միանգամից երկու լավ իրադարձություն տեղի ունեցավ այստեղ՝ կլոր բանտում: Նախ առաջին անգամ ինտերնետով տեղափոխվեցի Սլավոնական համալսարան՝ առցանց հանձնելով քրեական իրավունք առարկայի քննությունս և նույն օրն էլ իմացա, որ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել Վերաքննիչ դատարանի հաղթանակս տեսակցությունների սահմանափակման վերացման ու պատժի հաշվարկի մասին:
Տրամադրությունս քննություններին բարձր է լինում, բայց այս անգամ առավել բարձր էր, որովհետև մինչ այդ ևս մեկ լավ լուր էի ստացել`դատախազությունը հրաժարվել էր բողոքարկել տեսակցություններիս և պատժի հաշվարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Այո՛, սա իմ առաջին և կարևոր դատական հաղթանակն էր, որը հնարավոր դարձավ ազնիվ, արդար որոշումներ կայացրած դատավորների և Սլավոնական համալսարանում ստացածս իրավագիտական գիտելիքների շնորհիվ:
Անպայման ուզում եմ մանրամասն պատմել ձեզ, թե ինչպես հանձնեցի 5-րդ կուրսի 1-ին կիսամյակի վերջին քննությունս՝ քրեական իրավունք առարկայից:
5 տարի շարունակ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոսները տարվա մեջ 2-3 անգամ այցելում էին «Նուբարաշեն» բանտ, որպեսզի կարողանամ հանձնել քննություններ և ստուգարքներ: Իհարկե, շատ լավ է, երբ անմիջական շփում եմ ունենում դասախոսների հետ, մանավանդ մռայլ բանտում, որտեղ տասնյակ տարիներ գրեթե նույն մարդկանց ես տեսնում, իսկ հյուրեր հազվադեպ են այցելում:
Բայց այս անգամ, կարծում եմ, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. որքանով տեղյակ եմ`Հայաստանում առաջին անգամ դատապարտյալին, այն էլ ցմահ, թույլատրվեց ինտերնետով քննություն հանձնել: Այո՛, տեսախցիկի միջոցով տեղափոխվեցի Սլավոնական համալսարան՝ հանդիպելով քրեական իրավունք առարկայի դասախոսներին:
Ուրեմն այսպես, ուրբաթ օրը ցերեկը, ժամը 14:00-ին բացում են խցի դուռը, և ինձ ուղեկցում ցմահների հարկի աշխատակիցների համար նախատեսված սենյակ: Ներս է մտնում ՍՀԻԱ (սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների) բաժնի պետը և մեծ ծրար դնում սեղանին:
-Սա ի՞նչ է,- հարցնում եմ:
-Քո ձեռքով բաց`կտեսնես:
Ծրարի մեջ մի սարք էր, որը միայն հեռուստացույցով էի տեսել: Լավ չգիտեմ անունը՝ կոչվում է iPad կամ notebook: Պետն ասում է, որ այդ սարքով պիտի հանձնեմ քննությունս: Սարքն ապահովել էին այս տարիներին ինձ հարազատ դարձած ընկերներս, որի համար հոգաչափ շնորհակալ եմ:
Նայում եմ անծանոթ սարքին. չգիտեմ`ո՞նց օգտվել դրանից: 22-րդ տարին է, որ բանտում եմ: Իսկ անցած դարի 90-ականներին նման սարքեր գոյություն չունեին, իսկ համացանցից օգտվել չի թույլատրում բանտարկյալին: Միայն ուսանող ու աշխատանք ունեցող բանտարկյալներին թույլատրվել է հարազատների տրամադրած համակարգիչներով օրական 3 ժամ պարապել հատուկ կաբինետում, բայց առանց ինտերնետի հնարավորության:
Բաժնի պետի զանգերից հասկանում էի, որ համալսարանից չեն կարողանում միանալ, ու ստիպված մենք էինք փորձում: Մի քիչ տանջվելուց հետո վերջապես կապը համալսարանի հետ հաջողվեց: Ահա և դասախոսներն են երևում էկրանին՝ նստած հարմարավետ, գեղեցիկ մի դահլիճում: Բարևում ենք իրար: Անսովոր է այս կերպ հաղորդակցվելը, շատ յուրահատուկ զգացողություն… Փոխադարձ ստուգում ենք ձայնի և տեսապատկերի որակը, ամեն բան լավ է:
Սկսվում է Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք առարկայի քննությունը: Այս անգամ պատասխանում եմ հայերենով, քանի որ առարկան ՀՀ քրեական իրավունքն է: ՌԴ-ի օրենսդրության վերաբերյալ առարկաներն էլ ռուսերենով եմ հանձնել:
Դասախոսներն առաջարկում են տոմսի թիվն ասեմ 1-ից 21-ի շրջանում: Ընտրում եմ համար 15-ը: Դասախոսներից մեկը մոտեցնում է էկրանին`ցույց է տալիս, հետո բացում է և ցույց տալիս հարցերը: Տառերն այդքան էլ լավ չեն երևում, խնդրում եմ կարդալ, մոտս գրի եմ առնում: Ինձ պատրաստվելու ժամանակ են տալիս: Սենյակում՝ կողքիս, նստած են ՍՀԻԱ բաժնի պետը ու ևս երկու աշխատակից: 3-4 րոպեից ասում եմ՝ պատրաստ եմ ու սկսում եմ պատասխանել:
Է՛լ ավելի պարտավորված եմ ինձ զգում. գիտակցում եմ`Հայաստանում առաջին նախադեպն է, երբ դատապարտյալը բանտից առցանց քննություն է հանձնում: Տոմսի հարցերին պատասխանելուց հետո`խնդրում եմ, որ ինձ այլ հարցեր էլ տան և որքան բարդ`այնքան լավ. ուզում եմ արտահայտվել, ինքս էլ հասկանամ, թե որքանով եմ կարողանում բանտային պայմաններում, առանց դասախոսություններ լսելու, առանց շփման արտաքին աշխարհի հետ յուրացնել գրքերից և համալսարանից, հարազատներիցս ստացվող նյութերը:
Ահա և քննությունը մոտենում է ավարտին, դասախոսներն անջատում են ձայնը`գնահատման հարցով իրար հետ խորհրդակցելու համար: Անհամբեր սպասում եմ: Նորից միացրեցին ձայնը՝ ասելով՝ չէին սպասում նման լավ պատրաստվածություն, շատ գոհ են, գնահատականս`գերազանց է: Խորհուրդ են տալիս, որ ծանոթանամ նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին`է՛լ ավելի խորացնեմ գիտելիքներս քրեական իրավունքի ոլորտում, քանի որ հենց այս ուղղվածությունն եմ ընտրել: Փոխադարձ իրար շնորհակալություն ենք հայտնում:
Այսպես`վերջին կուրսում կայացավ առաջին առցանց աննախադեպ քննությունս: Շնորհակալությունս եմ հայտնում Սլավոնական համալսարանի վարչակազմին, դասախոսներին, «Քաղաքականության և իրավունքի» ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանին ու իր թիմին. նրանք են, որ 5 տարի շարունակ ապահովում է իմ անխափան ուսուցումը, իսկ այժմ էլ`նախադեպ ստեղծեցին, որ այլ դատապարտյալներն էլ այսուհետ կարողանան համացանցի միջոցով սովորել`կրթութուն ստանալ: Շնորհակալություն նաև Քրեակատարողական վարչությանն և «Նուբարաշեն» բանտի ադմինիստրացիային ու աշխատակիցներին, որ հնարավոր դարձավ առցանց քննությունը:
Այսպիսով՝ արդեն պատրաստվում եմ 2 պետական քննություններին ու զուգահեռ գրում դիպլոմային աշխատանքս՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների բողոքարկման օրենսդրական հիմքերն ու պրակտիկան» թեմայով:
...Մի հետաքրքիր ամերիկյան ֆիլմ հիշեցի, երևի շատերդ եք տեսել, կոչվում է «Երկորյակները», այնտեղ երկորյակ եղբայրներից մեկը`Առնոլդ Շվառցնեգերը, հասարակությունից մեկուսացված է մեծացել, իսկ մյուսը`Դենի Դե-Վիտոն, քաղաքի թոհուբոհի մեջ մեծացած տղա է: Ու այս ֆիլմում ցույց է տրվում տեսական գիտելիքներով հարուստ ու պրակտիկ կյանքի փորձ ունեցող մարդկանց առավելություններն ու թերությունները:
Հիշեցի մի դեպք, երբ բանտից փախել էի ու ազատության մեջ էի: 2004 թվականի ձմեռն էր: Կանգառում մոտեցա մի երթուղայինի, որի նմանները անցած դարի 90-ականներին չկային: Ուզում էի բացել, բայց չկարողացա: Մի քանի անգամ ուժեղ քաշում էի դեպի ինձ, բայց իզուր: Նկատեցի, որ երթուղայինում նստածներից մեկը ժպտում է: Մեկ էլ մի աղջիկ մոտեցավ, իր նուրբ ձեռքով բռնեց բռնակը ու ոչ թե քաշեց, այլ հանգիստ կողք տարավ`դուռը բացեց: Ամոթ էր, բայց դե՛, ինչ արած, հո չէի ասելու, որ անցած դարում նման դռներով երթուղայիններ չկային:
Համոզված եմ, որ վաղ, թե ուշ պետք է արագ քայլերով հետևենք զարգացած`քաղաքակիրթ երկրների օրինակին, որտեղ առցանց ուսումը վաղուց կիրառվում է, անգամ դատապարտյալներն են այդ կերպ սովորում: Լավ է, որ առաջին քայլը մեզ մոտ էլ կատարվեց: Սա շատ կարևոր է, քանի որ, գիտությունը և տեխնիկան զարգանում են, իսկ տասնյակ տարիներ հասարակությունից մեկուսացված լինելով` դատապարտյալները պետք է կարողանան ժամանակակից տեխնիկայից օգտվել և ունենալ համապատասխան հմտություններ, ոպեսզի հասարակություն վերադառնալուց`հնարավորինս շուտ ադապտացվեն, աշխատանք գտնեն, բեռ չդառնան արագ զարգացող հասարակության վրա:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել