Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Հայրենասեր ներդրողը պետք է իր գործը սկսի սահմաններից»,- ասում է սահմանապահ Այգեպարի վարչական ներկայացուցիչ Անդրանիկ Այդինյանը



Նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունից հետո Այգեպարն ընդգրկվել է Տավուշի մարզի խոշորացված Բերդ համայնքի կազմում: Համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խոսքով` 16 բնակավայր ընդգրկող Բերդ համայնքի 2018թ. բյուջեն և զարգացման 5-ամյա ծրագիրը քննարկման փուլում են: Այգեպարցիները պատմեցին իրենց գյուղի զարգացմանը խոչընդոտող խնդիրների մասին:

Ծխախոտի գործարանի քանդված շենքը

Այգեպարի մուտքի մոտ ծխախոտի նախկին գործարանի երկհարկանի, քանդված շենքն է: Այգեպարցի Վանիկ Պապյանն ասում է, որ այն գնդակոծության է ենթարկվել դիմացի սարում գտնվող ադրբեջանական դիրքից: «Ժամանակին 500 մարդ է աշխատել ծխախոտի գործարանում: Այժմ Այգեպարի ամենալուրջ խնդիրը աշխատատեղերի հարցն է»,- հավելում է Վանիկը:

«Մեր ժողովուրդը մի քիչ նեղվում է, որ իրենք սահմանին ապրում են, բայց սահմանից հեռու ապրողները մեր հարգը չեն իմանում: Մենք ամեն օր կրակոցների տակ ենք ապրում: Վերջին կրակոցները երկու օր առաջ` գիշերն են եղել Այգեպարում»,- ասաց Այգեպարի վարչական ներկայացուցիչ Անդրանիկ Այդինյանը:

Անդրանիկ Այդինյան

Երբեմնի 1300 բնակիչ ունեցող Այգեպարում այսօր բնակվում է 683 մարդ: Անդրանիկի խոսքով` բնակիչների մեծ մասը գյուղից հեռացել է խմելու ջրի, գազի, ճանապարհի բացակայության և սահմանային միջադեպերի պատճառով: Այգեպարի 2017թ. բյուջեն, ըստ  համայնքի 2017-2021թթ. 5-ամյա զարգացման ծրագրի, կազմել է 14,8 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը որպես դոտացիա հատկացվել է պետբյուջեից:

Բյուջեի այս սուղ միջոցներով սահմապահ գյուղը դժվար է զարգացնել: 12 տարի Այգեպարը ղեկավարած Ա. Այդինյանը պատմում է, որ այդ տարիներին բարեգործական և դոնոր կազմակերպությունների միջոցներով վերակառուցել է Այգեպարի ջրատարը, 1-ին ինքնահոս 7 կմ երկարությամբ ջրագիծն է կառուցվել, հիմնանորոգվել է Իջևան-Նավուր-ԲերդԱյգեպար միջպետական ճանապարհը: Կառուցվել է նաև Այգեպար մտնող գազատարը, գյուղն այժմ գազիֆիկացված է: Մշակույթի տունը վերանորոգվել է «Կլոր սեղան» հիմնադրամի և ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանի աջակցությամբ: Գյուղի ջրամատակարարման խնդիրը հիմնովին լուծելու համար կառուցվել է 3,5 կմ երկարությամբ ջրատար: Այգեպարը հիմնադրվել է ծխախոտի ֆերմետացիոն գործարանի բազայի վրա: 1948թ. գործարանը բազմաբնակարան 6 շենք է  կառուցել գյուղում:

Ներկայումս Այգեպարում կա 12 բազմաբնակարան շենք և 91 առանձնատուն: Գյուղում աշխատատեղ են ապահովել նաև  գինու-կոնյակի և պահածոների գործարանները: Պահածոների գործարանը 1-ինն է ենթարկվել գնդակոծության: Այն 100 մետր է հեռու սահմանից: Գինու գործարանն այս պահին չի աշխատում: Շարքից դուրս է եկել նաև ծխախոտի գործարանը: «Քանի որ Այգեպարը բանվորական ավան է եղել, գյուղատնտեսական նշանակության հողատեսքեր չունենք»,- բացատրում է Ա. Այդինյանը:

Ադրբեջանական դիրքը, որտեղից գնդակոծվում է Այգեպարը

Ներկայումս նախկին 283 աշակերտի փոխարեն գյուղի դպրոցում սովորում է 52 աշակերտ: «Ադրբեջանցիների «Բալան» դիրքերը գյուղի վերևում են գտնվում, բնակավայրն ուղիղ թշնամու նշանառության տակ է: Ա. Այդինյանի խոսքով` բնակչության անվտանգությունից ելնելով՝ նպատակահարմար չեն գտել գյուղում կենտրոնացված ապաստարան կառուցել: Բնակիչները գնդակոծությունների ժամանակ թաքնվում են իրենց տների թաքստոցներում:

Այգեպար տանող ճանապարհի եզրին խաղողի անծայրածիր այգիներ են: Ա. Այդինյանն ասում է. «Ներքին Կարմիրաղբյուրի և հարևան Մովսեսի` կրակի տակ գտնվող խաղողի այգիներն են: Դրանք չեն մշակվում»: Վարելահող չունեցող Այգեպարի բնակչության մի մասն աշխատում է գյուղի դպրոցում, մանկապարտեզում, համայնքապետարանում, «Հայփոստ»-ում, կան նաև պայմանագրային զինծառայողներ, 4 մարդ աշխատում է նախկին գինու, երկու հոգի էլ` Տավուշ գյուղի ծխախոտի գործարանում: Ոմանք կարողացել են Մովսեսի և Ներքին Կարմիրաղբյուրի տարածքից հող սեփականաշնորհել կամ իրենց բարեկամներից հող վերցնել և մշակել: «Մեզ մոտ ով ցանկություն ունի` աշխատանք է գտնում ապրելու համար: Ծույլ մարդուն որքան ուզում ես օգնի` մեկ է, նա իրեն չի չարչարելու իր ապրուստը ստեղծելու համար»,- ասում է Անդրանիկը:

Յուրիկ Հովակիմյանն արդեն 47 տարի ապրում է Այգեպարում: Երկու որդիներն իրենց ընտանիքներով Ռուսաստանի Դաշնությունում են հաստատվել. «Դե, Այգեպարում գործ չկա, թողնում, քինում են, էլի: Հիմա, եթե նոր աշխատատեղ բացեն, իմ տղաները երևի էլ Այգեպար չեն գա, որովհետև այնտեղ տուն-տեղ ունեն, գրանցված են: Հարց չեմ տվել, բայց երևի չքյան»,- ասաց Յուրիկը:

Գավրոշ Ապրեսյանի ասելով` ժողովուրդը աշխատատեղ չլինելու պատճառով է հեռանում Այգեպարից: «Պարապ-սարապ ման են գալիս: Հող էլ չունեն, որ մշակեն: Ինչո՞վ հող առնեն, փող էլ չունեն: Ես 47 հազար դրամ թոշակով եմ իմ 3 անձից կազմված ընտանիքը պահում: Կառավարությունը թող մի փոքր արտադրություն դնի, որ մարդիկ աշխատեն և սահմանապահ գյուղից չհեռանան: Եթե Այգեպարը չսիրեի, այստեղ չէի մնա»,- ասում է Գավրոշը:

Միշա Ադյան

«Կռվի դաշտում ենք, կրակոցից վախում ենք: Թող արգելեն էս կրակոցները: Էդ կրակոցները ըլին ոչ, որ տան առաջին կարենանք ման գանք: Վախում ենք, վախում: Փոքր երեխա ունենք տանը, ամեն կրակոցների ասում է՝ պապիկ, ինձ պահի, պահի»,- պատմում է Միշա Ադյանը: Միշայի ընտանիքի ոչ մի անդամ չի լքել գյուղը. «Ու՞ր դուրս գան՝ տուն ու տեղը սարքած»,- ասում է նա: Միշայի  որդին` Արմեն Ադյանը, 1998թ. Ղարաբաղի Մատաղիսի դիրքերում է զոհվել: «Արմենին 18 տարեկան եմ ուղարկել Ղարաբաղ: Մեկ տարվա ծառայող էր, զոհվեց»,- պատմում է հայրը: Միշայի ասելով` երկար տարիներ Այգեպարի դիրքերում է ծառայել. «Ես քյացել եմ իմ սահմանը պահել»:

Վանիկ Պապյանը Մովսես գյուղում է ծնվել, 30 տարի է` ընտանիքի հետ Այգեպարում է ապրում: Վանիկի ընտանիքը թիվ 1 շենքում է ապրում: Շենքը ադրբեջանական դիրքերի նշանառության տակ է: «Գնդակները երբ սուրալով գալիս են, մենք շենքի նկուղ ենք իջնում»,- պատմեց նա:

Թիվ 1 շենքը

Թիվ 1 շենքի բնակիչ Աշոտ Մելյանի 4-րդ հարկի բնակարանը գնդակոծության է ենթարկվել խոշոր տրամաչափի գնդացիրներից: Համայնքապետի ասելով` շենքի տանիքը երկու տարի առաջ է վերանորոգել: Աշոտ Մելյանը 4-րդ հարկում է ապրել: Չի կարողացել իր տունը սարքել` թշնամին անընդհատ գնդակոծել է: Աշոտը ստիպված ընտանիքի հետ հեռացել է Այգեպարից: Կողքի շենքի  5-րդ հարկի բնակիչները լուսամուտները պատով փակել են տունը գնդացրային կրակոցներից պաշտպանելու համար: Թշնամին գնդակոծության տակ է առել նաև երկու ամիս առաջ  շահագործված Այգեպարի մանկապարտեզի շենքը: Շենքի վրա նկատվում են գնդակների հետքերը: Մանկապարտեզի վերանորոգման ծախսերը հոգացել է Լոս Անջելեսի «Հայրենիք» միությունը: Մանկապարտեզ 25 երեխա է հաճախում: «Մեր երեխաներն արդեն գիտեն կրակոցների վտանգավորության աստիճանը, գիտեն` ոնց տեղաշարժվել, կրակոցից որտեղ թաքնվել»,- ասում է Անդրանիկը:

Գյուղամիջի աղբյուրի պաշտպանիչ պատը

Մանկապարտեզի շենքի շուրջ պաշտպանիչ պատեր է կառուցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Պաշտպանիչ պատնեշներ են կառուցվել նաև գյուղամիջյան աղբյուրի, մշակույթի տան առաջ և մի քանի բանուկ փողոցներում: Վերադառնալով պաշտպանական կռիվներին` Անդրանիկ Այդինյանը պատմում է, որ 1993թ. հոկտեմբերի 20-ին Այգեպարի պաշտպանական կռիվներից մեկի ժամանակ զոհվել է նաև իր 43–ամյա հայրը՝ Սարգիս Այդինյանը. «Ես այդ ժամանակ 12 տարեկան էի: Առանց հորս մայրս շատ է տանջվել իր 5 երեխաներին մեծացնելիս»: Գյուղի պաշտպանական մարտերում զոհվել է նաև իր դպրոցական 14-ամյա ընկերը՝ Արմեն Ադյանը, Խաչատրյան Լյուդվիգն ու Մարդանյան Հայկազը:

Մանկապարտեզի պաշտպանիչ պատը

Պաշտպանական մարտերում զոհված ազատամարտիկների և այգեպարցիների հիշատակին գյուղի մուտքի մոտ 2016թ. հիշատակի հուշաղբյուր է կառուցվել: Ա. Այդինյանի ասելով` 2015թ. սեպտեմբերի 1-4-ը Այգեպարի համար շատ ծանր օրեր են եղել՝ գնդակոծվել են շատ այգեպարցիների տներ: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե իրենց  Ալիբեյլի գյուղի հարևան հայկական Այգեպարի տներից ծուխ չի բարձրանում, վերացրել են Այգեպարը: «Ես էլ ինտերնետով պատասխանեցի, որ մեր Այգեպարը զարգացած գյուղ է: Ձեր հետամնաց Ալիբեյլի գյուղի նման փայտ չենք վառում: Մենք մեր բնակարանները գազով ենք տաքացնում»,- պատմում է Անդրանիկը: Այսուհանդերձ, Այգեպարում թիվ մեկ հարցն աշխատատեղերի բացակայությունն է: Վարչական ներկայացուցիչ Ա. Այդինյանն ասում է` հայրենասեր ներդրողը պետք է իր գործը սկսի սահմաններից:

Թե ինչ կտա սահմանապահ Այգեպարին Բերդ համայնքի հետ միավորվելը, ցույց կտա ժամանակը:          


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ