HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եվս 13 խմ անվճար ջուր՝ աղտոտված ջրի դիմաց

«Ջրային տնտեսություն պետական կոմիտեն պարտավորվել է լրացուցիչ 13խմ անվճար ջուր մատակարարել Ձեզ»,- ՀՅԴ կուսակցության Արաբկիրի կոմիտեի ներկայացուցչի այս հայտարարությունը քմծիծաղով են ընդունում նորություն լսելու ակնկալիքով կոմիտեի գրասենյակ այցելած Արաբկիրի բնակիչները ու հեռանում են «անօրեն» երկրի մասին դատողությունները բարձրաձայն արտահայտելով: ՀՀ կառավարությանն առընթեր æրային տնտեսություն պետական կոմիտեն ՀՅԴ ղեկավարությանն առաջարկել է հաշտության համաձայնություն կնքել՝ եւս 13խմ անվճար ջուր մատակարարել 2003թ. հոկտեմբերի 25-ին Արաբկիր թաղամասին մատակարարված աղտոտված ջրի դիմաց՝ իբրեւ վնասի փոխհատուցում՝ պայմանով, որ կուսակցությունը դադարեցնի հայցեր ներկայացնելու գործընթացը: Կոմիտեն հաշտության համաձայնություն կնքելու առաջարկն արել է Դաշնակցության աջակցությամբ ներկայացված առաջին 100 հայցը քննության առնելուց հետո, վտանգ տեսնելով, որ այդ ընթացքով ֆինանսական կորուստներ կրելով՝ «æրային տնտեսությունն այլեւս ուշքի չի գա»: Հաշտության համաձայնությունը կայացվել է ՀՀ նախագահի ու ՀՀ վարչապետի մասնակցությամբ հարցը քննարկելուց հետո: 

ՀՅԴ կուսակցության Արաբկիրի կոմիտեության ներկայացուցիչ Հայկակ Հակոբյանը հայտնեց, որ խմելու ջրի աղտոտման հետեւանքով տուժած Արաբկիր եւ Կենտրոն համայնքների, Կոնդ թաղամասի բնակիչների ցուցակը՝ մոտ 1500 ընտանիք, մինչեւ հուլիսի 1-ը պետք է ներկայացնեն æրային տնտեսություն պետական կոմիտեին՝ անձին 1209 դրամ հաշվարկով եւս 13խմ ջուր անվճար մատակարարելու համար: «Դա մեզնից կխլի լրացուցիչ 29 մլն դրամ, իսկ ընդհանուր հաշվարկով բնակչությանը պատճառված վնասի դիմաց փոխհատուցումը կազմում է մոտ 50 մլն դրամ»,-հայտնեց æրային կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը: Իրավաբանական բաժնի պետի ասելով, մինչ օրս 116 հայց է ներկայացվել դատարան, որից 100-ը ներկայացված է ՀՅԴ օժանդակությամբ՝ 6մլն 941.468 դրամ գումարի պահանջով: Նա նշեց, որ 21 մլն դրամի փոխհատուցում վթարի առաջին օրերին փոխանցվել է 23 հազար բաժանորդների հաշվեհամարին՝ 11 օրվա խմելաջրի համար՝ կրկնակի չափով: Այս գումարի մեջ չեն մտնում բավարարված հայցերի գումարները ու դրանց դիմաց գանձվող պետտուրքը, որն իբրեւ վնաս պատճառած կողմ պարտավորվում է վճարել æրային կոմիտեն: Հաշտության համաձայնությունը ցանկացած գնով ձեռնտու է Կոմիտեին, քանի որ դատավարական գործընթացով շատ ավելին են պարտավոր վճարել, քան այն հաշվարկը, որ մեզ ներկայացրեց Գ. Մկրտչյանը: 

Բնակչությունը, ինչպես նաեւ նրանց շահերը դատարանում պաշտպանելու խնդիրն ստանձնած ՀՅԴ ներկայացուցիչները, բավարարված չեն դատարանի գնահատած գումարի չափից, այն իրատեսական հաշվարկ չեն համարում: Դատարանը 11 օրերի դիմաց միջինացված հաշվարկով, թե մարդը քանի լիտր ջուր կօգտագործեր օրական, անձի համար կրած վնասը հաշվարկել է 320 դրամով՝ դրա մեջ ներառելով նաեւ ջուրը եռացնելու համար ծախսված հոսանքի կամ գազի 11 օրվա ծախսը: Կոմիտեի իրավաբանական բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը կարծում է, որ հայցի իրավունք ունեին միայն Լամպերի գործարանի ջրատարից օգտվող բնակիչները, որտեղ ջուրը Արզնիի ջրատարից էր լցվում: «Միայն այնտեղ է աղտոտված ջուր եղել, եւ մենք պետք է փոխհատուցեինք այդ տարածքի բնակիչներին, սակայն այլ տարածքի բնակիչներ էլ են մեզ հայցեր ներկայացրել»,-ասաց նա: 

Պրն Մկրտչյանի ասելով, իրենց առարկությունները հիմնականում դատարանը բավարարել է, սակայն վերջին շրջանում դատարանի վրա ճնշումներ են նկատվում: Ներկայացրեց մի քանի վճիռներ, որոնցով բավարարված գումարները առնվազն կրկնակի չափով գերազանցում էին դատարանի հաստատած գումարի չափը, եւ æրային կոմիտեն բողոքարկել է վճիռները: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ Արաբկիրի կոմիտեի ներկայացուցիչները, սա վերաբերում է մոտ 6 հայցերի, որոնցով բավարարված գումարների չափը դարձյալ լիովին չի գոհացրել իրենց, սակայն նախկինի համեմատությամբ փոքր-ինչ մխիթարական է: Նրանք պնդում են, թե քանի դեռ Գագիկ Մարտիրոսյանն էր ձեռնարկության ղեկավարը՝, դատարանը խնդրին իրատեսական մոտեցում չուներ՝ ճնշումներ կային: æրային կոմիտեի իրավաբանության բաժնի պետ Գ. Մկրտչյանն իր հերթին կարծում է, որ վերջին շրջանում դատարանի վրա ճնշումներ կան «հակառակ կողմից եւ դատարանը անօրինական գործունեության է դիմում»: Նրա ասելով, առանց հիմքերի դատարանը հայցապահանջ է բավարարում: 

Հայցերը նախապատրաստող ՀՅԴ-ն, չկիսելով այս կարծիքը, ճիշտ չի համարում դատարանի մոտեցումը, որ մեծ քանակությամբ գնված ջրի դիմաց կտրոններ են պահանջում այն դեպքում, երբ մարդիկ առաջին խառնաշփոթի մեջ չէին կարող կարեւորել դրա անհրաժեշտությունը եւ գնված ջրի դիմաց կտրոն պահանջել կամ այն պահպանել դատարան ներկայացնելու համար: Միթե՞ փաստ չէ այն, որ առնվազն 11 օր արգելված էր ծորակից ջուր գործածելը եւ բնակիչները պարտադրված էին ջուր գնել թեւ կենցաղային կարիքների, թեւ խմելու համար: Ավելին, չվստահելով հետագայում ջուրը գործածելու համար պիտանի լինելու հայտարարություններին, բնակչությունը երկար ժամանակ շարունակում էր ջուրը գնել: 

Եւս 5000 բնակիչ դիմել է ՀՅԴ-ին՝ բուժման ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու հայցապահանջ ներկայացնելու խնդրանքով: Այս հարցը իշխանությունները համարում են լուծված՝ գտնելով, որ պետությունը պետպատվերի շրջանակում է կազմակերպել բուժումը: Սակայն, իրականում, նրանց հիմնական մասը տեւական ժամանակ բուժումները շարունակել է տանը, քանի որ, ինչպես այդ առթիվ հարուցված քրեական գործով կատարված փորձաքննությունն է հաստատել՝ նրանք հիվանդացել են առողջությունը տեւական քայքայող դիզենտերիա հիվանդությամբ, որը համարվում է միջին ծանրության հիվանդություն: Դա նշանակում է երկարատեւ բուժում նաեւ տանը՝ սեփական միջոցներով, դիետիկ սնունդ ստանալու պարտադրանքով, որն ավելի թանկ հաճույք է: Զգալի թվով հիվանդներ իրականում հիվանդանոց չեն տեղափոխվել, նրանք բուժվել են տանը եւ բավականաչափ մեծ գումարներ են ծախսել այդ նպատակով, որը սակայն հիմնավորել չեն կարող: 

Բնակչությունը դժգոհ է դատարանի վճռով բավարարված գումարների չափից եւ նշում է, որ հոգեկան անհանգստությունն ու կրած չարչարանքները, միայն ջրի համար հերթ կանգնելը բավարար էր բարոյական վնասի հատուցում պահանջելու համար: «Մարդուն արժեւորելու խնդիր կա»,- ասում են նրանք՝ մի կողմ թողնելով ողջ նյութական վնասը եւ ափսոսանք հայտնում, որ օրենքը, ցավոք, բարոյական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն չի տալիս նրանց: Սակայն եղել են նաեւ անիրազեկ մարդիկ, որոնք վնասի փոխհատուցումից բացի նաեւ բարոյական վնասի հատուցման պահանջ են ներկայացրել եւ պարտադրված են վնասի համար փոխհատուցված գումարով վճարել բարոյական վնասի պահանջ ներկայացնելու համար գանձվող պետտուրքը: 

Առայժմ միայն æրային տնտեսություն պետական կոմիտեն է ներկայացնում կրած վնասների չափը, որը վերաբերում է միայն 23 հազար ջրի բաժանորդների մասով տրված փոխհատուցմանը: Առողջապահության նախարարությունն առայժմ չի ներկայացնում բուժական ծախսերը: Պետությունը լռելյայն իր վրա վերցրեց նաեւ բուժման ծախսերը մինչեւ քրեական գործով հիմնավորելը, թե ում մեղքով տեղի ունեցավ պատահարը: ՀՀ գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը վթարի առաջին օրերին լրագրողներին հայտնեց, որ մինչեւ ուսումնասիրությունները չավարտվեն, նախարարությանը պատճառված վնասը փոխհատուցելու հարց չեն կարող բարձրացնել, «բայց հետագա քայլեր անպայման լինելու են»: «Քիչ հավանական է, որ առանց արտաքին ազդեցության կեղտաջրեր լցվեին ջրամբարի մեջ, չնայած այդ օրերին անձրեւ էր, համոզված չեմ: Հարցը գլոբալ չուսումնասիրվեց»,-մեզ հետ ունեցած զրույցում շեշտեց æրային կոմիտեի իրավաբանության բաժնի պետ Գ. Մկրտչյանը: 

2003թ. հոկտեմբերի 31-ին սանիտարահամաճարակային կանոնները խախտելու եւ ջրերը աղտոտելու փաստով, ՀՀ քր. օրենսգրքի 277 հոդվածի 1-ին եւ 278-ի 2-րդ մասերի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել ՀՀ գլխավոր դատախազությունում: Դատախազության լրատվության պատասխանատու Գուրգեն Ամբարյանը տեղեկացրեց մեզ, որ 2004թ.-ի հունիսի 1-ին վարույթն իրականացնող քննիչ Հակոբ Ղարախանյանը քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշում է կայացրել, քանի որ նախաքննության համար նախատեսված ժամկետը սպառվել էր, միաժամանակ սպառվել էին նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները: Կասեցման որոշման մեջ ասվում է, որ մասսայական վթարի աղբյուր է հանդիսացել Արզնու աղբյուրից հոսող վարակված ջուրը: Նախաքննությամբ պարզվել է, որ շուրջ 250 բնակիչներ տուժել են, նրանց մոտ հայտնաբերվել է առողջությունը տեւական քայքայող շիգելյոզ հիվանդություն: Նրանք հարցաքննվել են ու գործով տուժողներ են ճանաչվել: Նախաքննությամբ պարզվել է, որ Արզնու աղբյուրների եւ Լամպերի գործարանի տարածքում կոյուղագծերի վթարներ են եղել, սակայն զննությամբ վթարի տեղը չի հայտնաբերվել, դեռեւս չի պարզվել այն անձը, որը մեղավոր է եղել կատարվածի համար, ուստի քրեական գործի վարույթը կասեցվել է:

Զարմանալի է, թե դատախազությունը ինչու է միայն 250 հոգու տուժող համարել, երբ միայն «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, ըստ տնօրեն Արա Ասոյանի, 387 հիվանդ է բուժվել: Իրականում տուժածների թիվը նույնիսկ մի քանի անգամ ավելին է, քան պետպատվերով բուժված հիվանդներն են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter