HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նարեկի համայնքապետի կինն ու որդին մասնակցել են աճուրդին և էժան գներով գնել շինություն ու հողատարածքներ

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ դժգոհեց որոշ համայնքապետերից, որոնք չարաշահում են իրենց պաշտոնը և տարբեր խորամանկություններով օտարում համայնքային հողերը:

«Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ ուղղակի ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»,- հայտարարեց նախագահ Սարգսյանը: 

«Հետքը» բազմիցս անդրադարձել է համայնքային կամ պետական սեփականություն համարվող հողերի աճուրդ-վաճառքներին, որոնք հիմնականում ձեւական բնույթ են կրում: Իրար հետ պայմանավորված կամ նույն ընտանիքի անդամ-մասնակիցները գալիս են, ձևական 1-2 աճուրդային քայլ կատարում և դառնում հողի սեփականատեր: Դրանից տուժում է համայնքը, քանի որ ձևականության պատճառով հողը ցածր գնով է վաճառվում, և համայնքային բյուջե քիչ գումար է վճարվում:

Քիչ չեն դեպքերը, երբ այդ եղանակով հողի սեփականատեր են դառնում նաև համայնքապետերն ու նրանց մերձավորները:

Արարատի մարզի Նարեկ համայնքի ավագանին այս տարվա սեպտեմբերի 15-ին որոշել էր թույլատրել համայնքի ղեկավարին աճուրդային կարգով օտարել համայնքին պատկանող հողեր: Նույն որոշմամբ գյուղի Դավիթ Բեկ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող 0,09 հա մակերեսով բնակավայրերի՝ հասարակական կառուցապատման հողամասի և 257քմ հասարակական սպասարկման օբյեկտի մեկնարկային գինը որոշվել է համապատասխանաբար՝  310 հազար դրամ և 2 մլն 697 հազար դրամ, ընդհանուր՝ 3 մլն 7 հազար դրամ:

Աճուրդի մասնակից չլինելու պատճառով ավագանին հոկտեմբերի 25-ի թիվ 41 որոշումով վերանայել է Դավիթ Բեկի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող հասարակական սպասարկման օբյեկտի և հողամասի, ինչպես նաև երկու այլ հողամասերի մեկնարկային գները՝ սահմանելով գույքի գնահատման արժեքի և կադաստրային արժեքի 80%-ի չափով:

Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի նոյեմբերի 28-ի թիվ 157 որոշմամբ Դավիթ Բեկ փողոցի թիվ 2/1 հասցեի հողատարածքի և օբյեկտի հաղթող է ճանաչվել Հռիփսիկ Տեր-Վահանի Հակոբյանը: Նա 0,09 հա մակերեսով հողամասը և 257քմ մակերեսով օբյեկտը գնել է ավագանու կողմից սկզբնականում սահմանված մեկնարկային գնից 586 հազար 400 դրամով պակաս՝ 2 մլն 420 հազար 600 դրամով, քանի որ գինն արդեն նվազել էր:

Հռիփսիկ Տեր-Վահանի Հակոբյանը Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի կինն է:

Նարեկի համայնքապետն ասաց, որ աճուրդը կազմակերպվել է օրենքի սահմաններում, ինքն էլ աճուրդը չի վարել: Կնոջը վաճառված օբյեկտը խորհրդային տարիներին կառուցված խանութի շենք է:

Ավագանու սեպտեմբերի 15-ի որոշմամբ համայնքապետին աճուրդով (կադաստրային արժեքի 100%-ով) նաև 2,88467 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ օտարելու թույլտվություն է տրվել: Թե որքան են եղել հողերի կադաստրային արժեքները՝ ավագանու որոշման մեջ նշված չէ:

Ինչպես նշեցիք, հոկտեմբերի 25-ի որոշումով ավագանին մի քանի միավորով նվազեցրել էր հողերի աճուրդային գները: Պարզվեց, որ ինչպես 20%-ով գինը նվազեցված օբյեկտն ու հողը, այնպես էլ գինը նվազեցված մյուս տնամերձ հողամասերը գնել են համայնքապետի ընտանիքի անդամները:

Այդ հողերից 1,2875 հա մակերեսով  4-րդ կարգի ջրովի վարելահողի աճուրդում հաղթող է ճանաչվել Բաղդո Գարուշի Հակոբյանի լիազորված անձ Գարուշ Բախտիբեկի Հակոբյանը՝ վճարելով 1 մլն 225 հազար 550 դրամ: Բաղդո Հակոբյանը Նարեկի համայնքապետ Գարուշ Հակոբյանի որդին է: Գարուշ Հակոբյանը նոյեմբերի 28-ին իրեն` որպես որդու ներկայացուցիչ, հաղթող ճանաչելու մասին որոշում է կայացրել:

Համայնքապետի ու իր ընտանիքի անդամների ձեռքբերումներն այդքանով չեն սահմանափակվել:

Նշված տարածքի 0,2006 հա մակերեսով IV կարգի ջրովի վարելահողի աճուրդ-վաճառքին ևս մասնակցել են Հակոբյանները: Այստեղ էլ գործել է նույն սցենարը: Համայնքապետի նոյեմբերի 28-ի թիվ 155 որոշմամբ այդ հողի աճուրդում հաղթող է ճանաչվել Բաղդո Գարուշի Հակոբյանի լիազորված անձը` Գարուշ Բախտիբեկի Հակոբյանը: Այս տարածքը վաճառվել է 195 հազար 169 դրամով:

Համայնքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը անձամբ զբաղվում է հողագործությամբ և գնված հողերը մշակվում են:

Թեև համայնքապետը նշեց, որ ինքը չի իջեցրել հողերի գները, ավագանու որոշումով՝ օրենքի համաձայն է եղել, սակայն աճուրդին մասնակից չլինելը ևս պատահական չի լինում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման դեպքերում գործում է պայմանավորվածության սկզբունքը: Գյուղացիները հետաքրքրություն չեն ցուցաբերում հողերի նկատմամբ՝ իմանալով, որ համայնքապետը կամ նրա մերձավորներն են գնելու: Աճուրդը չի կայանում, հողի գինն իջնում է, և համայնքապետը կամ նրա մերձավորը հողը գնում է: Իսկ «չեզոք» կեցվածք ունեցողները մրցակցության լիակատար բացակայությամբ 1-2 քայլով հետագայում գնում են այլ հողակտոր:

Գարուշ Հակոբյանը չի մոռացել նաև Երևանում բնակվող իր դստեր մասին:

Նարեկի ավագանին մարտի 15-ի թիվ 12 որոշումով հերթական աճուրդը կազմակերպելու թույլտվություն է տվել համայնքապետին: 0,541 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կարգի անջրդի վարելահողի աճուրդի հաղթող է ճանաչվել Գարուշ Հակոբյանի դուստրը՝ Թամար Գարուշի Հակոբյանը:

«Ի՞նչ կապ ունի, որ Երևանում է հաշվառված: Կարող է ես Ամասիայում հող ունենամ, գնամ մշակեմ կամ մեկին տամ մշակի: Ի՞նչ կապ ունի դա»,- ասում է Նարեկի համայնքապետը:

Գարուշ Հակոբյանն ասաց, որ դեռ օտարելու հողեր ունեն, եթե ցանկություն ունենք, կարող ենք մենք էլ մասնակցել աճուրդներին: «10 հատ տնամերձ ունենք, 2 տարի է` 17 հողակտորը չենք կարողանում օտարել: Ուզում եք, դիմում գրեք, հայտարարություն տամ, մի ամիս հետո եկեք, 10 հատն էլ առեք, մեզ փող է պետք»,- ավելացրեց համայնքապետը:

Գարուշ Հակոբյանն ասաց, որ հողերով հետաքրքրվողներ չկան: Պատճառն այն է, որ ոռոգման հարցը չեն կարողանում լուծել: 251 հա սեփականաշնորհված հող չի ոռոգվում: Այդ մասին նույնիսկ հանրապետության նախագահին, վարչապետին ու ջրային պետական կոմիտեի նախագահին են տեղյակ պահել:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Էտ գեղացիները թող հասկանան, որ երկիր քանդելը թթու թան չի ...... ամեն մարդու բան չի!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter