Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Հայկազի տեղերին նայելն արդեն վախենալու էր»,- պատմում է կուրսանտի սպանության գործով վկա կապիտանը



Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք տվեց կապիտան Արտյոմ Ավետիսյանը, որը դեպքի ժամանակ ռազմական ինստիտուտի դասակի հրամանատարներից է եղել:

Ավետիսյանն այժմ ռազմական ինստիտուտում չի ծառայում, դատարան էր եկել սահմանամերձ Խաչիկ գյուղից՝ դիրքերից:

Ավետիսյանի խոսքով՝ դեպքի օրն ինքը մի քանի անգամ, վերջին անգամ՝ գիշերը,  ստուգել է կուրսանտների ննջարանները, նրանք բոլորը «քուն» հրամանից հետո իրենց մահճակալներում են եղել: Դատավարության կողմերը փորձեցին պարզաբանել՝ ինչպե՞ս է Ավետիսյանը ստուգել կուրսանտների՝ իրենց մահճականերում լինել-չլինելու հանգամանքը, ինչպե՞ս է համոզվել, որ, օրինակ, գիշերը սպանված Հայկազ Բարսեղյանը ևս իր մահճակալում է: Ավետիսյանը պատասխանեց, որ Հայկազ Բարսեղյանի վերմակն ուռած է եղել, ինքը կարծել է, թե Հայկազը գլուխը վերմակի տակ՝ քնած է:

Միայն առավոտյան են Հայկազ Բարսեղյանի` 408 սենյակի կուրսանտները հայտնաբերել, որ Բարսեղյանի մահճակալն ամբողջությամբ արյունոտված է, իսկ ինքը չկա, եւ կանչել են Ավետիսյանին:

Ըստ կապիտանիի՝ ինքն անմիջապես եկել է 408 սենյակ, տեսել է նրա սավանը՝ արյան մեջ կորած, ապա զեկուցել է վերադասին, առավել ճարպիկ կուրսանտներին ուղարկել է Հայկազին որոնելու, և քիչ անց իրեն տեղեկացրել են, որ Հայկազին գտել են:

Հետո պարզվել է, որ կուրսանտը ինստիտուտի սպորտհրապարակում կախված վիճակում է հայտնաբերվել:

Արտյոմ Ավետիսյանի խոսքով՝ դեպքից հետո որոշ կուրսատներ խոսակցություններ են տարածել, թե դեպքի նախորդ օրը Հայկազ Բարսեղյանն իրեն տարօրինակ է պահել, ասել է, թե մի բան է լինելու, որից կախված է՝ ինքը կմնա ինստիտուտում, թե չէ, ապա ասել է, թե կարող է իր նոր վերնաշապիկները նվիրել այլ կուրսանտների:

Հետագայում, սակայն, ըստ Ավետիսյանի, ինքը գործի քննությունից իմացել է, որ նման բան չի եղել:

Նշենք, որ վերը նշված հարցի առնչությամբ ցուցմունք է տվել Հայկազ Բարսեղյանի հետ նույն ննջարանում քնող մեկ այլ վկա՝ Նորիկ Օհանջանյանն ու հայտնել, թե իրենց «ասել են», որ նման խոսակցություններ տարածեն, իսկ իրականում նման բան չի եղել:

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից մեկում կապիտանն անդրադարձել է նաև դեպքից հետո կուրսանտների դրսևորած վարքագծին: Ըստ Ավետիսյանի՝ սպանության մեջ մեղադրվող կուրսանտ Վաչե Սահակյանը սփրթնած է եղել:

Այնինչ դատարանում Ավետիսյանը հայտնեց , որ դեպքից հետո բոլոր կուրսանտներն էլ տարօրինակ վարքագիծ էին  դրսևորում, և դա կապեց կատարվածից անակնկալի գալու, վախեցած լինելու հետ:

«Հայկազի տեղերին նայելն արդեն իսկ վախենալու էր»,- ասաց կապիտան Ավետիսյանը:

Վերջինիս ցուցմունքի համաձայն՝ դեպքից հետո սենյակում են հավաքվել մեծ թվով կուրսանտներ, որոնցից մեկն ինչ- որ ածելի է վերցրել ձեռքն  ու կասկած հայտնել, թե Հայկազը, հավանաբար, իրեն այս ածելիով է «փրթել»:

Դատարանում Ավետիսյանը նախ ասաց, թե ածելին վերցնողը ամբաստանյալ Մովսես Ազարյանն է եղել, և ինքն ասել է, որ արագ վայր դնի ձեռքից, քանի որ դրա վրա կարող են մատնահետքեր մնալ: Այս առնչությամբ ամբաստանյալ Վաչե Սահակյանը հայտարարություն արեց և ասաց, որ ինքն է եղել ածելին վերցնողը: Երբ հրապարակվեցին կապիտանի նախաքննական ցուցմունքները, դրանցում ևս Վաչեի անունն էր. կապիտանը հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքներն են ճիշտ. գուցե ինչ- որ բան մոռացել է:

Վերը նկարագրված դեպքը եղել է մինչև Հայկազին պտտաձողից կախված հայտնաբերելը, ուստի Ավետիսյանին դատավարության կողմերը հարցրին՝ կապիտանի մոտ այդ պահին հարց չի՞ առաջացել, թե ինչից էր ածելին վերցրած կուրսանտը որոշել, որ Հայկազ Բարսեղյանն ինքն իրեն վնասել է: Ավետիսյանը, սակայն, նշեց, որ եթե իր մոտ նման հարց առաջանար, կտար:

Նշենք, որ դեպքից անմիջապես հետո ինստիտուտում կարծիք է ստեղծվել, թե Հայկազ Բարսեղյանն ինքնասպան է եղել, սակայն ընդամենը ժամեր անց նախաքննություն իրականացնող մարմինը  հայտարարություն տարածեց, որ դեպքի առթիվ գործ է հարուցվել սպանության հոդվածով:

Կապիտան Ավետիսյանը նշեց, որ ինքը Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է դեպքի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում:

Ըստ Ավետիսյանի՝ ինքը միջանցքում տեսել է Հայկազին, հարցրել, թե ինչու քնած չէ, վերջինս պատասխանել է, թե զուգարան է գնացած եղել: Անգամ կատակել են. կապիտանը հարցրել է, թե ինչո՞ւ է գնացել զուգարան, ու Հայկազն էլ ծիծաղել ու պատասխանել է՝ ինչի՞ համար են գնում: Այսինքն, ըստ Ավետիսյանի՝ Հայկազ Բարսեղյանը նորմալ տրամադրություն է ունեցել:

Նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից մեկում էլ Ավետիսյանը գրել էր Վաչե Սահակյանի և Հայկազ Բարսեղյանի լարված հարաբերությունների մասին: Ըստ կապիտանի՝ ինքը նկատել է, որ երբ Վաչե Սահակյանն էր շարվելու հրաման տալիս, Հայկազ Բարսեղյանն ամենաուշն էր շարքում կանգնում, իսկ երբ մեկ այլ սպա էր հրաման տվողը, Հայկազն ամենապարտաճանաչն էր:

Հայկազ Բարսեղյանի և այլ կուրսանտների հետ որոշ վիճաբանությունների մասին էլ վկան իմացել է դեպքից հետո:

Վկան նշեց նաև, որ դեպքի օրը տեսել է նաև ամբաստանյալ Նորիկ Սահակյանին. վերջինս «քուն» հրամանից հետո իրենց թույլտվությամբ դաս սովորելիս է եղել միջանցքում, ապա նրան տեսել է նաև այն ժամանակ, երբ արդեն շորերն էր հանում, որպեսզի պառկեր քնելու:

Վկայի հարցաքննություն ավարտվեց:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է  2015-ի հունվարի 29-ին: Այդ օրն առավոտյան Հայկազ Բարսեղյանը հայտնաբերվել է ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված: Սպանության համար  քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Վերջինս ինստիտուտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի` ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ Զարմիկ Մարկոսյաի որդին է: Սպանության  դեպքից հետո Զարմիկ Մարկոսյանն աշխատանքից ազատվել է: Նրա նկատմամբ ևս քրեական գործ է հարուցվել՝ ինստիտուտում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար:Սպանության գործի նյութերի հիման վրա հարուցվել է մի քանի քրեական գործ ինչպես այլ կուրսանտների, այնպես էլ սպայական կազմի նկատմամբ:

Ըստ մեղադրանքի`ամբաստանյալներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը Հայկազին սպանել են, ապա ինքնսպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել  ինստիտուտի սպորտհրապարակից:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Հայկ09:26 - 12 դեկտեմբերի, 2017
Նման զարհուրելի և ստոր ոճրագործությունը անընդհատ ստիպում է մտածել, թե ինչով են տարբերվում տվյալ ստահակները Ռամիլ Սաֆարովներից։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ