HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունն առաջարկում է «Պետական պարտքի մասին» օրենքի «ճկունությունը բարձրացնել»

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» օրենքում։ Ըստ գործող օրենքի՝ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  60 տոկոսը: Այժմ գործադիրն առաջարկում է փոփոխել այս հոդվածը հետևյալ կերպ․

«Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է»։

Ինչ վերաբերում է համախառն ներքին արդյունքի ցուցանիշին, ապա, ըստ գործող օրենքի, եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի  50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի համախառն ներքին արդյունքի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի  3 տոկոսը:

Կառավարությունն առաջարկում է վերոնշյալ հոդվածը փոփոխել այսպես․

«Եթե կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, ապա գործում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ և 8.4-րդ մասերով սահմանված դրույթները»։

Տեղեկացնենք, որ ըստ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 8.2-րդ մասի, եթե Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կառավարության պարտքը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցել է նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը, ապա կապիտալ ծախսերը պետք է լինեն դեֆիցիտից (պակասուրդից) ոչ պակաս: 50%-ի դեպքում ընթացիկ ծախսերի աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը։ Եթե նախորդ տարվա պարտքը կազմում է 60%, ապա ընթացիկ ծախսերի (առանց կառավարության պարտքի սպասարկման ծախսերի) աճի առավելագույն չափը նախորդ տարվա ընթացիկ ծախսերի փաստացի ծավալի համեմատությամբ և ընթացիկ ծախսերի ընդհանուր ծավալի հարաբերակցությունը հարկային եկամուտներին սահմանում է կառավարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի նախորդ տարիների երկարաժամկետ աճերը։

Ըստ նույն օրենքի 21-րդ հոդվածի  8.4-րդ մասի՝ եթե նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքը նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի նկատմամբ՝

ա) գտնվել է 50-60 տոկոսի միջակայքում, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 50 տոկոսից նվազեցնելու համար:

 բ) գերազանցել է 60 տոկոսը, ապա կառավարությունը այդ տարվան հաջորդող տարում կազմվող Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Ազգային ժողով ներկայացնելիս Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների քննարկմանը ներկայացնում է միջոցառումների ծրագիր՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ կառավարության պարտքի մակարդակի կանխատեսվող հետագիծը աստիճանական 60 տոկոսից նվազեցնելու համար:

Ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը «Հետք»-ի հետ զրույցում մանրամասնեց, որ փոփոխությունները «օրենքը կատարողի ճկունությունը բարձրացնելու» խնդիր է լուծում: «Եւ մեր հարկաբյուջետային կանոնի վերաբերյալ հայտարարություն է։ Հարկաբյուջետային քաղաքականության մեջ ռազմավարական կառավարման ենք անցնում, նպատակադրումներ ենք անում և ցույց ենք տալիս այն ճանապարհը, որով պետք է այդ նպատականերին հասնենք»,-ասաց նա։

Արշալույս Մարգարյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում ընդունված ձև է, երբ Կառավարությունն օրենքով ամրագրում է, որ պետական պարտքի սահմանված շեմն անցնելուց հետո խստացնում են հարկաբյուջետային քաղաքականությունը։

«Այժմ ավելացված է նաև ներքին շեմը, նախկինում առաջին քայլն ունեինք հիսուն տոկոս, հետո` վաթսուն, հիմա՝ 40, 50, 60։ Մենք  հրապարակում ենք, որ մեզ համար ամենահարմարավետ զոնան մինչև քառասուն տոկոսն է, 40-50-ի դեպքում խստացնում ենք մեր քաղաքականությունը, 50-ից հետո ավելի ենք խստացնում, իսկ 60-ից հետո ծրագիր ենք ներկայացնում»,- մանրամասնեց Մարգարյանը։

Նախագիծը ներառված է դեկտեմբերի 12-ին հրավիրվող արտահերթ նիստի օրակարգում։ Հիշեցնենք, որ 2016 թվականի տարեվերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 56,6%-ը։ Ըստ կանխատեսումների՝ 2017-ի տարեվերջին այն կկազմի  58,7%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter