HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրճատումների նոր ալիք Վանաձորում. 60 մարդ կազատվի աշխատանքից

Գայանե Սարգսյան

Վանաձոր համայնքի ավագանու նիստին մասնակցած ՀՀԿ, ՀՅԴ ու ՀՎԿ կուսակցությունների խմբակցությունների թվով 18 ավագանու անդամներն այսօր միաձայն կողմ քվեարկեցին համայնքային ենթակայության մի շարք հիմնարկություններում կրճատումներ կատարելու վերաբերյալ հարցերին: Քաղաքի մարզադպրոցներում առկա հաստիքները կրճատվեցին 16.5 դրույքով, ինչի արդյունքում համայնքի բյուջեից խնայված գումարի չափը 2018թ. կկազմի շուրջ 14 մլն դրամ:

Հաջորդ տարի կրճատումներ կլինեն նաև Վանաձորի մանկապարտեզներում, մշակույթի տներում, արվեստի ու երաժշտական դպրոցներում, թանգարաններում: Այս ոլորտում կկրճատվի 37.5 դրույք: Մանկապարտեզների մասով կխնայվի 21 մլն, երաժշտական դպրոցների մասով՝ 8 մլն 355 հազար, այլ մշակութային կառույցների մասով՝ 9 մլն 726 հազար դրամ:

54 դրույքի կրճատման արդյունքում ընդհանուր առմամբ աշխատանքից կազատվի 60 մարդ: Համայնքային բյուջեի խնայողության չափը կկազմի տարեկան 54 մլն դրամ:

Ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանի կարծիքով` կրճատումների մասին այս որոշումը քաղաքացիները կարող են ճիշտ չընկալել:

«Մարդիկ կարող են ասել՝ էս ավագանին ոչ մի բան չի հասկանում, ինչ եկել են` կրճատումներ են անում»,- նկատեց ավագանու անդամը:

Այս նկատառմանը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձեց. «Քաղաքապետարանն իր ֆունկցիոնալ նշանակությամբ ստեղծված չի գործատու լինելու համար: Բնական է, եթե միջոցները ներում են, կարելի է շատ աշխատատեղեր ստեղծել, բայց բնակչությանը մատուցվող ծառայությունների հաշվին, իմ կարծիքով, մարդկանց 40.000-50.000 դրամով աշխատանքով ապահովելը՝ կիսատ-պռատ, էդքան էլ պատվաբեր գործ չի, մանավանդ որ Վանաձորն ավելի գլոբալ խնդիրներ ունի էսօր... »:
Ի տարբերություն քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների, բուն քաղաքապետարանում կրճատումներ անելու մտադրություն տղական իշխանությունները չունեն:

«Լրատվամիջոցներում շատ է շրջանառվում, որ ենթակայության հիմնարկներում կրճատումներ կան, իսկ քաղաքապետարանի աշխատակազմում կրճատումներ չեն արվում»,- նշեց ավագանու անդամ Արմեն Մատինյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվա 169 աշխատակցի փոխարեն 2018-ին կունենան 166 աշխատող:

Մ. Ասլանյանը վստահեցրեց՝ քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակին կանդրադառնան արդեն հարջորդ տարի՝ հունվար-մարտ ամիսների ընթացքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter