ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է սկսել



«Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին անժամկետ հացադուլ է սկսել: Նախօրեին Կիևում իրավապահ մարմինները ձերբակալել էին Գերագույն Ռադայի շենքի մոտ բողոքի ցույց անցկացնող վրացի քաղաքական գործչին: Ավելի ուշ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Արտյոմ Շևչենկոն հայտնել էր, որ Սահակաշվիլին ձերբակալվել էր Լուգանսկի մարզի նախկին ոստիկանապետ Յուրի Պոկինբորոդայի տանը:

«Նա հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին, ասել է նաև, որ հրաժարվում է պարտադիր սննդից: Եթե որպես խափանման միջոց ընտրվի 60-օրյա կալանքը, ապա նա հաստատակամորեն կշարունակի հացադուլը»,- Սահակաշվիլու փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկու խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ, փաստաբանը նաև նամակ է հրապարակել, որը Վրաստանի նախկին նախագահը փոխանցել է մեկուսարանից. «Մի՛ վախեցեք: Խիզախորեն դուրս եկեք կիրակնօրյա ակցիային՝ «Իմպիչմենթի համար»: Միասին պաշտպանենք Ուկրաինան կոռուպցիայից և կամայականություններից»,- ասվում է գրության մեջ:

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտարարել է հետաքննական գործողությունների ավարտի մասին.

«Ձերբակալված Սահակաշվիլին արդեն հանգստանում է: Դատախազները միջնորդագիր են պատրաստում, որպեսզի ներկայացնեն դատարան՝ որպես խափանման միջոց տնային կալանքը ընտրելու համար՝ էլեկտրոնային թևնոցի առկայությամբ»,- գրել է Սարգանը իր ֆեյսբուքյան էջում

Ուկրաինայի իշխանությունները Միխեիլ Սահակաշվիլուն մեղադրում են հանցավոր կազմակերպությունների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ ուժայինները Օդեսայի նախկին նահանգապետին ձերբակալել էին դեկտեմբերի 5-ին, երբ 49-ամյա քաղաքական գործիչը բարձրացել էր ութհարկանի շենքի տանիքը՝ սպառնալով այնտեղից ցած նետվել, սակայն մի քան ժամ անց Սահակաշվիլու կողմնակիցներին հաջողվել էր ազատել նրան ոստիկանական միկրոավտոբուսից: Այդ օրվանից մինչև դեկտեմբերի 8-ը նա հարյուրավոր ցուցարարների հետ բողոքի ցույց էր անցկացնում Գերագույն Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով երկրի օրենսդիր մարմնից սկսել նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենթի գործընթացը:

Լուսանկարը՝ AFP / Sergei Chuzavkov


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ