HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագնաձոր համայնքում գտել են առանց օրենքը խախտելու համայնքային բյուջեից գումար ստանալու ճանապարհը

Գայանե Սարգսյան

Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պարբերաբար խրախուսում է իր պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար: Օրինակ` 2016թ. դեկտեմբերի 21-ին համայնքապետին ավագանին խրախուսել է 100 000 դրամով՝ 2016թ. բյուջեի բարձր ցուցանիշներ ապահովելու համար: Այսինքն` իր պարտականությունների կատարման համար ավագանին հարկ է համարել շնորհակալ լինել համայնքապետին՝ տեղական բյուջեից գումար հատկացնելու միջոցով:

Եվս մեկ անգամ ավագանին համայնքապետին խրախուսման է արժանացրել այս տարվա հոկտեմբերի 13-ին` որոշելով նրան պարգևատրել 185 000 դրամով՝ իր լիազորությունները բարեխիղճ կատարելու ու 2017թ. բյուջեի երրորդ եռամսյակի բարձր ցուցանիշներ ապահովելու հիմնավորմամբ:

2014թ. օգոստոսի 28-ին կայացած ավագանու նիստում ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել համայնքապետ Էդիկ Եղոյանին պատկանող 65 քմ տարածքով շինությունը երեք տարի ժամկետով որպես գյուղապետարանի աշխատակիցների նստավայր ամսական 30 000 դրամով վարձակալելու մասին հարցին: Երեք տարվա ընթացքում այս հիմքով համայնքապետը որպես վարձակալության գումար համայնքային բյուջեից ստացել է ավելի քան 1 մլն դրամ:

Լոռու մարզի համայնքներում համայնքի ղեկավարի ու ավագանու կողմից իրենք իրենց կամ իրենց ընտանիքի անդամին համայնքային բյուջեից ֆինանսական աջակցություն տրամադրելու օրինակներին «Հետքը» բազմիցս անդրադարձել է:

Ընդ որում, բացահայտվել էին դեպքեր, երբ, չնայած առկա խախտումներին, Լոռու մարզպետարանի վարչական վերահսկողություն իրականացնող հանձնաժողովը այդ համայնքներում իրականացրած ստուգումների արդյունքում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի հատկանիշներով  («ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների ու մերձավոր բարեկամների՝  ծնող, քույր, եղբայր, երեխա շահերին») որևէ խախտում չէր արձանագրել:

Այս տարվա մայիսի 29-ին` Լոռու մարզխորհրդի նիստի ընթացքում, Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Ալիկ Սարգսյանն անդրադարձել էր թեմայի շուրջ «Հետքի» հրապարակումներին: «Մասնագիտական ստուգում իրականացնող աշխատանքային խումբը ստուգման ընթացքում չի կարող բացահայտել` այդ օգնություն ստացողը ո՞ր Սարգսյանն է, բարեկա՞մ է, թե՝ չէ: Այսինքն՝ դա թողնում ենք համայնքի ղեկավարի խղճին,- ասել էր նա ու հավելել,- ո՞վ է ասում, որ ինքը իր բարեկամին չի կարա օգնություն հատկացնի: Ուղղակի ինքը պետք է չքվեարկի այդ որոշման տակ»:

Լոռու մարզպետն էլ բացատրել էր, թե ըստ օրենքի ովքեր են ավագանու անդամների հետ փոխկապակցված անձինք, և որ դեպքերում է, որ ավագանու անդամն իրավունք չունի մասնակցել հարցի քվեարկությանը:

«Չենք արգելում, բայց եթե էդ մարդը ավագանու բարեկամն է, ավագանին քվեարկելու իրավունք չունի»,- նշել էր մարզպետը:

Սրանով հանձնաժողովի նախագահն ու Լոռու մարզպետը համայնքապետերին ցույց էին տվել առանց օրենքը խախտելու համայնքային բյուջեից օգտվելու ճանապարհը:

Վերջին շրջանում համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները սկսել են ավելի զգուշորեն գործել ու իրենց, իրենց ընտանիքների անդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը լուծել գործընկերների օգնությամբ:

Այսպես, Վահագնաձոր համայնքում հոկտեմբերի 13-ին կայացած նիստի ընթացքում ավագանու ներկա անդամները միաձայն կողմ են քվեարկել իրենց գործընկերոջ՝ ավագանու անդամ Սեյրան Օհանյանի որդուն՝ Արեն Օհանյանին 20 000 դրամի չափով աջակցելու հարցին: Այս որոշման տակ երիտասարդի հայրը չի ստորագրել: Նույն նիստի մեկ այլ որոշման տակ, որով ավագանին միաձայն որոշել է  վերապահված լիազորությունները բարեխիղճ կատարելու համար 185 000 դրամով խրախուսել համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանին, Ս. Օհանյանն ու ավագանու մյուս անդամները սիրահոժար ստորագրել են:

2017թ. հունիսի 15-ի թիվ 10 որոշմամբ ավագանու անդամները կրկին 20 000 դրամ են  հատկացրել վերը նշված ավագանու անդամի որդուն՝ Արեն Օհանյանին: Այս դեպքում ևս հայրը զերծ է մնացել ստորագրելուց:

Եվս 20 000 դրամ ավագանու անդամ Սեյրան Օհանյանի որդուն՝ Արեն Օհանյանին Վահագնաձորի ավագանին հատկացրել է այս տարվա հուլիսի 13-ի թիվ 17-Ա որոշմամբ: Այս դեպքում ևս հայրը պահել է օրենքի տառն ու չի քվեարկել:

Վերը նշված երեք հատկացումներից պարզ է դառնում, որ Վահագնաձորի ավագանին երեք նիստ անընդմեջ գործընկերոջ որդուն հատկացրել է դրամական օգնություն:

Այս տարվա հուլիսի 13-ին կայացած ավագանու նիստում թիվ 17 որոշմամբ ավագանին 100.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն է տրամադրել համայնքի բնակիչ Արթուր Լյուդվիկի Մարտիրոսյանին, որը ավագանու անդամ Արմինե Մարտիրոսյանի հարազատն է ու նրա հետ հաշվառված է նույն հասցեում: Ավագանու անդամ Մ. Մարտիրոսյանը ստորագրել է իր հարազատին ֆինանսապես աջակցելու մասին որոշման տակ` այս դեպքում բացահայտ խախտելով ՏԻՄ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետը:

Եվ սա այն դեպքում, երբ ավագանու 2017թ. հունիսի 15-ի թիվ 10 որոշմամբ հաստատված կամավոր լիազորությունների իրականացման կարգում սոցիալական օգնության տրամադրման չափորոշիչների ցանկում նախապայմաններից մեկը օգնություն ակնկալողի և համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակից հանդիսացող անձանց հետ համատեղ տնտեսություն չվարելն է:

2017թ. Վահագնաձորում իրականացրած ստուգման արդյունքում Լոռու մարզպետարանի իրավական ու մասնագիտական հսկողություն իրականացնող հանձնաժողովը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով (համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների՝ ծնող, քույր, եղբայր, երեխա, շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը) որևէ խախտում չի արձանագրել:

Այլ խախտումներ, սակայն, արձանագրվել են: Դրանցից մեկը վերաբերում է առանց ավագանու որոշման մանկապարտեզի տնօրեն նշանակելուն: Պարզվել է, որ համայնքապետ Է. Եղոյանը 2016թ. մայիսին վերաբացված «Առվակ» ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակել կնոջը՝ Անժիկ Խաչատրյանին: Հանձնաժողովն արձանագրել է խախտումն ու 20-օրյա ժամկետ տվել՝ այն վերացնելու համար:

Գլխավոր լուսանկարում` Վահագնաձորի համայնքապետ Էդիկ Եղոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter