HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարզերում կոյուղաջրերը թափվում են գետերն ու ջրամբարները

Հայաստանում կոյուղաջրերի մաքրման հարցը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Հատկապես մարզերում չկան մաքրման կայաններ և կեղտաջրերը, առանց որևէ ներգործության, թափվում են գետերի, լճերի ու ջրամբարների մեջ: Այդ ջրով ոռոգվում են մշակովի հողատարածքները, ինչը կարող է համաճարակի պատճառ դառնալ:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2016թ.-ին կոյուղի բաց է թողնվել 102,8 մլն խոր. մետր կեղտաջուր, որից մաքրվել է ընդամենը 63,1 մլն խորանարդ մետրը:

Մարզպետարանները ևս բարձրաձայնում են ահագնացող վտանգի մասին: Վերջիններիս 2017-2025թթ. ռազմավարական ծրագրերում տեղ է գտել մաքրման կայանների կառուցման, եղածները վերանորոգելու և շահագործելու հարցը:

Արմավիրի մարզ

Արմավիրի մարզի 3 քաղաքները՝ Էջմիածին, Արմավիր և Մեծամոր, ինչպես նաև գյուղական բնակավայրերից 12-ն ունեն կոյուղու ցանցեր, սակայն դրանք միացված չեն կոյուղու մաքրման գործող կայաններին: Մարզի քաղաքների և առանձին գյուղական բնակավայրերի համար հիմնախնդիր է դարձել կոյուղու ցանցի քայքայված վիճակը, որը վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության համար: Մարզպետարանի փոխանցմամբ՝ մարզի ջրային ռեսուրսների, ոռոգման ջրատարների և գետերի աղտոտվածության հիմնական աղբյուրը տարեցտարի ավելացող կենցաղային կեղտաջրերն են:

Մարզում կոյուղաջրերը չեն վարակազերծվում: Չի գործում 80-ական թվականներին կառուցված Մեծամորի կոյուղաջրերի մաքրման կայանը, որտեղ նախագծով նախատեսված էր մաքրել և վարակազերծել Մեծամոր և Արմավիր քաղաքների կոյուղաջրերը: Կայանը չշահագործվելու պատճառով Արմավիրի կոյուղաջրերը Մեծամորի մաքրման կայանի տարածքում առանց մաքրման և վարակազերծման դուրս են գալիս կոյուղու կոլեկտորից և լցվում հարակից տարածքներն ու բաց ջրամբարները` ստեղծելով վարակիչ հիվանդությունների տարածման մեծ վտանգ: Մարզի բժշկական հաստատությունները ևս չունեն կոյուղաջրերի մաքրման և վարակազերծման սարքավորումներ:

«Հետք»-ը դեռ ամիսներ առաջ անդրադարձել էր Մեծամորի մաքրման կայանի չգործելու ու հարակից տարածքներում ապրող գյուղացիների դժգոհություններին: Ի դեպ, տարիներ առաջ Զարթոնք համայնքում աղիքային վարակիչ հիվանդություն էր տարածվել հենց չվարակազերծված կոյուղաջրերի պատճառով: Գյուղացիներն իրենց հողամասերը ոռոգում են չվարակազերծված կոյուղաջրերով:

Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տեղեկացրել էին` Գերմանական զարգացման բանկի (KFW), ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համատեղ ծրագրերով Մեծամորի նոր մաքրման կայանի կառուցման համար նախատեսվել է 5,9 մլն եվրո: Թե երբ վերջապես կգործի կայանը՝ առայժմ պարզ չէ:

2016թ. Արմավիրի մարզից կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը կազմել է 3202.6 հազար խորանարդ մետր, որից ոչ մի խորանարդ մետր ջուր չի մաքրվել և նույն ծավալի կեղտաջուր բաց է թողնվել բնություն:

Արագածոտնի մարզ

Մարզերի բոլոր քաղաքները՝ Աշտարակ, Ապարան, Թալին, ունեն կոյուղու համակարգ: Սակայն, մարզի կոյուղու համակարգերը միացված չեն գործող մաքրման կայաններին: Դրանք առանց մաքրման, թափվում են բնություն:  Իսկ մարզում կոյուղաջրերի մաքրման կայաններ չկան, և առաջնային հարց է դարձել դրանց կառուցումը:

Արարատի մարզ

Մարզի քաղաքների և առանձին գյուղական բնակավայրերի համար հիմնախնդիր է դարձել կոյուղու ցանցի քայքայված վիճակը, որը վտանգավոր է շրջակա միջավայրի աղտոտվածության և մարդկանց առողջության համար: Ըստ մարզպետարանի՝ մարզի ջրային ռեսուրսների, ոռոգման ջրատարների և գետերի աղտոտվածության հիմնական պատճառը տարեցտարի ավելացող կենցաղային կեղտաջրերն են: Առաջնահերթ լուծման հարց է կոյուղաջրերի մաքրումը:

Արարատի մարզի 4 քաղաքներում՝ Արտաշատ, Արարատ, Մասիս և Վեդի, չեն գործում 80-ական թվականներին կառուցված կոյուղաջրերի մաքրման կայանները, որոնք չգործարկվելու պատճառով ամբողջությամբ շարքից դուրս են եկել: Քաղաքներում մաքրման կայանների բացակայության պատճառով կոյուղաջրերն առանց մաքրման դուրս են գալիս կոյուղու կոլեկտորից և լցվում հարակից տարածքներն ու բաց ջրամբարները: Մարզի բժշկական, արտադրական, սպասարկման ոլորտի և այլ համապատասխան կազմակերպությունները նույնպես չունեն կոյուղաջրերի մաքրման կայաններ:

Գեղարքունիքի մարզ

Համեմատաբար լավ վիճակում է գտնվում Գեղարքունիքի մարզը: Մինչև 2011թ. մարզի քաղաքային համայնքների կեղտաջրերն անարգել լցվում էին Սևանա լիճ: 2011թ-ից մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցվեցին կեղտաջրերի մաքրման կայաններ, որի շնորհիվ մասամբ լուծվեց կեղտաջրերի մաքրման հարցը Գավառ քաղաքում 36%-ով, Մարտունի քաղաքում 47%-ով, Վարդենիս քաղաքում 41%-ով:

Մարզպետարանից փոխանցեցին, որ Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով Սևան քաղաքում նախատեսվում է մինչև 2019թ. կառուցել կեղտաջրերի մաքրման նոր կայան, որի արժեքը կազմում է 3.87 մլն եվրո:

Մարզի բնակչության շուրջ 40%-ը չի օգտվում կեղտաջրերի մաքրման կայաններից և կեղտաջրերը լցվում են հատուկ այդ նպատակով փորված կեղտաջրերի հորատանցքեր:

Լոռու մարզ

Լոռու մարզի բոլոր՝ Ալավերդի, Ախթալա, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Շամլուղ քաղաքներն ունեն կոյուղու համակարգ: Մարզպետարանի տվյալներով՝ մասնակի մաքրում իրականացվում է միայն Վանաձոր քաղաքում, որը սպասարկում է մարզի բնակչության 36%-ին, մնացած քաղաքների կոյուղին միացված է հոսող գետերին: Այլ կերպ ասած՝ կեղտաջրերը բաց են թողնում բնություն:

Սակայն, ԱՎԾ-ի տվյալներով, 2016թ. Լոռու մարզում կեղտաջրերը չեն մաքրվել:

Մարզպետարանի տվյալներով՝ Վանաձոր քաղաքի կենսաբանական կեղտաջրերի մաքրման կայանը գործում է 30% հզորությամբ, որն իրականացնում է կոյուղաջրերի մեխանիկական մաքրում: Անհրաժեշտ է Վանաձոր քաղաքի կոյուղաջրերի մաքրման կայանի վերանորոգումը, որպեսզի, բացի մեխանիկական մաքրումից, կատարվի նաև քիմիական և կենսաբանական մաքրում:

Ալավերդի, Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքների կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցումը ևս անհրաժեշտություն է: ՀՀ Լոռու մարզում Հայ-Գերմանական համագործակցության շրջանակներում, KFW բանկի ֆինանսավորմամբ, իրականացվում է մարզի բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման աշխատանքներ:

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի միայն 29 համայնքներում գոյություն ունեն կոյուղու հեռացման գործող համակարգեր: Այդ համակարգերը  սպասարկում են մարզի բնակչության 53%-ին: Ներկայումս մարզի կոյուղու համակարգ ունեցող բոլոր բնակավայրերի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում և միացված են հոսող գետերին, ջրամբարներին:

Գետեր, ջրամբարներ թափվող կոյուղաջրերը մեծ սպառնալիք են բնության և մարդկանց համար: Մեծ է հավանականությունը, որ հատկապես ամառվա ամիսներին գլուխ բարձրացնեն վարակիչ հիվանդությունները:

Մարզպետարանի տվյալներով՝ Հրազդանի տարածաշրջանում առկա է կեղտաջրերի մաքրման չգործող կայան, որը մինչև 1992թ-ը իրականացրել է Ծաղկաձորի, Հանքավանի և Հրազդանի կոյուղաջրերի կենսաբանական մաքրում:

Ըստ ԱՎԾ-ի, միայն 2016թ. կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը կազմում է 6 430.9 հազ. խորանարդ մետր: Ընդ որում, այս ցուցանիշը մարզերից ամենաբարձրն է:

Շիրակի մարզ

Մարզի կեղտաջրերի կառավարման ենթակառուցվածքները գտնվում են անբավարար վիճակում: Մարզպետարանի փոխանցմամբ, կոյուղու համակարգ ունեն 8 բնակավայրեր՝ Գյումրի, Ախուրյան, Արթիկ, Մարալիկ, Հովունի, Երազգավորս, Ամասիա և Գոգհովիտ: 7 բնակավայր կոյուղու համակարգերով ապահովված է մասամբ: 

Մասնավորապես՝ Կապս համայնքը 30%-ով, Հայկավանը՝ 10%, Մայիսյանը՝ 50%, Շիրակը՝ 30% և այլն: Մարզի մնացած համայնքները չունեն կոյուղու համակարգ: Ներկայումս չի գործում Գյումրու կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանը, որի հետևանքով բոլոր կոյուղագծերը միացված են հոսող գետերին:

Վայոց ձորի մարզ

Մարզպետարանը որպես մարզի թույլ կողմերից մեկը նշում է կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությունը: Բացառություն է կազմում  Ջերմուկ քաղաքը, մնացած բնակավայրերի կոյուղին միացված է հոսող գետերին: Սակայն, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2016թ. կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ծավալը կազմել է 902.1 հազ. խորանարդ մետր: Նույնքան ջուր հեռացվել է` առանց մաքրման:

Մարզպետարանի տվյալներով արտանետվող կեղտաջրերի մակարդակը 2011-2015թթ. ավելացել է 2 անգամ: Մարզում աղտոտված և ոչ բավարար մաքրված կեղտաջրերը մեծ տեսակարար կշիռ ունեն և կարևոր նշանակություն ունեն կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումն ու շահագործումը:

Սյունիքի մարզ

Կոյուղաջրերի մաքրման կայանների բացակայությունն ու կոյուղաջրերով շրջակա միջավայրի աղտոտումը Սյունիքում  նույնպես սովորական երևույթ է դարձել:

Մարզի բոլոր քաղաքները՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս, Սիսիան, ունեն կոյուղու համակարգ, սակայն մաքրում իրականացվում է միայն Քաջարան քաղաքում, որը սպասարկում է մարզի բնակչության 5%-ին: Մնացած քաղաքների կոյուղին միացված է հոսող գետերին, լցվում է մոտակա ձորերը կամ այլ կերպ է աղտոտում շրջակա միջավայրը:

Տավուշի մարզ

Մարզի 28 բնակավայրերում գոյություն ունեն կոյուղու գործող համակարգեր, որոնք սպասարկում են մարզի բնակչության 76,2%-ին: Միայն Դիլիջան քաղաքի կոյուղու համակարգը 2015 թվականից միացված է գործող կոյուղու մաքրման կայանին, որը սպասարկում է մարզի բնակչության 13,4%-ին, մնացած 27 բնակավայրերի կոյուղին միացված է հոսող գետերին:

ԱՎԾ-ի տվյալները ևս չեն համընկնում մարզպետարանի տվյալների հետ: Ըստ վիճակագրական ծառայության, 2016թ.-ին Տավուշի մարզում կոյուղի է բաց թողնվել 1562.0 հազ. խմ կեղտաջուր և նույնքան կեղտաջուր էլ բաց է թողնվել առանց մաքրման:

Մեկնաբանություններ (1)

Aram
The Shamiram canal that originates from Lake Sevan and ends up somewhere in the Armavir region has become a sewer and garbage carrier for many of the villages that it flows by and irrigates. Another environmental disaster is the ubiquitous burning of Autumn leaves that would otherwise add compost (top soil) to the land and colorful beauty to the landscape

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter