Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Բոլոր համայնքները հավասար են, սակայն որոշ համայնքներ ավելի հավասար են, քան մյուսները



Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ամբողջությամբ ավարտվեց համայնքների խոշորացումը, իսկ մարզերից մի քանիսում այն ավարտին է մոտենում: Նոր ձեւավորված համայնքներն աչքի են ընկնում խիստ անհամաչափությամբ, օրինակ, Վայոց ձորում 44 համայնքի միավորումով ձեւավորվել է 8 համայնք, Սյունիքի մարզի 113 համայնքի միավորումից նույնպես 8 համայնք կազմավորվեց: Պատճառն այն է, որ Վայոց ձորում համայնքները միավորվել են անհամեմատ փոքր թվաքանակով, իսկ Մալիշկա գյուղը չի միավորվել որեւէ այլ համայնքի հետ: Սյունիքի մարզում Կապանն (38 համայնք) ու Սիսիանը (32 համայնք) միավորվել են նախկին վարչական շրջաններով:

Որոշ համայնքների հաջողվել է սպրդել խոշորացումից եւ պահպանել «ինքնավարությունը», կան նաեւ համայնքներ, որոնք իրենց ցանկալի սցենարով են միավորում կազմել: Դրանք կա´մ չեն միավորվել որեւէ համայնքի հետ, կա´մ խոշորացումը ձեւական է եղել:

Արագածոտնի մարզի Ապարանի եւ Թալինի տարածաշրջաններում նոյեմբերի 5-ի ընտրություններով խոշորացման գործընթացն ավարտվել է, 48 համայնքի միավորման արդյունքում ձեւավորվել է 4 համայնք: Վերականգնվել է նախկին Ապարանի շրջանը՝ 21 գյուղերով, Թալինի շրջանի գյուղերն առանձին միավորում են կազմել, եզդիաբնակ 11 գյուղերը միավորվել են Ալագյազ համայնքային կենտրոնի շուրջ, իսկ վերջինիս հարեւանությամբ գտնվող հայաբնակ Մելիքգյուղը ոչ մի համայնքի հետ չի միավորվել:

Մեկնաբանությունն այն է, որ Ապարանից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող, 1000 բնակիչ ունեցող Մելիքգյուղը Ապարանի գյուղերին սահմանակից է լեռներով, ճանապարհային կապ չունի: Բայց այլ ընտրություն էլ չունեին, հարեւան եզդիական գյուղերը ցանկանում էին ազգային ինքնությունը պահպանել` համատեղ միավորում կազմելով:

Եթե Մելիքգյուղը Ապարանի հետ չմիավորելու բացատրությունը ճանապարհային կապ չունենալն էր, ապա Կոտայքի մարզի Նոր Երզնկան Քասախի հետ միավորելու համար պատրաստվում են նոր սահման գծել: Դեռեւս խոշորացվելուց առաջ, 2017 թ.-ի սեպտեմբերի 25-ին, Եղվարդ համայնքի ավագանին համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 5,6323 հա հողամասն անհատույց, սեփականության իրավունքով փոխանցել է Նոր Երզնկային, որպեսզի այդ կերպ ճանապարհային կապ ապահովվի Պռոշյան գյուղին սահմանակից, համայնքային կենտրոնի կարգավիճակի հավակնող Քասախ գյուղի հետ:

«Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով Քասախ եւ Պռոշյան գյուղերը Նոր Երզնկայի հետ սահմանակից չեն: Բայց այս երեքը ցանկանում են համայնքային միավորում կազմել միասին, իսկ նրանց միավորելու համար տարածքը  հատկացնում է Եղվարդ համայնքը:

Խոշորացման ընդունված հայեցակարգով եւ դրանով սահմանված չափորոշիչներով առաջնորդվելու դեպքում Նոր Երզնկան պետք է միավորվեր Եղվարդ համայնքի հետ, քանի որ Նոր Երզնկայի բնակչությունը հանրային  ծառայությունների հասանելիության առումով` Կադաստր, սոցիալական, առողջապահական, կրթական եւ այլն, կապված է Եղվարդի հետ, իսկ տրասնպորտային կապը Աշտարակ քաղաքի հետ է: Քանի որ համայնքների խոշորացման դեպքում չգրված, բայց սկզբունքային հարց է մարզային սահմանները չխախտելը, Նոր Երզնկան շրջակա 5 գյուղական համայնքների հետ` Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան, Սարալանջ, պետք է միանար Եղվարդին: Սակայն որոշվել է, որ Նոր Երզնկան, Քասախը եւ Պռոշյանն առանձին համայնքային միավորում են ձեւավորելու, եւ այդ միավորումը հնարավոր է` միայն Եղվարդ համայնքից 5,6323 հա հողամաս նվիրաբերելով:

Ընտրությունը համայնքների ղեկավարների՞նն է եղել, թե՞ բնակիչներինը, չենք կարող ասել, քանի որ խոշորացմանը նախորդող շրջանում այլեւս քննարկումներ տեղի չեն ունենում, եւ մենք բնակիչների տեսակետին ծանոթ չենք: Միաժամանակ, հասկանալի է, որ այսպիսի միությունները հենց այնպես իրականություն չեն դառնում, մի համայնքից մյուսին այդքան մեծ չափի հողատարածք հատկացնելը ծանրակշիռ բանակցությունների արդյունք է:

Տավուշի մարզի Կողբ (բնակչության թիվը՝ 4500) եւ Զորական (բնակչության թիվը՝ 919) համայնքների միավորումով մեկ համայնք է ձեւավորվել: Այս գյուղերը կարող էին միավորվել Նոյեմբերյան կամ Այրում համայնքների հետ, սակայն Տավուշի մարզպետն իր ծննդավայր Կողբ գյուղը համայնքային կենտրոն տեսնելու նկրտումով է միայն այս արհեստական միությունը կազմել Զորականի հետ: Նախատեսված էր, որ համայնքի ղեկավարի պաշտոնը պետք է զբաղեցներ մարզպետի հորեղբորդին, սակայն վերջինս չի ընտրվել: Արդյունքում՝ այս միությունից դժգոհ են մնացել ե'ւ մարզպետը, ե'ւ զորականցիները:

Կառավարությունը համայնքների խոշորացումը մտադիր է ավարտել 2018թ.: Բնակչությունը ձեւական խոշորացման նոր օրինակներ է հուշում մեզ, որոնք ապագայում նույն արհեստական միավորման ճանապարհով են կատարվելու: Որոշ համայնքներ վերջին խոշորացման ցանկից դուրս բերվեցին չպատճառաբանված, ինչպես, օրինակ, Գառնին, որը պետք է ձեւավորվեր ենթաշրջանի 6 գյուղերի միավորումով: Հիմա խոսվում է այն մասին, որ այս միավորման մաս կազմող Գողթ (բնակչությունը՝ 1908) եւ Գեղարդ (բնակչությունը՝ 400) գյուղերի միավորումով մեկ համայնք են ցանկանում ձեւավորել, իսկ Գառնիի հետ կմիավորվեն հարակից մյուս 3 գյուղերը:

Գողթը համայնքային կենտրոն դառնալու նախադրյալներ չունի` գոնե համայնքների խոշորացման համար ընդունված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով, քանի որ այստեղ բացակայում են հետեւյալ կարեւոր գործոնները.

  • Նոր ձեւավորվող համայնքի կենտրոնը միավորվող համայնքների նկատմամբ պետք է ունենա կենտրոնական դիրք, առնվազն 3000 բնակիչ եւ անհրաժեշտ նվազագույն ծավալի ենթակառուցվածքներ:
  • Նոր ձեւավորվող համայնքում պետք է առկա լինեն ՏԻՄ-երի պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ նվազագույն ենթակառուցվածքներ (մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն/ակումբ) եւ միջնակարգ դպրոց:

Թվարկվածներից Գողթն ունի միայն միջնակարգ դպրոց, բայց փոխարենն ունի մեկ առավելություն, որ մյուսները չունեն՝ ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը ծնունդով գողթեցի է:

Բերված օրինակները խոսում են այն մասին, որ համայնքների նոր վարչատարածքային բաժանման հարցում առավել որոշիչ են անձանց ունեցած կապերը, ազդեցությունն ու նախասիրությունները, քան այն սկզբունքներն ու չափորոշիչները, որոնք ընդունվել էին որպես նախապայման` խոշորացման ժամանակ սուբյեկտիվ մոտեցումներից խուսափելու եւ խոշորացման գործընթացն առավել կառավարելի կազմակերպելու համար:

Համայնքների խոշորացման ընդունված հայեցակարգից ու չափորոշիչներից դուրս կատարվող այսօրինակ միավորումներ են նախապատրաստվում նաեւ ապագայում խոշորացվող համայնքներում: Որոշ պաշտոնյաների համար պատվախնդրության հարց է դարձել իրենց բնակավայրը համայնքային կենտրոնի կարգավիճակում տեսնելը: Համայնքների նոր վարչատարածքային քարտեզը, ինչպես նաեւ ապագայում միավորվող բազմաթիվ համայնքների վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները հիմք են տալիս ասելու, որ շատ հաճախ խոշորացվող համայնքների անհամաչափությունը հենց դրանով է պայմանավորված:

Վարչատարածքային այսօրինակ բարեփոխումը հիշեցնում է մեր օրերում հաճախակի հիշվող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ի թեւավոր արտահայտությունը, որի նմանությամբ կարող ենք ասել՝ բոլոր համայնքները հավասար են, սակայն որոշ համայնքներ ավելի հավասար են, քան մյուսները:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Արմիկ10:21 - 13 դեկտեմբերի, 2017
Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում համայնքների խոշորացման մեջ և վստահ եմ, որ համայնքային կենտրոն պետք է լինի այն համայնքը, որը ունի լավ վերանորոգված բուժամբուլատորիա, մանկապարտեզ, մշակույթի տուն: Մի խոսքով համայնքային կենտրոնը պիտի լինի բոլոր առումներով օրինակելի և զարգացած համայնքը
2. Սարգիս15:55 - 13 դեկտեմբերի, 2017
1-ին: Ստացվում է որ քիչ թե շատ բարվոք կենտրոնը ավելի կբարեկարգվի, իսկ ծայրամասերը անտերանոց կդառնան: Դա հենց կապիտալիզմի դեւիզն է՝ հարուստը հարստանում է, աղքատն ավելի աղքատանում: Իսկ չարագործ կոմունիստներն ուրիշ կերպ էին նայում՝ «գյուղի կենցաղը հասցնել քաղաքի մակարդակին»: Նրանք սարերի գլխի ամառային հանդերը նույնիսկ շրջիկ կինո էին ուղարկում: Սրանց սպասվող հաջորդ քայլը կլինի մանր գյուղերում եղած դպրոց - մանկապարտեզների ու բուժ կետերի լիկվիդացումն («օպտիմիլացումը») ու շենքերի յուրացումը: Որից հետո այնտեղ իսկապես ծայրը կմնա ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ