HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրյան» վոկալ անսամբլ. Կոմիտասը երբեք հին չէ, միշտ կարելի է երգել

Ամալյա Մարգարյան, Սարո Բաղդասարյան

«Ես երբեք չեմ մտածել, որ մի օր Կոմիտաս կերգեմ, և այն կդառնա իմ մի մասնիկը»,-ասում է «Նաիրյան» վոկալ անսամբլի երգչուհի Ելենա Ազարյանը: Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալուց և Հայաստանում սովորելուց հետո Ելենան դարձել է համույթի մի մասնիկը: «Նաիրյան» վոկալ անսամբլը հիմնվել է 2015թ.՝ «Մուղդուսյան արվեստի կենտրոն»-ի մշակութային նախագծերի  շրջանակում:

Խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում սովորելիս որոշել է համույթ ստեղծել և ներկայացնել կոմիտասյան և հայկական ազգային երգ-երաժշտությունը՝ նոր մոտեցմամբ. «Որոշեցի միավորել նույն գաղափարներով, մոտեցումներով ու պատկերացումներով երիտասարդների, ովքեր, չունենալով ֆինանսական որևէ աջակցություն, այնքան կսիրեն արվեստը, որ ուղղակի կերգեն»:  Խումբը կազմված է հինգ աղջիկներից՝ Նաիրա Մուղդուսյան, Ելենա Ազարյան, Սրբուհի Մանուկյան, Աննա Մինասյան և Դիանա Այվազյան: Կվինտետի կատարումների մեծ մասը ակապելա է:

Համույթի երգացանկը բաղկացած է Կոմիտասի և ժողովրդական երգերից: «Մեր նպատակն է մեր ազգային երաժշտությունը ավելի հասանելի դարձնել: Կարծում եմ` Կոմիտասը երբեք հին չէ, Կոմիտաս կարելի է միշտ երգել»,-ասում է խմբի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը:

Նաիրա Մուղդուսյանը համույթ ստեղծելու մտահղացման մասին կուրսեցիներին է հայտնել,  մի մասը համաձայնել է: Սրբուհի Մանուկյանը սկզբում լուրջ չի վերաբերել առաջարկին՝ փորձերից հաճախ բացակայել է, բայց առաջին ելույթից  հետո հասկացել է՝ համույթն իր անբաժան մասն է դարձել:

«Ինձ համար սա լավ տարբերակ էր` ներկայանալու և երգելու, հիմա խումբն իմ մի մասնիկն է դարձել»,-ասում է մասնագիտությամբ խմբավար Աննա Մինասյանը:

Աղջիկները խմբում երգի մասնաբաժինների համար վիճաբանություններ չեն ունենում. «Մենք միասին ենք ընտրում, թե ինչ պիտի կատարենք, հետո բաժանում ենք, օրինակ` եթե Ելենան ավելի լավ կատարում է էստրադային երգեր, նրան այդ բաժինն է տրվում»,- ասում է Սրբուհին:

Նաիրան էլ հիշում է, թե ինչպես են որոշել երաժշտական տարբեր գործիքներ ներառել իրենց երաժշտության մեջ. «Միասին գրեթե մեկ տարի աշխատում էինք, մի օր պատահաբար իմացա, որ Ելենան նաև կլառնետ է նվագում, առաջարկեցի կլառնետով հանդես գալ. փորձը հաջողվեց: Դիանան էլ հիմա կիթառ է սովորում, մեր երգացանկի մեջ նաև կիթառով հատվածներ ենք ավելացրել»,- պատմում է համույթի գեղարվեստական ղեկավարը:

Համույթի անունն ընտրել է Եղիշե Չարենցի թոռնուհին: «Մտածում էինք՝ ինչ անուն դնել, մի օր Գոհար Չարենցն առաջարկեց, որ խումբն անվանենք չարենցյան բառով՝ նաիրյան, համաձայնեցի»,- հիշում է Նաիրա Մուղդուսյանը:

«Մենք բոլորս միմյանց զգում ենք, երգը վերցնում ենք ու էնպես ենք կատարում, կարծես մեկ տարի արդեն միասին երգած լինենք»,- իրար լրացնելով` ասում են «Նաիրյան»-ի աղջիկները:

Բացի Կոմիտասից և ժողովրդական երգերից` նաև ժամանակակից երգեր են ներառում իրենց երգացանկում: «Նաև ռաբիս ենք կարողանում մի քանի ձայնով ու տոնայնությամբ երգել և գնալ հարսանիքների»,- կատակում են աղջիկները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter