ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Արարատ Խանդոյանի գործով դատավճիռը



Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանն այսօր մերժեց Արարատ Խանդոյանի վերաքննիչ բողոքը և ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողեց անփոփոխ:

Դատական նիստի ընթացքում փաստաբան Արա Ղարագյոզյանը խնդրեց դատարանին հետազոտել գործում որպես ապացույց հանդիսացող տեսաձայնագրությունները:

«Առաջին ատյանի դատարանում միայն հետազոտվել է տեսաձայնագրությունը, որ Արարատ Խանդոյանը ոստիկանից վահան է խլում, բայց այդ կադրերը մենք չենք տեսնում: Մեր աչքերն այլ բան են տեսնում, իսկ մեղադրողի ու Մնացական Մարիտիրոսյանի աչքերն` այլ: Միջնորդում եմ, որ մեծ էկրանով տեսնենք այդ տեսաձայնագրությունները»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ ներկայացրած միջնորդությունը նրա համար է, որ Վերաքննիչ դատարանը տեսնի՝  Արարատ Խանդոյանը վահան չի խլում: «Տեսանյութը հնարավորություն է տալիս տեսնել, որ  Խանդոյանը բռնություն չի գործադրել:  Իսկ երկրորդ տեսանյութը հիմնավորում է, որ ոտիկանների շղթայի կողմից Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վրա քար են նետում»,-նշեց Արա Ղարագյոզյանը:

Արարատ Խանդոյանը փորձեց հայտարարությամբ հանդես գալ, սակայն ոտքի չկանգնեց: Նախագահող դատավոր Մհեր Արղամանյանն Արարատ Խանդոյանին ասաց, որ դատարանին դիմի հոտնկայս, այլապես չեն լսի իր կարծիքը. «Օրենքի պահանջն է` ոտքի կանգնած դիմել դատարանին»:

Արա Ղարագյոզյանը միջնորդեց, որպեսզի հնարավորություն ընձեռեն իր  պաշտպանյալին օգտվել խոսքի ազատության իրավունքից: Փաստաբանը կրկին նշեց, որ  երկու ամիս առաջ Արարատ Խանդոյանի գլխին գոյացություն է հայտնաբերվել: Դատարանը հայտնեց, որ ինչպես տեղեկացրել են ուղեկցող գումարտակից՝ այսօր երկու անգամ Արարատ Խանդոյանի համար շտապօգնություն է հրավիրվել, ուստի ոտքի չկանգնելու միջնորդությունը բավարարում է:

Արարատ Խանդոյանը դիմեց դատարանին՝ խնդրելով իրեն որպես ամբաստանյալ չդիմել. «Ամբաստանյալը Դուք եք, ես չեմ, ինձ դիմեք Արարատ Խանդոյան»:

Դատարանը մերժեց տեսաերիզները հետազոտելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվել են այդ տեսաերիզները և դրանք նորից հետազոտելու կարիք չկա:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնեց, որ այլ միջնորդություն չի ներկայացնի, քանի որ արդեն ակնհայտ է, թե դատարանն ինչպիսի որոշում կկայացնի: «Դատարանը մերժեց մեր ներկայացրած որոշումները, ուստի պարզ է, թե ինչպիսի դատական ակտ կկայացնի: Այս ընթացքում Արարատ Խանդոյանը ենթարկվեց ՔԿՀ-ում վատ վերաբերմունքի, ստացավ առողջական խնդիրներ, Մնացական Մարտիրոսյանն ապօրինի որոշում կայացրեց»,-հայտնեց Ա. Ղարագյոզյանը:

Արարատ Խանդոյանը միացավ փաստաբանի հայտարարությանը և ասաց. «Մեր պետական այրերը, չինովնիկները պղծում են մեր պետությունը: Ես ստեղ Ձեր ասած ամբաստանյալը չեմ, ես քաղբանտարկյալ եմ: Դուք  ցույց չեք տալիս որևէ բան, ասում եք՝ դու մեղավոր ես, 3,5 տարի տալիս ու թողնում անփոփոխ»:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ