HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավն սպասարկում է հույներին եւ հունական հանգստի սիրահարներին

Հայկական ավիացիայի յուրատահուկ դեմքերից մեկն իր օդանավը հանձնել է նոր օպերատորի: Խոսքը «Atlantis European Airways» ընկերության մասին է, որն ունի 2 ինքնաթիռ, անձնակազմ, օդանավ շահագործողի վկայական, IATA-ի ու ICAO-ի կոդեր, սակայն սեփական թռիչքներ չի իրականացնում: ՔԱԳՎ պետի նախկին տեղակալ, ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանի ընկերությունը նախընտրում է իր շարժակազմն այլ օպերատորների վարձով հանձնելու տարբերակը: Այս առումով «Atlantis»-ը եզակի է Հայաստանում, չնայած «եզակի» հասկացությունը մի փոքր հարաբերական է, երբ երկրում շարժակազմ ունեցող եւ թռիչքներ իրականացնող ընդամենը 3-4 ընկերություն կա:

«Atlantis»-ի «Airbus A320» օդանավերից EK-32002-ը, որ տակավին վերջերս թռիչքներ էր կատարում մոլդովական «Fly One»-ի համար, նոյեմբերից մտել է հունական «Ellinair» ավիաընկերության շարժակազմ: Օդանավը հունական կողմը վարձակալել է «թաց լիզինգի» պայմաններով, որի դեպքում ինքնաթիռը, անձնակազմը, տեխսպասարկումը, ապահովագրությունը մատակարարի պատասխանատվության ներքո են, սակայն թռիչքները գրանցվում ու համարակալվում են վարձակալ ավիաընկերության անունով:

EK-32002-ի սեփականատերը, ըստ ՔԱԳՎ-ի՝ «Հետքին» տրամադրած տվյալների, կիպրական «Arolova Enterprises Limited» ընկերությունն է: Հայաստանում օդանավը գրանցվել է այս տարվա մայիսին եւ նույն ամսում հանձնվել մոլդովացիներին: Այս «Airbus A320»-ն արտադրվել է 1997-ին: «Atlantis»-ից առաջ ունեցել է բազմաթիվ շահագործողներ, ընդ որում՝ 2003-2005 թթ. գրանցված էր հայկական ռեգիստրում որպես «Արմավիայի» EK-32007: Այն Հայաստանի նախկին ազգային փոխադրողի առաջին նման ինքնաթիռն էր:      

Մոլդովայում շահագործվելիս օդանավը հուլիսին հայտնվեց մի պատմության մեջ, որը մեծ ռեզոնանս ունեցավ այդ երկրում: Այդուհանդերձ, այն «Fly One»-ին ծառայեց մինչեւ հոկտեմբեր եւ հիմա ունի նոր պատվիրատու: Օդանավը հունական օպերատորին հանձնվելուց առաջ Մալթայում անցել է տեխսպասարկում եւ մասամբ ներկվել նոր վարձակալի գույներով:   

Հունական «Ellinair»-ը հիմնադրվել է 2013-ին որպես «Mouzenidis Group»-ի բաղկացուցիչ: Այն ստեղծվել է առաջին հերթին Ռուսաստանից եւ Ուկրաինայից Հունաստան ժամանող տուրիստներին սպասարկելու համար: Ավիաընկերությունն այս պահին շահագործում է Հունաստանում գրանցված 2 հատ «Airbus A319» եւ հայկական «A320»-ը: Իր կայքում «Ellinair»-ը նշում է, որ EK-32002-ը երկարաժամկետ է վարձակալվել՝ հավելելով, որ պիկ սեզոնին իր շարժակազմն ուժեղացնում է «Airbus A320» եւ «Boeing 737» ինքնաթիռների կարճաժամկետ վարձակալմամբ: Չի բացառվում, որ հայկական օդանավի վարձակալությունը կապված է ամանորյա տոներին Հունաստան մեկնել ցանկացողների մեծ թվով:   

«Ellinair»-ը բազավորվում է Սալոնիկում: Ինչպես կարող ենք տեսնել թռիչքներին առցանց ռեժիմով հետեւող flighradar24.com կայքում, EK-32002-ը ներկայում կատարում է ոչ միայն ներհունական թռիչքներ դեպի Աթենք, Հերակլիոն, Հռոդոս, այլեւ մեկնում է Մոսկվա:  

Լուսանկարում՝ EK-32002-ը՝ Մալթայի երկնքում. 01.11.2017 (Keith Pisani / Planespotters.net)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter